15/10/2025

Բաքվում պնդում են, որ «Սպուտնիկ Ադրբեջան»-ում ԱԴԾ գործակալների են ձերբակալել

Ռուսաստանի ԱԴԾ-ի երկու գործակալներ, որոնք գաղտնի աշխատում էին «Սպուտնիկ Ադրբեջան»-ում, ձերբակալվել են։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ-ն, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել գրասենյակը։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Մինվալ»-ը, չնայած «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործունեության դադարեցմանը, գործակալությունը փաստացի շարունակել է գործել, և նրա աշխատակիցները շարունակել են գնալ գրասենյակ։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններից և ԱԴԾ-ի հատուկ գործողության հետևանքով երկու ադրբեջանցու սպանության ֆոնին: Բաքուն քաղաքական ու տեղեկատվական դեմարշ է հայտարարել Մոսկվային:

Ավելի վաղ գրել ենք, որ այսօր խուզարկություններ են սկսվել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով Բաքվում Sputnik-ի գրասենյակի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ ավելի քան երկու ժամ է, ինչ Բաքվում ռուս դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։

Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին, նրա խոսքով, չեն թողնում հանդիպել ռուս լրագրողներին ու նման գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն տալիս: