«Քաղաքական դրդապատճառներով դատավճիռները, այդ թվում և կալանքի հետ կապված, նորություն չեն Հայաստանում:
«Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին երկու ամսով ազատությունից զրկելուն, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Երկար տարիների պրակտիկա ունի այդ գործունեությունը` անկախ նրանից, թե ներկա իշխանությունները նույն սուտն են խոսում ինչ-որ ժողովրդավարական բաստիոնի մասին, ակնհայտ է, որ իշխանության բոլոր լծակները կենտրոնացված են Փաշինյանի ձեռքերում, այդ թվում` դատական իշխանությունը:
Սպասել, որ այլ մոտեցում կդրսևորվեր Սրբազան հոր նկատմամբ, ես որևէ ակնկալիք չունեի, առավել ևս դրան նախորդել էր գրոհը՝ բառիս բուն իմաստով ուժային տեռորը կաթողիկոսարանի նկատմամբ, որն անընդունելի երևույթ էր: Ուստի ակնհայտ էր, որ կալանավորում լինելու էր: Այն, որ անսպասելի էր, չի նշանակում, որ օրինական էր․ անօրինական քայլ է կատարվել և Սրբազանի խոսքերում որևէ դատապարտելի բան չես գտնի:
Հանրության մեծամասնության, նույնիսկ չեզոք մարդկանց մոտ դատապարտելի բան չես նկատի՝ միայն Նիկոլ Փաշինյանի աջակիցների մոտ կարելի է դրանք դատապարտող տրամադրություններ նկատել: Առավելևս սրանից մեկ տարի առաջ այդ նույն արտահայտության մասով դատախազությունը բացասական կարծիք էր տվել` Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձայն: Սա հակասահմանադրական դաշտում գործունեություն է, անօրինական է»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա շեշտում է, որ համոզված է՝ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը շատ հեշտ է տանելու այդ չակերտավոր անազատությունը, որովհետև նա ազատ է ոգով, ազատ է իր սկզբունքների մեջ, ազատ է կամքով:
«Իհարկե, չիմանալով, չպատկերացնելով, թե իշխանությունը որքան է պատրաստ անազատության մեջ պահել Սրբազան հորը, ես համոզված եմ, որ ինքն Աստծո օգնությամբ և իր կամքին և սկզբունքներին հավատարիմ շատ հեշտ է տանելու այդ չակերտավոր անազատությունը և առավել նվիրված ծառայության է անցնելու իր ժողովրդի համար՝ ձերբակալությունից հետո»,- շեշտեց քաղաքական գործիչը:
Ակնհայտ է այն ինչ տեղի ունեցավ միայն նախորդ դարի 1920-1930-ականներին է եղել, երբ բոլշևիկյան տեռորը եկեղեցու ուղղությամբ էր նաև, միայն այդ ժամանակ է նմանատիպ վարքագիծ դրսևորվել, հետագայում՝ երկրորդ աշխարհամարտից հետո նման վարքագիծ չի եղել:
«Դա է խնդիրը, որ մենք սովոր չէինք և չէինք էլ պատկերացնում, որ սուրբ Էջմիածնի ուղղությամբ նման քայլեր կիրականացվեն, ոչ միայն օրենքից դուրս, այլ նաև հակաբարոյական, որովհետև Էջմիածինն այն հոգևոր կենտրոնն է, որը հայ ազգի պատկերացմամբ՝ մի անմատչելի սուրբ ամրոց է մեզ համար, այդ թվում հոգևոր, որ որևէ ուժային գործողություն, առավելևս հայ ուժայինների կողմից պատկերացնելի չէր, ինչը տեղի ունեցավ»,-ասաց Մարտիրոսյանը:
Եթե իշխանությունը պատրաստ է կռիվ տալ Սուրբ Էջմիածնի դեմ, բռնի գործողությունների գնալ Մայր Աթոռի ուղղությամբ, բնականաբար կարող է կալանավորել, ձերբակալել եպիսկոպոսներին, սրբազան հայրերին:
«Սրբազան հայրերին ձերբակալելու հիմքերը դրվեցին, կարծում եմ, դեռևս այն ժամանակ, երբ ոստիկանները Սարդարապատում Վեհափառին թույլ չէին տալիս մուտք գործել այնտեղ, երևի այդ օրվանից պարզ էր, որ այս իշխանությունները կանգ չեն առնելու նմանատիպ քայլերի առջև: Ցավս այն է, որ ուժային կառույցները, ցավոք սրտի, մեր նորանկախ ժամանակահատվածում միշտ եղան իշխանությունների հլու կամակատար և ոչ թե օրենքի պահապան, ոչ թե ազգային, պետական շահերի ծառայող: Եվ հերթական անգամ նմանատիպ՝ հակաօրինական, հակաբարոյական քայլերի գնացին: Պարզ է, որ զոհվածների ծնողներին քարշ տված ոստիկանը կարող է նմանատիպ բան կատարել Սուրբ Էջմիածնում:
Ընտրակեղծիքները տեսնող ու դրանց չարձագանքով Ազգային Անվտանգության ծառայողը կարող է նաև մուտք գործել Սուրբ Էջմիածին՝ դա սպասելի էր և այսպես շարունակվելու դեպքում, իհարկե, մենք անընդհատ կարող ենք բացասական երևույթներ, գործողություններ տեսնել, ինչպես ուժայինների, այնպես էլ իշխանությունների կողմից այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք կարող են խաթարել մեր պատկերացումները մեր երկրի, մեր պետության մասին»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին