Մոտ մեկ ամիս է՝ Բարձրագույն դատական խորհրդում է գտնվում Երեւանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ միջնորդությունը։ Այն պետք է քննարկվեր հունիսի 9-ին նախատեսված նիստում, որը հետաձգվել է Մասիս Մելքոնյանի դիմումի համաձայն:
Ըստ ԲԴԽ-ի՝ Մելքոնյանը դիմումում հայտնել է, որ հունիսի 6-ից առողջական վիճակը վատացել է, գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, եւ խնդրել է հունիսի 9-ի նիստը հետաձգել, քանի որ ցանկանում է ներկա գտնվել նիստին ու պաշտպանել իր իրավունքները: ԲԴԽ հաջորդ նիստը նշանակվել էր հունիսի 19-ին, որը եւս չի կայացել: Հերթական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 7-ին։
Դատական դեպարտամենտից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ է հետաձգվել հունիսի 19-ի նիստը։ Մեզ պատասխանեցին, որ այդ օրը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը եւ ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը եղել են Ազգային ժողովում՝ Վճռաբեկ դատարանի անդամի ընտրությամբ պայմանավորված, ինչի պատճառով նախատեսված նիստը տեղի չի ունեցել։ Ի դեպ, ԱԺ-ում նշված քննարկումն էլ տեղի չէր ունեցել, քանի որ, ըստ լուրերի, իշխանությունը վախեցել էր ընդդիմադիրների «հարձակումներից»՝ Արթուր Աթաբեկյանի ելույթի ժամանակ: Իշխանությունը կարծել էր, թե ընդդիմությունն առիթը բաց չի թողնի՝ հրապարակայնորեն քննադատելու Սամվել Կարապետյանի հանիրավի կալանավորումը, որը հանրության շրջանում մեծ արձագանք եւ իշխանության նկատմամբ բացասական տրամադրվածություն էր առաջացրել, ուստի կամայականորեն քննարկումը հետաձգեցին։
Իր գլխին կախված կարգապահական վարույթը դատավոր Մասիս Մելքոնյանն այս ընթացքում, ըստ էության, կարողացել է «ջրել»: Առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրի նախագահ Ժորա Չիչոյանը ձեռքով նրան է մակագրել Բագրատ եւ Միքայել սրբազանների խափանման միջոցների միջնորդությունները, եւ Մելքոնյանը սրբորեն կատարել է իշխանությունների կամքը` կալանք սահմանելով սրբազանների նկատմամբ եւ ապահովագրելով իրեն կարգապահական պատասխանատվությունից։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ իշխանություն-Մելքոնյան փոխշահավետ գործարք է կայացել՝ իշխանությունը նրանից պահանջել է բանտ ուղարկել սրբազաններին՝ խոստանալով դրա դիմաց նրա կարգապահական վարույթը «ջրել»։ Եվ առաջիկայում մենք ականատես կլինենք, թե ինչպես է ԲԴԽ-ն կարճում Մելքոնյանի վերաբերյալ վարույթը։
«Հրապարակ»-ը կապ հաստատեց դատավորի հետ՝ տարածված խոսակցությունների, կալանքի որոշումների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն նա, լսելով, որ իրեն զանգահարողը լրագրող է, ասաց․ «Ներողություն, մի զանգեք, էլի, ինձ, հա՞»,- եւ անջատեց հեռախոսը։
Հիշեցնենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել։ Նա դատավոր է դարձել իրավունքի ուժով, այսինքն՝ ՀՀ նախագահը չի ստորագրել նրան դատավոր նշանակելու հրամանագիրը։ Մելքոնյանը հայտնի է քաղաքական հնչերանգ ունեցող մի շարք գործերով տված կալանքի որոշումներով։ Մասնավորապես, Մելքոնյանի որոշմամբ, տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Փաշինյանի վերջին հայտարարություններն անգամ իր կուրատորների համար զարմանալի եւ անսպասելի են․ Զոլյան