Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարումը թափ է հավաքում: Բաքուն հրապարակել է տեսանյութեր, թե ինչպես է Ադրբեջանի ՆԳՆ-ն ձերբակալել ՌԴ քաղաքացիների, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, մասնակցում են կազմակերպված հանցավոր խմբի գործունեությանը և Իրանից թմրանյութեր են տեղափոխում Ռուսաստան:
Գործնականում սակայն, ձերբակալվածները Ռուսաստանի Սպուտնիկ և Ռուսաստանն այսօր գործակալությունների աշխատակազմից են, ըստ տեղեկությունների:
Ամենից էականն այն է, որ Ադրբեջանը տարածել է տեսանյութ, որտեղ ձերբակալվածների հանդեպ վարվում են ակնհայտորեն նվաստացուցիչ ձևով, ինչպես Ռուսաստանում իրավապահները վարվում են ոչ լեգալ աշխատանքային միգրանտների հետ, այդ թվում նաև ադրբեջանցիների:
Բաքվի այդ ցուցադրական տեսանյութը վկայում է, որ ռուս-ադրբեջանական լարումը շարունակում է ծավալվել, ընդ որում բավականին կոշտ տոնայնությամբ:
Սա իհարկե վերստին խոսում է այն մասին, որ իրավիճակի լարումը, կամ լարման հերթական փուլը ունի շատ ավելի խորքային պատճառ, քան պարզապես Եկատերինբուրգում գործողությունն ու Բաքվի պատասխանը դրան:
Համենայն դեպս այն, որ Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին, այսինքն՝ ատամ ընդ ատաման սկզբունքով, վկայում է, որ Բաքուն տրամադրված չէ զիջել:
Մյուս կողմից, Ադբեջանը իհարկե իրեն շատ ավելի վաղուց է թույլ տվել ՌԴ հանդեպ այդպիսի վերաբերմունք:
Ադրբեջանը անպատիժ խոցել է ռուսական ուղղաթիռը, հետո գնդակահարել է ռուս խաղաղապահներին, Արցախում նրանց տեղակայման ընթացքում ակնհայտորեն քամահրական վերաբերմունքի է արժանացրել նրանց:
Այլ կերպ ասած, որքան էլ հնչի տարօրինակ, Ադրբեջանը ՌԴ հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք է դրսևորում վաղուց: Ի դեպ, երբ ռուսական երկնքում վնասվեց, իսկ հետո Ղազախստանում ընկավ ադրբեջանական օդանավը, շատերը դա համարեցին Ռուսաստանի ուշացած՝ բայց դաժան պատասխան:
Դժվար է ասել, այդպես է, թե ոչ, բայց համենայն դեպս այդ փուլից սկսած ռուս-ադրբեջանական հարաբերությունը գտնվում է լարման շրջանում, իսկ դա Հայաստանի դիտանկյունից առաջին հերթին ուշադրության է արժանի նրանով, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Կովկասի ռեգիոնում կայունության վրա:
Կամ, գուցե ավելի ճիշտ կլինի հարցը ձևակերպել հետևյալ կերպ. Կովկասի կայունության հարցը ինչ կապակցվածության մեջ է ռուս-ադրբեջանական լարման այս բռնկման հետ:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում
Մոսկվան Եկատերինբուրգի գործը «կջրի՞», թե՞ ստեղծվել է, որ Պուտինն Իլհամ Ալիևի հետ «գործարքի առարկա» ունենա