02/07/2025

Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը

Հուլիսի 1-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մի քանի օր առաջ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում էթնիկ հանցավոր խմբի անդամների ձերբակալության ժամանակ արձանագրված մահվան փաստերի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Հունիսի 30-ի ուշ երեկոյան Զիադին և Հուսեյն Սաֆարով եղբայրների մարմինները Եկատերինբուրգից տեղափոխվել են Բաքու:

Գիշերը Սաֆարով եղբայրների մարմինները ենթարկվել են կրկնակի դատաբժշկական փորձաքննության, որի արդյունքում հերքվել է ռուսական կողմի պաշտոնական եզրակացությունը, որ Սաֆարով եղբայրները «մահացել են հուզմունքի հետևանքով վրա հասած սրտի կանգից»:

Ադրբեջանական փորձագետներն, ինչպես դատախազության հաղորդագրությունն է պնդում, բացահայտել են, որ Սաֆարով եղբայրները մահացել են «հետտրավմատիկ շոկի պատճառով»: Ընդ որում, նրանցից մեկի մահը վրա է հասել ոստիկանության բաժանմունքում, մյուսինը՝ ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատի ծառայողական ավտոմեքենայում:

Քրեական գործը հարուցվել է այն հիմքով, որ Զիադին և Հուսեյն Սաֆարովները «հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի և սահմանադրության համաձայն գտնվում էին ադրբեջանական պետության պաշտպանության ներքո»: Ըստ երևույթին, այդ հանգամանքով պայմանավորված էլ «սպանվածների» մարմինները փոխանցվել են Ադրբեջանին:

Ադրբեջանի դատախազության պաշտոնական հաղորդագրությունից չի հետևում, թե կոնկրետ ու՞մ դեմ եւ օրենսգրքի ո՞ր հոդվածներով է հարուցվել քրեական գործը, բայց պարզ է, որ ադրբեջանական կողմը մեղադրանք է առաջադրելու ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզային բաժանմունքի, ոստիկանության և ԱԴԾ տեղական կառույցի աշխատակիցներին:

Խնդիրն այն է, թե հարուցված գործով քրեա-դատավարական ի՞նչ գործողություններ կարող է իրականացնել Ադրբեջանի դատախազությունը: Նման դեպքերում պետություններն առաջնորդվում են միջազգային իրավունքի և միջպետական պայմանագրերի սկզբունքներով:

Հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը երկրորդ անգամ հրավիրվել է ՌԴ ԱԳՆ: Կոնկրետ ի՞նչ բողոք և ի՞նչ ձևակերպումներով է նրան ներկայացվել՝ առայժմ հայտնի չէ:

Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործը վկայում է, որ երկու երկրների հարաբերություններում «փակ խողովակներով խնդիրներ կարգավորելու» պրակտիկան այս դեպքում չի գործել:

Իլհամ Ալիևն, իրոք, ակնհայտորեն գնում է Ռուսաստանի հետ «սկզբունքային երկխոսության հասունացման» ճանապարհով: Հարուցված քրեական գործով նախաքննություն և քննություն իրականացնելու համար ադրբեջանցի քննիչները պետք է Եկատերինբուրգում հարցաքննություն իրականացնելու թույլտվություն ստանան: Դա, գուցե, ռուսական կողմի համար այնքան էլ բարդ և ցավոտ չլինի:

Բայց մեղադրանք առաջադրելու դեպքում ո՞վ է արդարադատություն իրականացնելու: Ռուսաստանն իր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին կարտահանձնի՞ Բաքվին: Վլադիմիր Պուտինը կհանդուրժի՞, որ Իլհամ Ալիևը «արդարադատության տրիումֆ» կազմակերպի: Սա չափազանց բարդ և բազմաշերտ սցենար է, որի աշխարհաքաղաքական ենթատեքստն ակնհայտորեն դիտարկվում է: