Հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը կրկին հրավիրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն, որտեղ մնացել է ավելի քան մեկ ժամ:
Կարճ ժամանակ անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հաղորդագրություն է տեղադրվել, ըստ որի՝ նրան «Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով վերբալ նոտա է փոխանցվել»:
Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ «Սպուտնիկ Ադրբեջանի» երկու աշխատակից Խաթայիի շրջանային դատարանի վճռով ենթարկվել է չորսամսյա նախնական կալանքի: Թվում է՝ Ադրբեջանի իշխանությունները «հաստատակամություն և վճռականություն են դրսեւորել»:
Մանավանդ որ գլխավոր դատախազությունն էլ իր հերթին Եկատերինբուրգում «բռնություն գործադրելու» հիմքով Ռուսաստանի իրավապահների դեմ քրեական գործ է հարուցել:
Այս տպավորությունը, սակայն, ցրվում է, երբ ծանոթանում ենք «Սպուտնիկ Ադրբեջանի» աշխատակիցների դեմ քրեական գործի մասին Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրությանը:
Ըստ այդմ, յոթ անձ, որոնցից երկուսը կալանավորված է, կասկածվում են խարդախության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փողերի լվացման և ոչ օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման մեջ:
Նախօրեին Բաքվի լրատվամիջոցները, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել են, որ Բաքվում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության երկու գործակալ:
Ավելի վաղ դիտարկել էինք, որ եթե Ադրբեջանում ՌԴ ԱԴԾ գործակալներ են բացահայտվում, ապա պետք է ենթադրել, որ Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ հանցախումբը որեւէ երկրի հատուկ ծառայությունների գործակալական ցանցի մաս է կազմում: Պետությունները, որպես կանոն, մի կողմի լրտեսների բացահայտմանը պատասխանում են «հայելային»:
Եվ ահա, երևում է, Իլհամ Ալիևը հետքայլ է կատարել՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» երկու ռուսաստանցի աշխատակիցներին ներկայացնելով խարդախության, ապօրինի ձեռնարկատիրությամբ, փողերի լվացմամբ և ոչ օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման մեղադրանք:
Այսպիսով, «Սպուտնիկ Ադրբեջանից» լրտեսության մեղադրանքը հանվել է: Իսկ դա Մոսկվայի համար սկզբունքային նշանակություն ունի, քանի որ այդ լրատվամիջոցը գործում է հետխորհրդային տարածքի այլ երկրներում ևս: Բաքվում ԱԴԾ գործակալների բացահայտման պնդումը կարող է անհանգստացնել բոլոր երկրներին, որտեղ «Սպուտնիկը» թղթակցային գրասենյակ ունի:
Ռուս-ադրբեջանական սրացման խորքում, ամենայն հավանականությամբ, շատ ավելի խորքային մոտիվացիա կա, քան թվում է: Ադրբեջանցի որոշ ընդդիմադիր գործիչներ և վտարանդի մեկնաբաններ պնդում են, որ Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու և ինքնիշխանությունը պահպանելու համար Իլհամ Ալիևը պետք է արագացնի Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի ստորագրումը»:
Ըստ երևույթին, նման հեռանկար Ալիևին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուց առաջ Ալիևի հետ Մարաշում հանդիպմանը:
Այդ առումով չափազանց ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունենալուց երկու օր հետո, Էրդողան-Ալիև հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեք տարվա ընդմիջումից հետո հեռավար բանակցություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Նույն օրն ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության փոխտնօրեն Մասյուկն ասել է, որ «ինքնակոչ արևմտյան միջնորդները Բաքվին և Երևանին ստիպում են վաղահաս պայմանագիր ստորագրել և դա գործին չի օգնի»:
Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրության տեքստում Հարավային Կովկասին, հայ-ադրբեջանական կարգավորման մասին որևէ հիշատակում չկա, բայց ընդգծված է, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը: Կարելի է ենթադրել, որ շոշափվել է նաև Հարավային Կովկասի իրավիճակը:
Մակրոնը կկարողանա՞ Պուտինին համոզել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են շփումները շարունակել: Բայց հարց է, թե արդյոք Էրդողանին կհաջողվի՞ Ալիևին համոզել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի սպառնում նրա «դինաստիական իշխանությանը»:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ չի հաջողվում այս շփումների պայմաններում հաղթահարել Հունգարյայի արգելքը ԵՄ-ում
Եվրամիության պատկերացումները Հայաստանի վերաբերյալ՝ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են
Իրական լարվածությու՞ն է, թե՝ «մեծ խաղի նախերգա՞նք», ինչ պետք է անի Հայաստանը