03/07/2025

Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում

Հուլիսի 1-ին երեք տարվա ընդմիջումից հետո տեղի է ունեցել ՌԴ և Ֆրանսիայի նախագահների շփում:

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաեւ ուկրաինական հակամարտությունը: Նրանց վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել 2022 թվականի սեպտեմբերին:

Եռամյա ընդմիջումից հետո հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունները գործնականում քիչ բան են ասում դրա դետալային մանրամասների և շեշտադրումների վերաբերյալ:

Ավելի խոսուն է թերևս ինքնին փաստը՝ որ եռամյա ընդմիջումից հետո տեղի է ունենում հեռախոսազրույց, ինչպես նաև այն, որ զրույցը տեւել է երկու ժամ: Այս հանգամանքները վկայում են, որ քննարկվել են էական հանգամանքներ ու հարցեր: Ընդ որում` նշվում է, որ պայմանավորվել են շարունակել շփումները:

Բնականաբար հետաքրքրության առարկա է, թե կարո՞ղ էր արդյոք քննարկված լինել Կովկասը, թեկուզ Իրանի ու Մերձավոր Արևելքի հարցի համատեքստում, հաշվի առնելով այն, որ թե Ռուսաստանը, թե Ֆրանսիան Կովկասի հանդեպ ցուցաբերում են մեծ հետաքրքրություն:

Միևնույն ժամանակ, ավելորդ չէ հիշել, որ Ֆրանսիայի նախագահը երկու օր առաջ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետի, և Իրանի նախագահի հետ: Իհարկե, դրանից մի քանի օր առաջ էլ ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահը հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ:

Իհարկե, այս ժամանակագրությունը թույլ է տալիս դիտարկել տարբեր հնարավոր սցենարներ, Պուտին-Մակրոն խոսակցության տարբեր մոտիվներ, բայց այդուհանդերձ թերևս ժամանակի ընթացքում ի հայտ կգան եռամյա դադարից հետո տեղի ունեցած շփման վերաբերյալ շատ, թե քիչ առավել դետալային պատկերացում կազմելու հնարավորություններ, ըստ այդմ առավել առարկայորեն շոշափելու, թե հեռախոսազրույցը ինչ կարող էր պարունակել Կովկասի վերաբերյալ՝ ուղղակի, թե անուղղակի տրամաբանությամբ:

«Ղեկավարները հայտնել են, որ անհրաժեշտ է, որպեսզի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում առկա այլ հակասությունների լուծումը իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ հնարավոր դիրքորոշումների համակարգման նպատակով», հայտնում է Կրեմլի հաղորդագրությունը, որն ի տարբերություն Ելիսեյան պալատի՝ առավել ընդգրկուն է:

Մերձավոր Արևելքի և Իրանի խնդիրը առավել մոտ է հենց կովկասյան ռեգիոնին, և այստեղ նվազագույնը հարց է առաջանում, թե արդյո՞ք «դիրքորոշումների համակարգման» հանգամանքը, որի մասին խոսվում է, կարող է վերաբերել նաև Կովկասին: