16/10/2025

Կալանավորել են ու քաշվել մի կողմ՝ ոչ մի քննություն տեղի չի ունենում

Հունիսը ծանր ամիս էր հայաստանյան իրավապահների համար։ Իշխանության հրահանգով մեկը մյուսի հետեւից տեղի ունեցան ձերբակալություններ, կալանավորումներ, քրեական վարույթներ, որտեղ հիմքերը բացակայում են, եւ իրավապահներից ֆանտազիա ու հմտություններ են պահանջվում՝ այդ հրահանգները կատարելու համար:

Հրապարակ թերթը գրել է․ Մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հետո՝ գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, այնուհետեւ ԱԱԾ-ականներն ու ոստիկանությունն իսկական «մասկի շոու» բեմադրելով՝ ձերբակալեցին Բագրատ սրբազանին եւ նրա 14 աջակիցների, օրեր անց էլ Մայր Աթոռի տարածքում բախումներից եւ իրավապահների կողմից Եկեղեցու վրա գրոհից հետո ձերբակալվեց, ապա կալանավորվեց կամովին Քննչական կոմիտե ներկայացած Շիրակի թեմի առաջնորդը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Մենք փորձեցինք պարզել, թե այս բոլոր գործերի հարուցումից հետո ինչ քննչական գործողություններ են կատարվել:

Թվարկված բոլոր քրեական գործերը «ջուր» են, անգամ՝ ձայնագրություններ պարունակող Բագրատ սրբազանի գործը․ դա են փաստում փաստաբանները, իրավաբանական համայնքն ու քաղհասարակությունը։ Ամենից աբսուրդը, թերեւս, Սամվել Կարապետյանի ձերբակալումն ու կալանավորումն է՝ 2 ամսով, որը դասական քաղաքական հետապնդում է` իշխանությանը թեթեւակի քննադատելու համար։ Հունիսի 18-ին, հիշեցնենք, Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի համար: Կարապետյանն ապօրինի մեղադրանքը չի ընդունում, փաստաբանների կարծիքով` նրա խոսքում իշխանություն զավթելու հրապարակային կոչ չկա, գործողություն չկա, վարույթը հարուցվել է մի կարճ արտահայտության համար, որով նա իր աջակցությունն էր հայտնում Եկեղեցուն: Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանից հետաքրքրվեցինք՝ կալանավորումից հետո Կարապետյանը քննչական գործողությունների մասնակցե՞լ է, այս գործով վկայի կարգավիճակ ունեցող անձ կա՞։ «Ոչ մի գործողություն չի եղել, ոչինչ չի եղել։ Ինչ վերաբերում է վկայի կարգավիճակ ունեցող անձին, ապա ինձ հայտնի չէ նման անձ: Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեմ էլ պատկերացնում` ով կարող է վկա լինել, այսինքն՝ վկան այն է, որ անձը կարող է քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել, իսկ այս գործով գործ ունենք մի տեսանյութի հետ, ի՞նչ վկայի պետք է հարցաքննեն։ Այդ տեսանյութը յուրաքանչյուր հայ մարդ կարող է դիտել, հասկանալ, որ այդտեղ «կոչ» հասկացություն ընդհանրապես չկա, ուղղակի աբսուրդ է։ Մենք դատարանի կայացրած որոշումը համարում ենք ակնհայտ ապօրինի ակտ, ինչպես մեղադրանքն ենք համարում ակնհայտ ապօրինի դատական ակտ»,- ասաց փաստաբանը։

Բագրատ սրբազանին եւս դատավոր Մասիս Մելքոնյանը հունիսի 26-ին կալանավորեց 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Սրբազանը նույնպես մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի եղել, տեղյակ չէ նաեւ՝ որ վկաներ կան, թե՝ ոչ։ Ինչպե՞ս է իրեն զգում Բագրատ սրբազանը, փաստաբանն ասաց․ «Շատ լավ է, նորմալ է առողջական վիճակը, հոգեպես շատ ամուր է, ամեն բան նորմալ է»։
Անդրադառնալով Միքայել եւ Բագրատ սրբազաններին նույն խցում պահելուն՝ փաստաբանն ասաց․ «Հաշվի առնելով իրենց անձը, սադրանքի տարր եմ այդտեղ տեսնում, որ երկուսն էլ նույն խցում են, միտում եմ տեսնում, որ երկու մտերիմ բարեկամ-ընկեր` հոգեպես շատ կապված մարդիկ, կարող են խոսել, զրուցել, զրույցի ընթացքում ինչ-որ մի խոսք լինի, որը ՔԿ-ի կամ այլ անձանց կողմից հայտնվի ԶԼՄ-ներում։ Երեկ ես լսեցի ՔԿ ղեկավարի հարցազրույցը, որ ինքը տեղյակ չէ եւ չի կարող ասել՝ ինչպես են այդ լուրերը հայտնվում դրսում․ աբսուրդ եմ համարում այդ ամենը։ Հնարավոր է՝ դա է պատճառը, որ երկու սրբազանները նույն տեղում են։ Մենք տեսնում ենք, թե ուղեղների լվացման ինչ գործընթաց է սկսվել, ստեր են հայտնվել, ՔՊ-ական պատգամավորներն այսօր նույն բանն էին ասում, թե Բագրատ սրբազանը հայտնել է, որ դա իր ձայնն է, իր խոսքն է։ Չկա նման բան։ Մենք կալանքի միջնորդության ժամանակ ձայնագրություն չենք լսել, դա լկտի սուտ է, առանց ամոթի՝ պառլամենտի ամբիոնից կարող են հայտնել իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ ժողովրդի մոտ տպավորություն ստեղծելու համար»։

Հունիսի 17-ին կալանավորվեց նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը. դատարանը նրա նկատմամբ երկամսյա տնային կալանք սահմանեց։ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեղադրանքներով: Նրա փաստաբան Էմին Խաչատրյանն էլ ասաց, որ որեւէ քննչական գործողություն՝ իր պաշտպանյալի հետ կապված, այս ընթացքում չի եղել։ Իրենք բողոքարկել են տնային կալանքի որոշումը, այս պահի դրությամբ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։

Նույն օրը` հունիսի 17-ին, կալանավորվեց նաեւ մշտապես այս իշխանություններին կոշտ քննադատության ենթարկած Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքի հիմքում համայնքային աճուրդի որոշումներն են, որ բոլոր համայնքապետերը կայացնում են, եւ բոլորին կարելի է նման մեղադրանքներ առաջադրել: Անդրեասյանի պաշտպան Վահե Զոհրաբյանը մեզ ասաց, որ կալանքի որոշման դեմ բողոք են ներկայացրել․ «Քննչական գործողությունների չի մասնակցել, քանի որ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել՝ կալանավորումից մի քանի օր անց։ Քրեական գործը 2022 թվականից կար, բանավոր տեղյակ ենք, որ ուղարկել են դատախազություն՝ հաստատման»։ Գործով վկաներ կա՞ն, փաստաբան ասաց՝ որեւէ վկա չկա, դատախազությունն Անդրեասյանի գործողություններում «պաշտոնեական դիրքի չարաշահում» է նկատել։

Բայց թե ինչու են այս հին գործերով հենց 2025 թվականի հունիսին որոշել ընդդիմադիր հայացքներ ունեցող այս անձանց կալանավորել, փորձագետները բացատրում են Նիկոլ Փաշինյանի մոտ սկսված հոգեվիճակային ինչ-ինչ սրացումներով: