2025 թվականի հուլիսի 1-ի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը։ Այս մասին հայտնել են ՄՊՀ-ից:
«Վիվա Արմենիան» ձեռք բերեց «Օվիո» ընկերությունը, որի բաժնետերը ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունն է։ Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ջի-Էն-Սի-ալֆա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։
«Օվիոն» հենց «Ջի-Էն-Սի-ալֆա»-ի բրենդն է, որը նախկինում հանդես էր գալիս «Ռոստելեկոմ» անվան տակ, հետո ռեբրենդինգի արդյունքում դարձավ «Օվիո»։
Ընկերության փոխտնօրեն Բորիս Դեմիրխանյանը ասաց, որ սա շուկայի զարգացման երևի ամենատրամաբանական ճանապարհներից մեկն էր․ «Որովհետև մեր կազմակերպությունը չուներ բջջային բաղադրիչ, իսկ «Վիվա սելը» փաստացի չուներ ֆիքսված կապի բաղադրիչ։ Ու քանի որ շուկայում ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են կոնվերգենտ ծառայությունները, որտեղ առկա են և՛ ֆիքսված, և՛ հեռուստատեսության, և՛ բջջային ծառայությունները, ապա, երևի թե, այս գործարքը ամենատրամաբանականն է և՛ ոլորտի տեսանկյունից, և՛ երկու կազմակերպությունների կողմից»:
-Իսկ վաճառքի առաջարկն ու միավորման գաղափարը ո՞ւմ կողմից է եղել, ձե՞ր ընկերության, թե՞ «Վիվայի»։
-Վաճառքը հիմնականում իրականացնում է բաժնետերը, ես չգիտեմ, ճիշտն ասած, թե ում կողմից էր նախաձեռնությունը, բայց, համենայնդեպս, այսօրվա դրությամբ մենք ունենք այն, ինչ ունենք։
-Գործարքի արժեքը հայտնի՞ է, կարո՞ղ ենք իմանալ։
-Գործարքի արժեքը կորոշվի վերջնական քննարկումների ժամանակ, բայց, այսօրվա դրությամբ, այն տատանվում է 40 մլն դոլարի շրջանակներում։
-Այս գումարը վերջում փոխանցվելու է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությա՞նը։
-Երևի, համենայնդեպս՝ հօգուտ «Ռոստելեկոմի» է լինելու։
-Այսինքն՝ ռուսական կողմից «դաբռո» կա՞ գործարքի համար։
-Միանշանակ։ Եթե մենք դիմել ենք մեր կարգավորող մարմնին և հավանություն ենք հայցել իրենցից գործարքի համար, ապա այդպիսի քայլ չէր կարող անել ընկերության մենեջմենթը առանց համաձայնության։
-Ըստ Ձեզ՝ բիզնեսի տեսանկյունից արդյունավե՞տ էր միայն ֆիքսված կապի և հեռուստատեսության ծառայություն մատուցելը, կամ պակա՞ս արդյունավետ էր, քան այն 40 մլն դոլարն էր, որ ընկերությունն ստանալու է գործարքի արդյունքում։
-Դժվարանում եմ ասել, որովհետև այդ թվաբանությունն ընդհանուր առմամբ մի քանի ուսումնասիրությունների արդյունք է, և եթե այդպես է դիտարկվում, ուրեմն գործարքը շահավետ է, այսինքն՝ և՛ գնելը, և՛ վաճառելը։
-Այս միավորման արդյունքում ի՞նչ ճակատագիր է սպասվում «Օվիո» ընկերությանը, ինձ՝ որպես այդ ընկերության բաժանորդի, հետաքրքիր է, թե ինչ փոփոխություններ են լինելու ինձ մատուցվող ծառայությունների մասով։
-Դուք կշարունակեք ստանալ այն ծառայությունները, որոնք Ձեզ համար սահմանված են, և որևէ ռադիկալ փոփոխություն մոտակա ժամանակներում միանշանակ որևէ կերպ չի դիտարկվելու։ Բայց ընթացքում հասանելի կլինեն նաև ուրիշ ծառայություններ, որոնք «Վիվայի» հետ համատեղ կլինեն, օրինակ՝ բջջային կապի ծառայություն։
-Ընկերության անձնակազմը, մարդկային ռեսուրսը, աշխատակազմը պահպանվելո՞ւ է, օրինակ՝ Դուք կշարունակե՞ք աշխատել նույն պաշտոնում, թե՞ նոր բաժնետերը կարող է փոփոխություններ կատարել այս մասով ևս։
-Ինձ թվում է՝ այդ բոլոր հարցերի պատասխանը Դուք կստանաք մոտ ժամանակներս։
-Իսկ ե՞րբ է կայանալու ՀԾԿՀ-ի այդ նիստը, տեղյա՞կ եք։
-Եթե ես իմանամ դա, ես առնվազն կլինեմ Աստծուն շատ մոտ: Բայց քանի որ ես Աստծուն շատ մոտ չեմ, դեռևս ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել։ Այսօրվա դրությամբ միայն կա հավանություն, որ այդ գործարքը կարող է իրականանալ, եթե կողմերը գան վերջնական համաձայնության։
-Փառք Աստծո՝ Դուք Աստծուն շատ մոտ չեք, հակառակ պարագայում վերջին իրադարձությունների ֆոնին կարող է Դուք էլ քրեական հետապնդման ենթարկվեիք։
-Չգիտեն, միգուցե (ծիծաղում է․-խմբ)։
Բաց մի թողեք
Վանաձորում կայանալիք Tech Week Vanadzor 2025-ը կունենա 2000-ից ավելի մասնակից
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մայիսին կազմել է 790 հազար 320․ ՊԵԿ