03/07/2025

2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի

«Մարդիկ Գյումրիում այսահարված են»,- ասում է Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրային կառավարման փորձագետ, գյումրեցի քանդակագործ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ձերբակալությանն ու վարչապետ Փաշինյանի հակաեկեղեցական հայտարարություններին, որոնք ամենօրյա ռեժիմով հրամցնում է հանրությանը։

«Հասարակությունն այնպիսի մի մեծ հարված է կերել, երբ մարդու ոտքին հարվածում ես, որի ընթացքում հանկարծ ցրիվ է գալիս ամբողջը, եւ դրանից հետո ամեն մարդ իր մեջ է ընկալում այդ հարվածը։ Եթե նախկինում, ամենատարբեր իրադարձությունների ժամանակ, ընդհուպ մինչեւ 2018-ը հասարակության մի մասն էր հարվածների տակ ընկնում, այսօր համատարած է այդ հարվածի ու վիրավորանքի զգացողությունը։

Երբ դու մարդու ինքնության հետ կապված ունես մի չափանիշ, ասում ես՝ հայ եմ, բոլորը հասկանում են, որ դու հայերեն ես խոսում, բայց երբ դու ասում ես՝ ես քրիստոնյա եմ, Աստված ունեմ, ու դրա հետ կապված իրադարձություն է տեղի ունենում, այն էլ՝ տեղի է ունենում 2 արքեպիսկոպոսների հետ, դա արդեն որեւիցե ձեւով չի ընկալվում, չի կարող որեւէ կերպ բացատրվել, կա՛մ կուլ գնալ, կա՛մ էլ՝ մարսվել։

Եվ սա օրվա իշխանություններին տարել է ուղիղ գծով դեպի փակուղի։ Այսօր, օրինակ, քաղաքում ում հանդիպել եմ, մարդիկ իրար ասում էին՝ լավ, քֆուրին քֆուրով պատասխանելն ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ է այդ մարդն այդ տիպի բաներ անում։ Իրականում, դա ուղիղ գծի հաջորդ քայլն է, երբ մարդը տեսնում է, որ ինքը վակուումի մեջ է, հասարակությունից, իրականությունից կտրված է, եւ արդեն փորձում է հայհոյանքով ու ամենատարբեր ձեւերով հասարակության հետ փորձեր անել, խայծեր նետել, որ լեզու գտնի»։

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, այսպես մինչեւ ո՞ւր։ Ա․ Գեւորգրյանը նկատում է․ «Առաջին օրվանից ասել եմ, որ երբեք հայն այսքան գերզգայուն վիճակում չի եղել, այսինքն՝ կոլեկտիվ բանականության մակարդակում առաջ է եկել կոլեկտիվ գերհուզականություն, աֆեկտիվ մի վիճակ, որի մի կողմում վախն է, մյուս կողմից էլ այն իրականությունն է, որ մարդը ոչնչացված է իրեն զգում։ Այսինքն, կոլեկտիվ աֆեկտը՝ հուզականությունը, փաստ է, որը դժվար է կանխորոշել, թե ինչ տեսքով եւ ինչ զարգացումներ կունենա, բայց դա անցնող ցավ չէ, դա դետոնացիա չէ, որ բանականության մակարդակում է մարդը ստացել այդ լարումը, մարդը կոնկրետ դետոնատիվ հարված է կերել իր ներաշխարհին, որին անպայման հասարակությունն արձագանքելու է։ Դժվար է ասել, թե ինչպես տրամադրությունները կզարգանան մոտակա օրերի ընթացքում, ամեն դեպքում՝ Աստվածաշունչը հուշում է, որ նախեւառաջ, մինչեւ աքաղաղի կանչելը, ինչ-որ մարդիկ 3 անգամ ուրանալու են սրբազաններին ու Եկեղեցուն։ Դրա նախանշաններն արդեն կան, բայց ուրացողը, ըստ Աստվածաշնչի, Պետրոսն էր, եւ շատ-շատ մարդիկ ուղղակի կգլորվեն այդ ուրացման դաշտի մեջ ու կմնան այնտեղ, բայց ինչ-որ մի հատված էլ կհասկանա իրականությանը համարժեք լինելու անհրաժեշտությունը, այն իմաստով, որ ինչ անել, որ դա չդառնա փորձանք բոլորի գլխին, եւ ինչ անել, որ, այնուամենայնիվ, գտնվեն լուծումներ այս իրավիճակից»։

Ինչո՞ւ իշխանությունը գնաց Եկեղեցու դեմ՝ ներխուժեց Մայր Աթոռ, հունիսի 27-ը դարձնելով համազգային ամոթի օր։ «Հիմնավոր պատճառներից մեկն այն էր, որ Սահմանադրության, Եկեղեցու ինքնուրույնության հետ կապված դրույթների փոփոխությունն է նաեւ դրվելու առաջիկայում։ Բայց անգամ դա վերջին կետը չէ, հասարակական երկխոսության, իրականությունից կտրված, վակուումի մեջ գտնվող, բոլոր կողմերից շրջափակված իշխանությունը փորձում է այս քայլով եւս ստանալ ճոճանակի էֆեկտ, ազգային ինքնության խնդիրները տանել-բերել, որպեսզի ստեղծվի որեւիցե մի տեսակի երկխոսություն, որտեղ Փաշինյանը կփորձի ապացուցել, որ ինքը, այնուամենայնիվ, ճիշտ է։ Բայց դա անհնար է, որովհետեւ, եթե Նիկոլը պետք է դառնա նաեւ սեւերի վարչապետը, դրա համար ուներ մաքսիմում մինչեւ պատերազմ ընկած ժամանակահատվածը կամ պատերազմի սկիզբը, որովհետեւ դրանից հետո արդեն այդ երկխոսությունը շերտ առ շերտ վերջացավ ու հասավ այնտեղ, որ անգամ Եկեղեցին Հայաստանում կատարվող իրադարձությունների հանդեպ իր վերաբերմունքը սկսեց արտահայտել կոռեկտության մեջ»։

Ինչ վերաբերում է քննչականի կողմից սրբազաններին առաջադրված մեղադրանքներին եւ ներկայացված ձայնագրություններին, ապա․ «Ամբողջ մեր պայքարը՝ ընդդիմադիր եւ գաղափարական, նրա համար է, որ երբեք չլինի հայի՝ հայի հետ բախում, եւ ովքեր գոնե մեկ անգամ շփվել են մեր սրբազանի, Տավուշի սրբազանի հետ, գիտեն նրանց վերաբերմունքն այս ամեն ինչին։ Նույն քահանաներն անգամ արմատական մեղք ունեցողներին են փրկում մեղքերից, խոտոր ճանապարհներից եւ այդ մարդկանց էլ են սիրում՝ իրենց զավակի պես։ Այլ բան է, թե ովքեր եւ ինչ խոսակցություններ են վարել, որի արդյունքում ստեղծվել են միջին ձայնագրություններ։ Վերջապես՝ կա սադրիչների կաստա, որոնք կարող են սադրել եւ տեւական ժամանակ ստեղծել ինչ-որ վիճակներ, որոնցից ելնելով՝ կարող ես ենթադրել, որ կարելի է ինչ-որ բան անել։ Մյուս կողմից՝ եթե իշխանությունն անմեղության կանխավարկածը չի հարգում, բայց գոնե այդ մարդկանց, նրանց հայացքներն իմանալով, օրինակ, ես՝ ինքս, ինձ թույլ չեմ տա ասելու՝ դա այդպես է, թե չէ, որովհետեւ, անկախ նրանից՝ ես դեմ եմ Նիկոլին, թե որեւիցե մեկին կամ իշխանության այսօրվա քաղաքականությանը, որեւէ մեկս չի ուզում, որ հայը հայի դեմ կանգնի, ոչ մեկը չի ուզում, որ տեղի ունենա մի բան, որը հետո տարիներով դառնալու է ական եւ փոխհարաբերությունների մի վիճակ է ձեւավորելու, որը չգիտես թե ուր կտանի մեզ։ Միքայել սրբազանը թույլ չի տա, որ իր կողքին կանգնած մարդիկ հարաբերություններ իրար հետ պարզեն կամ փորձեն իրար վնաս տալ։ Միքայել սրբազանը դեռ 2015-ին՝ Ավետիսյանների սպանության դեպքի ժամանակ, երբ մարդիկ կատաղած փորձում էին ավերել ամեն ինչ, գավազանը ձեռքին՝ կանգնեցրեց մարդկանց, հանգստացրեց եւ բոլորին ուղարկեց տուն՝ աղոթքով, թե չէ հայը հայի դեմ էր կանգնելու։ Դրա համար ես մեր Սրբազանից չեմ հավատում, որ ինքը հեղաշրջման ինչ-որ նկրտումներ ունենար։ Դա անհնար է»։

Նախօրեին Փաշինյանը մեկ այլ հայտարարություն էլ արեց, այս անգամ՝ Ամերիկյան համալսարանում, երբ, որպես բանախոս, լսարանին հարցադրում արեց, թե ինչու է Մայր Աթոռն Էջմիածնում եւ ոչ թե Արտաշատում կամ Գյումրիում, կամ Երեւանում։ «Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի աշխատաոճի եւ անձնական հաղորդակցության մեջ շատ կարեւոր մաս է զբաղեցնում էպոտաժը, ստեղծել մի իրավիճակ, երբ դոգմաները փորձում ես խեղաթյուրել կամ ցույց տալ այլ բան։ Իր «Երկրի հակառակ կողմը» գիրքը եւ անձնական վերաբերմունքը Հայաստանի բոլոր արժեքային միավորներին՝ այդպիսին է, եւ այդ ամբողջն էպոտաժով անելու խնդիր է։ Եթե հանրությունը պատերազմից հետո, խելքը գլուխը չեկած, հանդարտ, լուռ վիճակի մեջ է, այդ հանրության մեջ ամեն ինչ կարող է ծնվել, եւ դա լավ գիտեն կառավարիչները։ Դրա համար պետք է ժամանակ առ ժամանակ թափ տալ եւ տեսնել, թե ինչն է ջրի երես բարձրանում, ինչն է ջրի տակ սուզվում։ Պարզապես Նիկոլը մոռանում է «ժամանակ» հասկացության մասին եւ դա անում է ամեն օր, ու դա անպայման ունենալու է իր վատ հետեւանքները բոլորիս համար։ Իսկ դա առաջին հերթին իշխանությունների վարկանիշի համար է շատ վատ, բայց, վերջին հաշվով, մենք կարող էինք, չէ՞, սոխ տնկել կամ արվեստանոցում աշխատել եւ բացարձակ որեւիցե բանի մասին չմտածել, բայց այսօր առավոտից իրիկուն ազգովի ներքաշված ենք երկրի օրվա ղեկավարի ասածները հասկանալու, մարսելու, կուլ տալու կամ հակազդելու պրոցեսի մեջ։ Այսինքն, Հայաստանում շատ վաղուց բարիք չի ստեղծվում, Հայաստանը դարձել է վիրտուալ երկիր, որտեղ, այնուամենայնիվ, ինչ-որ մի ստվար հատված իր համար բարիք է ստեղծում, բայց հասարակության հիմնական բարիք ստեղծող հատվածը բարիք ստեղծելով չի զբաղված, զբաղված է այս ամբողջը հասկանալով, մարսելով։ Ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ է անում, եւ շատ լավ տիրապետում է այդ էպոտաժի, խոսքի արվեստին, գիտի հասարակության թույլ կողմերը եւ այդ ամբողջի վրա է կառուցում իր կոմունիկացիաները, որոնք այլեւս ոչ մի տեղ չեն տանում, եւ եթե հասնենք 2026-ի ընտրություններին, ապա նա այդ փուլ է մտնելու արտակարգ սպառված եւ առանց ասելիքի»։