Ռուս-ադրբեջանական լարվածության բացահայտումից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 21-ին, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն այցելել է Մինսկ, որտեղ նրան ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի այդ ուղևորության նշանակալի արդյունքն այն է, որ Լուկաշենկոն ներում է շնորհել Սերգեյ Տիխանովսկուն, որ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով դատապարտված էր երկարաժամկետ ազատազրկման:
Նա Սվետլանա Տիխոնովսկայայի ամուսինն է, բելառուսական ընդդիմության երբեմնի առաջնորդը:
Հայտնի է դարձել, որ բանտից ազատ արձակվելու օրը Տիխանովսկին հատել է Լեհաստանի սահմանը և Վարշավայում հանրահավաք անցկացրել: Նա հայտարարել է, որ «կջարդի լուկաշիզմի ողնաշարը»:
Տիխանովսկին ներկայումս եվրոպական մայրաքաղաքներում բելառուսական վտարանդիության հետ հանդիպումներ է անցկացնում, մտադիր է մեկնել Կանադա և Միացյալ Նահանգներ:
Դիտորդները չեն բացառում, որ նա կարող է Սպիտակ տանն արժանանալ Դոնալդ Թրամփի ընդունելությանը: Իրազեկ աղբյուները վկայում են, որ Քելոգի Մինսկ մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը նրան անձամբ է թելադրել ազատման ենթակա անձանց ցուցակը, որտեղ առաջինը նշված էր Սերգեյ Տիխոնովսկին:
Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Ֆրիդմանի կարծիքով՝ Մինսկում «խիստ զգուշացած են, որ Տիխոնովսկին Թրամփի հետ հանդիպմանը նրան կարող է ներշնչել Բելառուսի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման գաղափար, իսկ էքստրավագանտ Թրամփը չի զլանա Լուկաշենկոյին նման պահանջ ներկայացնել»:
Քաղբանտարկյալների լուրջ խնդիր ունի նաեւ Իլհամ Ալիևը: Այդ խնդիրը Միացյալ Նահանգները մշտապես բարձրացրել է Բայդենի նախագահության շրջանում: Բաքվում տպավորություն ունեին, որ գործարար Թրամփի համար մարդու իրավունքները և քաղաքացիական ազատությունները «երկրորդական են», Ադրբեջանի հետ հարաբերություններում նա կնախընտրի պրագմատիկ լինել:
Բելառուսի քաղբանտարկյալների հարցում Թրամփի դիրքորոշումը վկայում է, որ հարկ եղած դեպքում նա կարող է մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոչ միայն ջատագով, այլև գործնական պաշտպան լինել:
Լուկաշենկոն այս հարցում ակնհայտորեն թիրախավորվել է որպես Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր դաշնակից: Պատահական չէ, որ հենց Քելոգի Մինսկ այցից հետո հայտնի դարձավ, որ ռուս-ամերիկյան խորհրդատվությունների հերթական փուլը, որ նախատեսված էր Մոսկվայում, անորոշ ժամանակով հետաձգվել է:
Եթե ռուս-ադրբեջանական լարվածությունը գնահատենք այս դիտանկյունից, ապա կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ սրացման է գնում կանխամտվածված, որպեսզի միջազգային տպավորություն ստեղծվի, որ Ադրբեջանը «Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը խզում է»:
Ի՞նչ իրավիճակ է Բելառուսում, ընդդիմության ռեսուրսներն արդյո՞ք բավարար են «լուկաշիզմի ողնաշարը ջարդելու» համար՝ գնահատականները տարբեր են: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի դեպքում, բայց մի բան, կարծես, ակնհայտ է. քաղաքական ազատականացման դեպքում Ալիևի դինաստիական իշխանության ծրագիրը հազիվ թե իրականանալու լինի:
Այս առումով խիստ ուշագրավ է, որ գրեթե մեկ շաբաթ շարունակվող ռուս-ադրբեջանական լարվածության վերաբերյալ որևէ քաղաքական կամ փորձագիտական տեսակետ Թուրքիայից դեռեւս չի հնչել:
Իրավիճակին, կարծես, չի միջամտում նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, թեև մայիսյան տոներին ընդառաջ նա մասնակցել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցին, ուստի, թերևս, Ալիևից և Պուտինից հետո երրորդ ամենաիրազեկվածը պիտի լինի:
Բելառուսական ընդդիմությունը պատրաստվում է «Նոր Բելառուս. 2025» խորհրդաժողով անցկացնել և հրապարակել «անցումային կառավարության» կազմը:
Ադրբեջանական ընդդիմությունը հանդես է եկել ռուսական դպրոցները փակելու, Ռուսաստանի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը խզելու, առեւտրա-տնտեսական կապերը սահմանափակելու առաջարկությամբ, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ներքաղաքական լիբերալացման և Հայաստանի հետ կարգավորումն արագացնելու առաջարկություններով: ԱՄՆ-ը Բաքվից ժողովրդավարացում կպահանջի՞:
Բաց մի թողեք
Ադրբեջանի պետական կառավարման համակարգից հարյուրավոր գյուլենականներ են հեռացվել
Նարիշկինի «կոնտորայի» անունից Թրամփին փորձում են հակադարձել
Ի՞նչ կտա Թրամփի «վերջնագիրը», եթե այն, լուրջ է, իսկ Պուտինը նահանջել չի կարող