Եվրամիության անվտանգության և պաշտպանության հարցերի Բարձր հանձնակատար Կայա Կալասը Երևանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Հունգարիան շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին պաշտպանական աջակցության տրամադրմանը:
Ինչպես հայտնի է, նախորդ տարի Հայաստանն այդ հիմնադրամից ստացել է 10 միլիոն դոլարի աջակցություն, հիմնականում զինվորական վրանային կարողությունների և այդօրինակ այլ պարագաների տեսքով:
Ընթացիկ տարվա մեկնարկին հայտարարվեց, որ 2025 թվականի համար ծրագրվում է Հայաստանին հատկացնել մոտ 20 միլիոն եվրոյի այդօրինակ պաշտպանական օժանդակություն:
Ինչ խոսք, ծավալը և բնույթը ամենևին հնչեղ չէ, բայց Հայաստանն այսօր այնպիսի կետում է, որտեղ պաշտպանական ցանկացած օժանդակություն արժեքավոր է, քանի որ մեծ են կարիքներն ու սուղ են ռեսուրսները:
Բայց ստացվում է, որ անգամ այդ զգալիորեն համեստ օժանդակությունը բախվում է խնդրի: Հունգարիան արգելափակվել էր Հայաստանի օժանդակությունը նաև նախորդ տարի, պատճառաբանելով, որ նույն կերպ պետք է օժանդակություն հատկացնել նաև Ադրբեջանին:
Ի վերջո ԵՄ-ն պայմանավորվեց իր անդամ Հունգարիայի հետ և ապահովվեց հավասարակշռություն: Ի՞նչ պայմաններ է դնում Հունգարիան այս անգամ, մանրամասները շատ հայտնի չեն, բայց փաստն այն է, որ անգամ ԵՄ հանձնակատարն է խոստովանում, որ խնդիրը կա և փորձում են հաղթահարել:
Բայց այստեղ նաև հարց է առաջանում, թե ինչու այդ խնդիրը լուծելի չէ հայկական դիվանագիտության համար, որն արդեն երեք տարի է որդեգրել է Հունգարիայի հետ հարաբերության վերականգնման և բարելավման կուրս:
Հայտնի է, որ Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունը սառեցրեց այն բանից հետո, երբ 2012 թվականին Ադրբեջանին արտահանձնվեց Ռամիլ Սաֆարովը՝ հայ սպային Բուդապեշտում ՆԱՏՕ վարժանքի շրջանակում կացնահարած հանցագործը: Դա տեղի ունեցավ Օրբանի և Ալիևի գործարքի շնորհիվ:
Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը սկսեց Հունգարիայի հետ հարաբերությունը վերականգնելու գործընթաց, այդ թվում դեսպանատների աշխատանքի վերականգնումով:
Անցնող երեք տարիներին բազմիցս Հայաստան է եկել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն, որը Երևանում էր նաև բոլորովին վերջերս՝ Երևանյան երկխոսություն դիվանագիտական ամենամյա ֆորումի շրջանակում:
Ինչո՞ւ չի հաջողվում այս շփումների պայմաններում հաղթահարել Հունգարյայի արգելքը՝ ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանի օժանդակության հարցում:
Սա, ըստ էության, խոսում է Հայաստանի դիվանագիտական կառույցի անարդյունավետ աշխատանքի մասին, որովհետև, Հունգարիայի հետ հարաբերության վերականգնման ռացիոնալությունը նաև այն էր, որ Բուդապեշտը՝ ելնելով Ադրբեջանի հետ իր հարաբերության հանգամանքից, խոչընդոտներ չստեղծի Հայաստանի հետ կապված հարցերում, նվազագույնը այն հարցերում, որոնք, ըստ էության, չեն պարունակում ոչ մասշտաբային և ոչ էլ բնութային առումով էական որևէ ռիսկ կամ սպառնալիք:
Եթե հայ-հունգարական դիվանագիտական հարաբերության վերականգնումը չի օգնում արդյունավետ և սահուն հաղթահարել այդ խնդիրը, ապա դա նշանակում է, որ հայաստանյան դիվանագիտության աշխատանքը ունի արդյունավետության էական խնդիր:
Բաց մի թողեք
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում
Եվրամիության պատկերացումները Հայաստանի վերաբերյալ՝ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են
Իրական լարվածությու՞ն է, թե՝ «մեծ խաղի նախերգա՞նք», ինչ պետք է անի Հայաստանը