03/07/2025

Կեղծիքը ճշմարտություն չի բերում․ Արա Զոհրաբյան

Փաստաբանական գործունեությունս սկսել եմ 2001 թվականից: Որպես փաստաբան գործել եմ 2-րդ և 3-րդ նախագահների, ինչպես նաև ներկա վարչապետի օրոք: Այդ ընթացքում հանդիպել եմ մարդկանց (իմ վստահորդների) իրավունքների բազմաթիվ խախտումների, այդ թվում՝ կոպիտ (ներառյալ՝ գույքերը խլելու): 

Այս ամբողջ ընթացքում որպես փաստաբան, այդ թվում՝ 2013-2021թթ․ որպես փաստաբանների պալատի նախագահ, գործել եմ անկախ, քանի որ երբեք չեմ մտել կոռուպցիոն գործարքների մեջ: Նախկին և ներկա իշխանությունները չեն ունեցել և չունեն ինձ վրա ազդելու որևէ կոմպրոմատ:

2018 թվականի իշխանափոխությունից հետո զգացել եմ ներկա իշխանության կողմից Եկեղեցի, բանակ և ընտանիք ինստիտուտների թիրախավորումը և հրապարակային կարգով քննադատել եմ:

Ներկա իշխանության կողմից պետական և ազգային ինստիտուտների քանդման, արժեքների խեղաթյուրման, ազգային իմունիտետի թուլացման, Արցախի հանդեպ դավաճանության, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման գործողություններին ընդդիմացել եմ (այդ թվում՝ կողմնակալ վեթթինգի, հայհոյանքների արտոնման, Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեի կոնվենցիայի, Ընտանեկան բռնության օրենքի, պատմության դասագրքի խեղաթյուրման, պարտադիր պատվաստման դեմ):

Ընդդիմությանը վերաբերվել եմ համերաշխության սկզբունքով նրա համար, որ իրենք էլ են ակտիվ մասնակցում իշխանության ստեղծած այս չար համակարգի դեմոնտաժի աշխատանքներին: Նրանցից շատերի գործելակերպը նախկինում չեմ ընդունել:

Միքայել սրբազանի հետ կապված, երբ նա որոշել է կամովին ներկայանալ քննչական կոմիտե և խնդրել է չշահարկել իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում,  թե ընդդիմության ինչ որ ուժերի և թե իշխանության հաշվարկները խառնել են: Հաշվի չառնելով Միքայել Սրբազանի պատկառելի անձը, ավելի ճիշտ նրա կողմից սեփական գիտակցությամբ և պատասխանատվությամբ որոշում կայացնելու կարողությունը, ընդդիմության այդ ուժերը թիրախավորել են ինձ՝ օգտագործելով կեղծ լուրեր, զրպարտություն, վիրավորանք՝ կեղծ օգտատերերի և անհասցե տելեգրամյան ալիքների միջոցով:

Մեր թիրախավորողները մոռացել են քննիչին, դատախազին, կալանքը տված դատավորին, Մայր Աթոռ ներխուժած ԱԱԾ հատուկ ջոկատայիններին, ոստիկանության ծառայողներին և գլխավոր դիրիժորին: Նույնիսկ խորհրդային տարիներին Մայր Աթոռի տարածք այդքան ոստիկան ու ԱԱԾ ծառայող չի մտել:

Ու այս բոլորը դրել են մի կողմ: Ի՞նչ էին սպասում ընդդիմության այդ ուժերը․ որ որպես փաստաբան պետք է Սրբազանին խորհուրդ տայի ոչ մի դեպքում չգնալ քննչական կոմիտե ու պատճառ դառնալ շատերի ձերբակալությունների և արյան հեղման հենց Մայր Աթոռի տարածքում կամ որպես փաստաբան խորհուրդ տայի հրաժարվել հոգևոր առաքելությունից և մտնել քաղաքական գործընթացի մեջ՝ դառնալով վարչապետի թեկնածու: Եվ այն էլ, ոչ թե վարչապետի հանգիստ պայմաններով թեկնածու, այլ՝ քաղաքական գործիչների առջևից գնացող նահատակ-թեկնածու:

Ստացվում է, որ ընդդիմության այդ ուժերը օգտվում են իշխանության գործիքակազմը համարվող նույն միջոցներից՝ կեղծիքից, վիրավորանքներից, զրպարտությունից, կեղծ օգտատերերից, անհասցե տելեգրամյան ալիքներից:

Սա մի բան է նշանակում, որ գործ ունենք նույն փտած զանգվածի հետ, եթե չհրաժարվենք այդ արատավոր ձեռագրից: Եթե կեղծիքով պետք է կեղծիքին հաղթենք, ապա կնշանակի ընտրել ենք ձախողման ճանապարհը:

Ցավում եմ, բայց այս երևույթը մեզ տանելու է ավերածությունների:

Եթե որպես հասարակական կամ քաղաքական մեծ ու փոքր գործիչներ ի վիճակի չենք այս 7 տարվա ընթացքում բարեփոխում կատարել մեր երկրում, ինչու ենք նեղանում Մայր Եկեղեցուց կամ հոգևորականներից քաղաքական գործընթացներից խուսափելու համար: Չէ, որ նրանց հիմնական առաքելությունը հավատացյալների հոգևոր խնամքն է:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսին ծառայող հոգևորականները նահատակությունից չեն վախենում և հնարավոր չէ նրանց կոտրել: Միքայել Սրբազանի ձերբակալության օրն էլ նրանք ցույց տվեցին իրենց համերաշխությունը հոգևոր եղբորը և հորը:

Արա Զոհրաբյան