Ադրբեջանի Միլլի մեջլիսի մարդու իրավունքների կոմիտեն «Մամուլի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու օրինագիծ է քննարկում: Բաքվի մամուլը չի մանրամասնում, բայց վստահաբար կարելի է ասել, որ նախաձեռնության հեղինակը գործադիր իշխանությունն է:
Ո՞րն է պատճառը՝ հասկանալի է, Ալիևի իշխանությունը մամուլի համար սահմանում է գործունեության խիստ պայմաններ, որպեսզի լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունն ավելի ընդգրկուն լինի:
Բայց երբ փորձում ես այդ նախաձեռնությունը դիտարկել հնարավորինս անկողմնակալ հայացքով, ապա պարզվում է, որ առաջարկվող լրացումը և փոփոխությունները հիմնականում կարող են օգտակար լինել հենց մամուլին, բնականաբար՝ նաև Ադրբեջանի պետականությանը:
Վերցնենք, թեկուզ, առաջարկվող հետևյալ փոփոխությունը, Ադրբեջանում լրատվական գործակալությունը պետք է առնվազն 20 լրատվամիջոցի հետ տեղեկատվություն տրամադրելու / ստանալու մասին օրենքով սահմանված գրավոր պայմանագիր ունենա, ինչպես նաև՝ առնվազն հինգ երկրում գրանցված ներկայացուցչություն:
Ուշագրավ է հատկապես վերջին պահանջը՝ առնվազն հինգ երկրում ունենալ թղթակցային կետ: Ոչ մի մասնավոր լրատվական գործակալություն, բնականաբար, այդ հարցն ինքնուրույն չի կարող կարգավորել, ստիպված կլինի դիմել իշխանությունների օգնությանը: Նրանք էլ, բնականաբար, կսահմանեն «լոյալության թեսթ»:
Բայց եթե Ադրբեջանի ոչ պետական լրատվական գործակալությունը միայն տարածաշրջանի և հարևան հինգ երկրում թղթակցային կետ ունենա, ապա դա ադրբեջանական մամուլի միջազգային վարկը կբարձրացնի:
Այդ հեռանկարի հանդեպ ի՞նչ ունի Հայաստանը, երկիր, որտեղ լրագրողը կարող է իրավական գնահատական տալ Քննչական կոմիտեի կողմից «Սրբազան շարժման» գործով օրերս հանրայնացրած ձայնագրություններին, պնդել, որ դրանք մոնտաժված են, իսկ խոսակցություններում «ոչ մի հանցակազմ չկա»:
Հայաստանը նաև երկիր է, որտեղ փաստաբանը քաղաքական հայտարարություն է անում, մասնակցում ընդդիմադիր շարժմանը, իշխանափոխության կոչեր հնչեցնում և՝ ոչինչ: Այն, ինչ օրենքով արգելված չէ, թույլատրված է:
Իսկ ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի: Մի՞թե տրամաբանական չէ, որ եթե քննիչը, մեղադրող դատախազը և դատավորը չեն կարող քաղաքական դիրքորոշման կրող և արտահայտող լինել, ապա նույն պահանջը պետք է տարածվի նաև փաստաբանի և նրա մասնագիտական գործունեության վրա:
Մի՞թե պարզ չէ, որ մամուլը չպետք է ուղղորդված իշխանական կամ երդվյալ ընդդիմադիր լինի: Մամուլը պետք է ծառայի հանրությանը, ապահովի նրա տեղեկացվածությունը: Մնացածը մարդու գործն է, թե տվյալ տեղեկույթից ինչ եզրահանգում կանի կամ քաղաքական կողմնորոշում կընտրի՞, թե՞ կմնա չեզոք:
Ադրբեջանի Միլլի մեջլիսն անցյալ տարի նոր կոմիտե է ձևավորել, որ զբաղվում է երկրի դեմ «ապատեղեկատվությունը կանխարգելելու և հակազդելու» հարցերով: Պատկերավոր ասած, դա «տեղեկատվական հետախուզության և հակահետախուզության» գործառույթներ իրականացնող, մշտական հիմունքներով գործող մարմին է, որ տասնյակ երկրների խորհրդարանականների հետ ամենօրյա աշխատանք է տանում:
Ո՞վ է այն ստեղծել: Իհարկե՝ Իլհամ Ալիևը, որ նաև այդ մակարդակում է կանխարգելում առաջին հերթին իր մասին ոչ ցանկալի տեղեկատվության տարածումը: Բայց Ալիևը հավերժական չի, արդյունքում այդ կոմիտեի ջանքերը նպաստում են Ադրբեջանի միջազգային վարկանիշի բարձրացմանը:
Եվ, վերջապես. երեկ ուշ երեկոյան Ստամբուլի Սարաչխանե հրապարակում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը բազմամարդ հանրահավաք է անցկացրել՝ ի նշանավորում քաղաքապետ Իմամօղլուի կալանավորման հարյուրեերրդ օրվան:
Իր ելույթում ԺՀԿ առաջնորդ Օզելը հայտարարել է, որ «Ռեջեփ Թայփ Էրդողանը մսխել է ժողովրդի կողմից ստացած վստահության մանդատը և այլևս ոչ թե նախագահ, այլ խունտայի պարագլուխ է»: Րոպեներ անց ներքին գործերի նախարարը Երլիքայան տեղեկացրել է, որ Օզելի դեմ «նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրեական վարույթ կնախաձեռնվի:
Թուրքիան, ինչ խոսք, այն երկիրը չէ, որին պետք է կամ կարելի է ընդօրինակել, ինչպես նաև՝ Ադրբեջանը: Բայց խոսքը տեղեկատվական անվտանգության և հանրային-պետական իմունիտետի մասին է:
Այն մասին, որ լրագրողը չպետք է «փաստաբան» լինի, փաստաբանը՝ «քաղաքական գործիչ»: Այլապես ոչինչ չի ստացվելու:
Բաց մի թողեք
Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին. Middle East Eye
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել