Մինչ Բաքուն Եկատերինբուրգում սպանված երկու ադրբեջանցի մարդասպանների թեման ազգամիջյան թշնամանքի առարկա է դարձրել եւ Ռուսաստանին պատերազմ հայտարարել, Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ պակաս լարում են նաև Հայաստանի այսօրվա իշխանությունները:
Հրապարակ թերթը գրել է․ ՌԴ արտգործնախարար Լավրովի այն հայտարարությանը, որ Հայաստանում տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, սակայն Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հարձակումները մտահոգության առիթ են տալիս, դուր չի եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Վերջին հակադարձել է Լավրովին` «հորդորելով» չխառնվել Հայաստանի ներքին գործերին և կրկնել է իր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հորինած մեղադրանքները հոգևորականների հասցեին, որոնք, ի դեպ, հատկապես արդբեջանցիներին շատ են դուր եկել:
Ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանություններն առիթն օգտագործում են, որպեսզի ևս մեկ անգամ վստահեցնեն Էրդողան-Ալիև դուետին, որ ՀՀ իշխանությունը հավատարիմ է իր որդեգրած պրոթուրքական գծին և իրենց տեսնում են «թուրքական զոնծիկի» տակ:
Այլապես հարց է առաջանում, թե ինչու` երբ Լավրովը Հայաստանում էր, Միրզոյանը գրեթե սեր էր խոստովանում նրան և Ռուսաստանին, բավական էր, որ ադրբեջանա-ռուսական լարվածություն առաջանա, որպեսզի Միրզոյանը կոպտի ՌԴ ԱԳ նախարարին: Եւ առնվազն զարմանալի է, որ նման պատասխան չի հնչում Ալիևին կամ ադրբեջանցի այլ պաշտոնյաններին, երբ նրանք խոսում են Արեւմտյան Ադրբեջանի մասին, պահանջում են ՀՀ-ից հրաժարվել իր Սահմանադրությունից եւ երբ Բաքվում կտտանքների է ենթարկվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Իսկ Ադրբեջանը հակառուսականության ալիքի մեջ է` նույնիսկ հետաձգել են ռուս պոպ արտիստների կայանալիք համերգները Ադրբեջանում, ռուսական օպերայի բերմադրումն է հետաձգվել: Երեկ էլ նվաստացուցիչ ձևով կալանավորել են Ադրբեջանում գործող «Սպուտնիկ Ադրբեջանի» գործակալության աշխատակիցներին եւ նրանց դատում են արագացված ռեժիմով: Հակառուսականության այս հիստերիային միացել են նաեւ ադրբեջանցի պատգամավորներ, մշակութային գործիչներ, ակադեմիկոսներ, գիտականներ՝ սուլթանի հրամանը պիտի կատարվի:
Այս հակառուսական հիստերիային մասնակցում է նաև Թուրքիան: Մասնավորապես «Գլոբալ Հաբեր» հեռուստաալիքի եթերում փորձագետները հայտարարել են, որ Ռուսաստանի գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ չընդունել Ադրբեջանի հզորությունն ու Ռուսաստանի թուլությունը: Ռուսաստանի դեսպանը Արդբեջանում կանչվել է Արդբեջանի արտգործնախարարություն և բողոքի նոտա է հղվել:
Այսօր էլ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն է ՌԴ ԱԳՆ կանչվել՝ բողոքի նոտա հղելու համար: Սակայն, այս հրապարակային հակառուսականության հիստերիայում կարևորն այն է, թե ինչու Արդբեջանը հանկարծ սկսեց նման ագրեսիվ վարք դրսևորել Ռուսաստանի նկատմամբ: ՌԴ ԱԳՆ գերատեսչությունը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից հակառուսական հիստերիայի պատճառը երրորդ կողմն է:
Եվ իսկապես, ուկրաինական ճակատում ռուսական կողմի առաջխաղացումը ձեռնտու չէ Ուկրաինայի պրոտեժեներին, հետևաբար նրանք խնդիր ունեն Ռուսաստանի համար խնդիրներ առաջացնել հենց Ռուսաստանի ներսում: Ռուսաստանում ադրբեջանցիների համայնքը հսկայական ազդեցություն է ձեռք բերել՝ հատկապես կրիմինալ աշխարհում, տնտեսության ոլորտում:
Ավելին, արդբեջանցի հայտնի միլիարդատեր և Սամվել Կարապետյանի հիմնական հակառակորդ դիտարկվող Գոդ Նիսանովին պատկանող մեծածավալ բիզնեսները, որոնք, ըստ տարածված տեղեկությունների իրականում Իլհամ Ալիևին են պատկանում, կարող են էական պրոցես գեներացնել եւ փաստի առաջ կանգնեցնել ռուսներին:
Թվում է` արհեստականորն հրահրված ազգամիջյան թշնամանքի ալիք է առաջացնում Բաքուն, այնինչ, խոսքը գնում էր ադրբեջանցի մարդասպանների մի խմբակի լիկվիդացման մասին, որոնք տարիներ շարունակ մարդկանց են առևանգել, թալանել ու սպանել:
Սակայն սրանով Արդբեջանը կարեւոր ազդակ է հղում, որ ինքը պատրաստ է պաշտպանել իր բոլոր հայրենակիցներին՝ անկախ իրենց քաղաքացիությունից, կարգավիճակից, գործած արարքների ծանրությունից, ունեցվածքի չափից: Այսինքն, ամեն ադրբեջանցու հետեւում պետություն է կանգնած, որն ի տարբերություն Հայաստանի` ոչ թե հալածում է կամ հրաժարվում իր քաղաքացիներից, այլ ամեն գնով եւ ամենուրեք պաշտպանում է:
Այս ֆոնին Փաշինյանի հայտարարությունը Ստամբուլում` ուղղված սփյուռքահայերին, թե` եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք, ես չեմ կարող ոչ մի հայի հարցով զբաղվել, ամենաամոթալի ու պետությա ղեկավարին ոչ վայել քայլերից էր:
Վերադառնալով ադրբեջանա-ռուսական լարվածությանը, փորձագետները ևս մեկ հնարավոր զարգացում են նշում, հասկանալով, որ Անդրկովկասում Ռուսաստանը կորցնում է իր ազդեցության վերջին լծակները եւ հնարավոր են ռազմական լուծման փորձեր: Քաղաքագետ Հակոբ Բադալյանն, օրինակ, գրում է․«Այսօր Լավրովը արել է մի հայտարարություն, որը շատ էական է:
Նրա խոսքով, ԱՄՆ ու ԵՄ ջանքերը՝ դուրս դնել Ռուսաստանը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից, սպառնում են ռեգիոնալ անվտանգությանը: Եթե ռուսները տեսնեն դուրս մնալու իրական եւ լուրջ վտանգ, նրանք կարող են դիտարկել պատերազմով կամ թեկուզ որոշակի լոկալ ապակայունացմամբ մնալու տարբերակը: Այստեղ ամբողջ վտանգավոր «պարադոքսն» այն է, որ այդ տարբերակը կարող է բավարարել նաեւ հենց արեւմտյան այն ուժերին, որոնք դնում են Ռուսաստանին դուրս թողնելու հարց:
Բանն այն է, որ, եթե Ռուսաստանը դիտարկի ռազմական էսկալացիայի գնով մնալու տարբերակը, ապա այդ տարբերակը դարձյալ լինելու է ի հաշիվ իրեն: Դժբախտաբար, իհարկե, ի հաշիվ Հայաստանի, բայց նաեւ ռազմա-քաղաքական առումով՝ ի հաշիվ իրեն, ինչպես ըստ էության եղել է վերջին տարիներին:
Ցավն այն է, որ ամբողջը կորցնելուց խուսափելու դիմաց ռուսները դարձյալ կարող են հրաժարվել մասից՝ եւ իհարկե մեր հաշվին: Իսկ նրանց դուրս թողնել ձգտող արեւմտյան ուժերը դեմ չեն լինի, եթե այս շրջափուլում թեկուզ այդ գնով եւս մի զգալի մասով «նեղանա» ՌԴ ազդեցությունը եւ իհարկե նաեւ հեղինակությունն ու վարկը:
Այլ կերպ ասած, մենք կարող ենք կանգնել հերթական ցիկլի առաջ, որ ապրել ենք 2020-ից հետո: Կրկնեմ, ուրիշ ոչ մի բանի՝ ընդամենը մեր ապրածի հերթական ցիկլի, ինչը, իհարկե, կլինի սեւ-սպիտակի հերթական խրախճանքի առիթը, միայն թե Հայաստանի Հանրապետությանը դրանից բաժին հասնողը լավագույն դեպքում կլինի ինքնիշխանության մասին բաժակաճառերի նոր հնգամյակը»:
Հավելեմ, որ Ադրբեջանի իշխանությունների այս հակառուսական հիստերիան Ռուսաստանում բնակվող արդբեջանցիների սրտով չէ: Արդբեջանական կայքերի մեկնաբանություններում բազմաթիվ ադրբեջանցիներ գրում են, որ ընդամենը խոսքը գնում է հանցագործների վնասազերծման մասին, որոնք նույն ադրբեջանցի միրգ ու բանջարեղեն վաճառողների են թալանել, ծեծել ու ստորացրել՝ տարիներ շարունակ և հայրենի երկրի այս քաղաքականությունը միայն ու միայն հարվածելու է Ռուսաստանի հասարակ ադրբեջանցիներին:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»