03/07/2025

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք պատրաստ չլինենք պատերազմին

Իսկ պատերազմից խուսափել կամ գոնե պատերազմը հետաձգել չի կարողանա Հայաստանի ոչ մի ղեկավար Պատերազմից հնարավոր չէ խուսափել, պատերազմ, միեւնույն է, կլինի: Եթե մեր շուրջը մշտական պատերազմներ են, մենք չենք կարող «խաղաղության խաչմերուկ» լինել:

Չլինի այս՝ բացառապես իր հոգեբանական տվայտանքներով շարժվող եւ իրականության հետ կապը կորցրած ղեկավարը, լինի ուրիշ՝ ավելի սոլիդ եւ խելամիտ անձնավորություն, միեւնույն է՝ հետաձգել այն ժամը, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի հարձակվել, չի հաջողվի:

Եթե այս մեկ տարում, մինչեւ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը, հանգամանքները նպաստավոր լինեն Ալիեւի համար, նա կանի դա, «շնորհակալ» չի լինի Հայաստանի վարչապետին՝ վերջինիս չափազանց «բարհամբույր» վերաբերմունքի համար:

Հարմար պահը լինի դրանից հետո՝ հարձակումը կձեռնարկի այդ ժամանակ: Փաշինյանի եւ որեւէ այլ ղեկավարի տարբերությունն, այսպիսով, այն չէ, որ մեկը կկարողանա կանխել պատերազմը, մյուսը՝ ոչ:

Խնդիրն այն է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք ո՛չ տնտեսապես, ո՛չ բարոյապես, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով պատրաստ չլինենք պատերազմին, հանձնենք, զիջենք հայկական պետականությունը:

Իսկ մեկ այլ ղեկավար, որի ուշքնումիտքը միայն սեփական աթոռը, սեփական ամբիացիաները, Ֆեյսբուքում սրա-նրա «պորտը տեղը դնելը» չի, կմտածի, թերեւս, թե ինչպես կազմակերպել դիմադրությունը (այդ բառի լայն իմաստով) եւ կփորձի պահպանել պետականությունը: Ինչն, իհարկե, անցած «փառապանծ» ղեկավարումից հետո շատ դժվար կլինի բոլոր դեպքերում:

Պարզ օրինակներ բերեմ: Ալիեւը մանրամասնորեն մշակված ծրագիր ունի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հետ կապված: Փաշինյանը, բնականաբար, ի վերջո կասի, որ դա OK է, «բա հո դրա համար պատերազմ չենք սկսելու»:

Փաշինյանական զանգվածի համար դա նույնպես OK է՝ «Շատ լավ է անում մեր վարչապետը, բա որ Սերժի վախտ…»: Ադրբեջանցիները գալիս են իրենց զինված ուղեկալներով, Էջմիածնում իրենց «հոգեւոր կենտրոնը» հիմնելով: Ի՞նչ է դա, եթե ոչ պատերազմի սկիզբ:

Հիմա պատկերացրեք մի ղեկավարի, որն ասում է, որ այդ «վերադարձը» OK չէ: Այդ «ոչ»-ը դարձյալ կարող է հանգեցնել պատերազմի: Բայց մի դեպքում մենք ՀՀ տարածքում կունենանք 300 հազար ադրբեջանցիներ՝ իրենց զինված ջոկատներով, մյուս դեպքում չենք ունենա:

Կամ՝ մեկ այլ օրինակ: Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատն ասում են՝ «մեր հոգեւորականները սրբապիղծ, մանկապիղծ են եւ պոռնկաբարո»: Փաշինյանական զանգվածը դրա հետ, իհարկե, համաձայն է՝ «Հա, ճիշտ է ասում մեր վարչապետը, էն օրը բաջանաղիս հորեղբայրն իր աչքով տեսավ, որ…»:

Հազարավոր մարդիկ կան Հայաստանում եւ առավել եւս՝ Սփյուռքում, որոնք դրա հետ համաձայն չեն, կամ կարծում են, որ դրանով չպիտի զբաղվեն երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունները:

Այդ ու բազմաթիվ այլ բաժանումները մեր մեջ ստեղծում, առաջացնում են թշնամանք, ատելություն: Մենք կկարողանա՞նք այդ վիճակում կռվել նույն խրամատում: «Խրամատը» դարձյալ պետք է հասկանալ լայն իմաստով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am