03/07/2025

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների տեսակետները համընկնում են

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամները չեն միացել Բաքվում հայ գերիների դատավարություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի առաջարկություններին:

Հրապարակ թերթը գրել է․ Լիլիթ Գալստյանի առաջարկությունները վերաբերում էին «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ մարդասիրական խնդիրններ» բանաձեւում փոփոխություներ կատարելուն: «Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հանդես գալ հայ ռազմագերիների եւ կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին:

Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը, մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը: Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակաբար ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում»,- նշել էր Լիլիթ Գալստյանը Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում ունեցած ելույթում:

Նրա ելույթից հետո լիտվացի պատգամավոր Ռուսլանաս Բարանովասը նկատել էր, որ զեկույցը պատրաստելիս քննարկումներ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ: «Քննարկումից հետո սկզբնական տեքստն ընդունելի էր երկու կողմերի համար»,- հայտարարել էր նա:

Սա նշանակում է, որ հայկական պատվիրակության ՔՊ-ական անդամները լիովին համերաշխ են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ, եւ ստացվում է, որ միջազգային խորհրդարանական կառույցներում հանդես են գալիս հօգուտ Ադրբեջանի: Այսքանից հետո ի՞նչ իմաստ ունի կոկորդ պատռել, թե Հայաստանն իբր հնարավոր ամեն բան անում է՝ գերիների վերադարձի համար:

Ի դեպ, այդ մասին էր կուրծք ծեծում նաեւ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, երբ նոյեմբերին՝ COP 29-ից առաջ, հիմնավորում էր հայ գերիների ազատ արձակման մասին ընդդիմության ներկայացրած նախագծի մերժումը: Նա փորձում էր «լապշա կախել» մարդկանց ականջներից, թե իբր ԵԽԽՎ-ում ու խորհրդարանական այլ կառույցներում հենց իր ու մյուս ՔՊ-ականների ջանքերով է գերիների հարցն օրակարգային դառնում, եւ իբր հայկական դիվանագիտական ներկայացուցիչներն օրուգիշեր այդ հարցով են զբաղված:

Հիմա տեսնում ենք, թե ինչպես են օրուգիշեր աշխատում: Ի դեպ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի ԱԺ պատվիրակ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը ժամանակին աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» հիմնադրամում: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԵԱՀԿ ԽՎ-ում  իշխանական պատգամավորների նման վարքագիծը «իրական Հայաստանը» եւս մեկ քայլով «ինքնիշխան» դարձրեց: Փոխարենը՝ այս «ինքնիշխանության» փաստն ըստ արժանվույն գնահատել են Ադրբեջանում՝ ընդգծելով, որ պատմության մեջ աննախադեպ քայլ է կատարվել ՔՊ-ական «հայ» պատգամավորների կողմից, եւ որ նրանց դիրքորոշումը լիովին համահունչ է ադրբեջանական մոտեցմանը: