Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է.
«Ես տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ, ինչն ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու հետևյալ սցենարով.
1. Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը ու նշում են ժամկետը։
2. Թուրքիան հայտարարում է, որ նրանք պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Հայաստանի հետ ու կբացեն սահմանը։
3. Հայաստանը հայտարարում է, որ պայմանագրից զատ համաձայնություն է կայացվել նաև «խաղաղության խաչմերուկի» շուրջ, որը վերահսկելու է ինչ-որ ամերիկյան ընկերություն (տես մեկնաբանությունների բաժնում զետեղված նյութը)։
4. Մինչ այդ մտադրությունների լիակատար բացահայտումը կամ դրան զուգահեռ, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են լինում հնարավոր դիմադրության բոլոր օջախների չեզոքացմանը։ Այդ գործընթացի մաս է կազմում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը (կուսակրոնության ուխտին հավատարմության մասին Փաշինյանի մտահոգությունները կամ վերջին օրերի աղմուկը, թե ՀԱԵ-ն ինչ-որ հեղաշրջման պլանի մաս է, վիրավորում են իմ ինտելեկտը)։
5. Հայաստանը հայտարարում է, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու պահանջում է Ռուսաստանից դուրս բերել 102-րդ բազան Հայաստանից, որովհետև նախ դրանք, ըստ ներկա վարչակազմի` չեն ծառայել իրենց նպատակին, իսկ հիմա էլ դրանց կարիքը Հայաստանը չունի, քանի որ խաղաղություն է հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Այս ամենից հետո իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով։ Կամ ռուսները սուսուփուս հեռանում են ու դրանից հետո Ադրբեջանում ու Թուրքիայում սկսում են ակտիվորեն քննարկել, թե հայերի ինչի՞ն է պետք բանակը, թե ե՞րբ են հայերը ներողություն խնդրելու Վանի ու Խոջալուի ցեղասպանությունների համար, թե որքա՞ն ժամանակում են վճարելու 30-ամյա օկուպացիայի հատուցումը, թե արդյո՞ք բավական է, որ հայերը համաձայնեն հետ ընդունել 1988-ին Հայաստանից արտաքսված ադրբեջանցիներին, թե՞ նաև պիտի նրանց ինքնավարության կարգավիճակ տան, և այլն։ Երկրորդ տարբերակով ռուսները սուսուփուս չեն հեռանում ու որոշում են դիմադրել։ Ես էս երկու տարբերակից էլ սարսափում եմ ու շատ ուզում եմ, որ էս անգամ իմ ինտուիցիան ու իմ վերլուծական կարողություններն ինձ դավաճանած լինեն»։
Բաց մի թողեք
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան
Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին․ Թանդիլյան