Օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թ. հուլիսի 20-26-ը նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում անցկացնել «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գնումների կայքի՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին միջոցառման անցկացման ծառայությունների համար հատկացվել է 200 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ նշված հիմնադրամի միջեւ։
Իսկ ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. հիմնական անցակետը, որը 150 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա է, պետության վրա արժեցել է 3 մլն դրամ։ Միջոցառման հիմնական անցակետի մոտ գտնվող կայանատեղիի համար վճարվել է 1,5 մլն դրամ, որը նախատեսված է 500 մեքենայի համար։ Հիմնական փակ լսարանը, որը պետք է լինի առնվազն 200 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա, կազմել է 6 մլն դրամ։ 3 փոքր փակ լսարանները՝ առնվազն 100 քմ մակերեսով, ընդհանուր արժեքով կազմել են 4,950 մլն դրամ։ 4 բացօթյա լսարաններն անհրաժեշտ կահավորմամբ արժեցել են 3 մլն դրամ։ Հիմնական աշխատանքային սրահի արժեքը կազմել է 3,5 մլն դրամ։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման հիմնական մեծ բեմի արժեքը կազմել է 15 մլն դրամ։ Երկրորդային փոքր բեմն արժեցել է 5 մլն դրամ։ Հյուրատուն-ավանում տեղակայված վրանները կահավորանքով հանդերձ արժեցել են 10 մլն դրամ։ 6 օրվա համար տղամարդկանց եւ կանանց առանձնացված զուգարանների արժեքը կազմել է 12 մլն դրամ, բաղնիքը՝ 8 մլն դրամ։ Միջոցառման ֆոտո եւ վիդեո նկարահանման, նաեւ միջոցառման հիմնական մասնակիցների համար համազգեստի պատրաստման համար հատկացվել է 15-ական մլն դրամ։
Մինչդեռ Վարդենիսում 200 մլն դրամով կարելի էր ունենալ, օրինակ, տրանսպորտ` գյուղից-համայնք երթուղիով, կարելի էր ապահովել ջեռուցում բազմաթիվ գյուղերում, եւ շատ այլ կենսական հարցեր կարող էին լուծվել, սակայն Կառավարությունը 6 օրվա համար որոշել է 520 հազար ԱՄՆ դոլար ծախսել»։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»
Կենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել 560 հազար ԱՄՆ դոլարը. արդյունքում այն գողացան