03/07/2025

Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկել է. պատճառը ՌԴ անձնագիրը թաքցնելն է. Լուսանկար

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Օնուֆրիին (աշխարհիկ անուն՝ Օրեստ Բերեզովսկի) քաղաքացիությունից զրկելու մասին, հաղորդում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

ՈւԱԾ-ի հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիությունը դադարեցվել է հատուկ ծառայության նյութերի հիման վրա։

«ՈւԱԾ-ը պարզել է, որ Բերեզովսկին (Օնուֆրի) 2002 թվականին կամավոր կերպով ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա այդ մասին չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին։ Միևնույն ժամանակ, դրանից հետո նա շարունակել է վայելել մեր պետության քաղաքացու կարգավիճակը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ՈւԱԾ-ի տվյալներով՝ մետրոպոլիտ Օնուֆրին կապեր է պահպանում Մոսկվայի պատրիարքարանի հետ և «դիտավորյալ դեմ է արտահայտվել ուկրաինական եկեղեցու կանոնական անկախությանը»։

Գաղտնի ծառայությունը մեղադրում է Ռուս ուղղափառ եկեղեցուն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։

2023 թվականի գարնանը մետրոպոլիտ Օնուֆրին՝ իրեեն արված ուղիղ հարցումներին ի պատասխան ասել է, թե ինքը ռուսական անձնագիր չունի։

Մինչ այդ լրագրողները հրապարակել էին հետաքննություն, որի համաձայն՝ Ուկրաինայի եկեղեցու ղեկավարը ռուսական անձնագիր է ստացել 2002-2003 թվականներին։

Նա բացատրել է, որ սովորել է Մոսկվայի հոգևոր ճեմարանում՝ Սուրբ Սերգիոսի Երրորդության Լավրայում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա փաստացի ունեցել է Ռուսաստանի քաղաքացիություն, բայց նաև ձեռք է բերել Ուկրաինայի քաղաքացիություն։

«Ռուսաստանի քաղաքացիությունը ավտոմատ կերպով շարունակվել է, բայց ես դրանով չեմ հետաքրքրվել և չեմ օգտվել:

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լավ եղբայրական հարաբերություններ են եղել։ Երբ այդ հարաբերությունները սկսել են վատթարանալ, հատկապես վերջին 10 տարիների ընթացքում, ես հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից»,- մեկնաբանել է պատրիարքը:

Պատերազմից առաջ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին պատկանել է Մոսկվայի պատրիարքարանին, և 2022 թվականի մայիսին այն ժողով է անցկացրել, որից հետո հռչակել է անկախություն։ Միևնույն ժամանակ, շարունակվել են քննարկումները այն մասին, թե արդյոք ՈւՈւԵ-ն իսկապես անկախացե՞լ է Մոսկվայից։

Շատ եպիսկոպոսներ և քահանաներ չեն աջակցել եկեղեցու անջատմանը Մոսկվայից։ Մետրոպոլիտ Օնուֆրին ընդգծել է, որ ինքը ևս դեմ է արտահայտվել պատերազմին և դատապարտել է ռուսական ագրեսիան։

Այժմ, եթե միտրոպոլիտ Օնուֆրին արտասահման մեկնի, նրան կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա և նրան կսպառնա մուտքի արգելք և արտաքսում: