Հուլիսի 8-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը երրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունել է «Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին» օրենքը, որի քննարկումն սկսվել է տարեսկզբին:
Նախապես տպավորություն կար, որ ինքնավարության սահմանադրության փոփոխություններն ուղղված են ունիտար պետության ամրապնդմանը:
Բաքվի Trend գործակալությունը ներկայացրել է Նախիջևանի ինքնավարության սահմանադրության փոփոխությունները, որ բացառապես շոշափում են ԻՀ Գերագույն մեջլիսի նախագահի լիազորություններին:
Դրանց շարքում հատկապես կարևոր է այն, որ նա ներկայացնում է արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում ներկայացնում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։
Կարելի է վստահաբար ասել, որ Նախիջևանի ինքնավարության հետ ավելի քան երեք տարի տևած մրցապայքարն Իլհամ Ալիևը տանուլ է տվել: Բանն այն է, որ նա, ոտնահարելով թե՛ Ադրբեջանի, թե՛ Նախիջևանի ԻՀ սահմանադրությունը, ինքնավարության բարձրագույն պաշտոնատար անձի կարգավիճակ է շնորհել իր լիազոր ներկայացուցչին:
Միլլի մեջլիսի ընդունած օրենքը վերականգնում է ինքնավարության իշխանության սահմանադրական լիազորությունները և վերահաստատում, որ ՆԻՀ բարձրագույն պաշտոնյան Գերագույն մեջլիսի նախագահն է:
Ընդ որում՝ նրան վերապահվում է արտաքին քաղաքական լիազորություն, մի բան, որ գործող սահմանադրությամբ ամրագրված չէ: Ըստ էության՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսը, թեև անուղղակիորեն, բայց փաստացի վերականգնել է Նախիջևանի պետականությունը կամ ավելի ճիշտ՝ նրա այն կարգավիճակը, որ սահմանված է Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրով:
Կարելի է ենթադրել, որ Նախիջևանի ԻՀ սահմանադրության այս փոփոխությունը կատարվել է Թուրքիայի պահանջով: Ըստ երևույթին՝ Էրդողանին հաջողվել է խափանել Նախիջևանը, որպես Ադրբեջանի մաս ամրագրելու և նրա ինքնավարությունը լուծարելու ալիևյան ծրագիրը: Բացառված չէ, որ այդ հարցում Թուրքիայի նախագահի վրա եղել է միջազգային որոշակի ազդեցություն:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընդունած օրենքը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առումով: Նախիջևանի ինքնավարությունը հարևանների հետ հարաբերություններ հաստատելու իրավունք է ստանում:
Բայց շատ ավելի էական է, որ Նախիջևանի ինքնավարության սահմանադրական վերահաստատումը փաստացի չեղարկում է «Ադրբեջանից՝ Ադրբեջան ազատ հաղորդակցության» մասին Իլհամ Ալիևի նարատիվը:
Ի՞նչ գործոններ են ազդել նման օրենք ընդունելու ալիևյան որոշման վրա: Վերջին տարիների Բաքու-Նախիջևան լարվածությունը կարո՞ղ էր հասնել մի կետի, երբ ինքնավարությունը «կապստամբեր և անկախություն կհռչակեր»:
Չպետք է մոռանալ, որ նման ակտ ինքնավարության Գերագույն մեջլիսն ընդունել է դեռևս 1990 թվականին, և Նախիջևանը փաստացի Բաքվի կողմից չի կառավարվել գրեթե երեք տարի՝ մինչև Հեյդար Ալիևի մեծ քաղաքականություն վերադարձը:
Տպավորություն է, սակայն, որ Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահի կարգավիճակի վերականգնումը պայմանավորված է արտաքին քաղաքական գործոններով: Ադրբեջանի կողմից իրավական նման ակտի ընդունումը կարելի է համարել անցյալ դարասկզբի պայմանավորվածությունների ճանաչում: Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել:
Բաց մի թողեք
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Միթե հնարավոր է համաշխարհային պատերազմի պայմաններում հայ – ադրբեջանական խաղաղություն
Ռուսաստանն Ուկրաինայում ետքայլ կանի՞, որպեսզի Գլոբալ հարավում ռազմավարական պարտություն չկրի