12/07/2025

Բաց նամակ Արամ Ա կաթողիկոսին․ Դուք առաջիններից մեկը պետք է լինեիք Մայր Աթոռում

«Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, բայց իրականացվող ձերբակալություններն ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դեպի Հայրենիք…»

Ամբողջ գիշեր չքնեցի և մտածեցի Ձերդ սրբության՝ այս տողերի շուրջ։ Վեհափառ տե՛ր, մենք կարող ենք ունենալ և արտահայտել տարբեր կարծիքներ, բայց մենք՝ շարքային քաղաքացիներս։ Ամեն մեկն ունի իր հայրենասիրության, եկեղեցասիրության և աստվածպաշտության չափելի սանդղակը։

Բայց Դուք, որ կոչված քահանայապետ եք, և առաջին պաշտպանը եկեղեցվո ու Ձեր՝ կաթողիկոս եղբոր, Ձեր՝ երկու եպիսկոպոս եղբայրների, ովքեր այսօր կալանքի տակ են, Դուք առաջինը պետք է լինեիք Մայր Աթոռում, սատար կանգնեիք Վեհափառ Հայրապետին և եպիսկոպոսաց դասին։

Այնինչ՝ Դուք «չեք քաջալերվել Ձեր քայլերն ուղղելու դեպի Հայրենիք, Ձեզ վհատեցրել են ձերբակալությունները»։ Անասելի ցավ զգացի այս տողերից Վեհափառ տեր։ Համայն Ռուսիո Պատրիարքը և Տիեզերական Պատրիարքը կարող են հեռվից գոռալ «ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ….»

բայց Դու՛ք Վեհափա՛ռ, այսօր, և դեռ մի բան էլ ավելի շուտ, պետք է լինեիք Մայր Աթոռում, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի կողքին՝ սատար և նեցուկ։

Ցավում եմ, որ ձեր՝ երբեմնի հիացական և խրոխտ ձայնով՝ այսօր բավարարվեցիք միայն «երկխոսության կոչով և ամո՛թ, ամո՛թ-ով», այնինչ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ հունիսի 27-ին եկել են «սրով», և դեռ պատրաստվում են։

Հուսով եմ, որ դեռ չեք ուշանա, այլապես Անլթիլիասը ևս կվերածվի դիտորդի հորդորողի և  զուտ ամոթանք տվող մի կառույցի, որը հեռվից նայում է, թե ինչպես են պղծում Մայր Աթոռը։ Հուսով եմ իմ՝ հավատացյալ և հայրենասեր հայորդու այս տողերը կհասնեն Ձեզ։

Որդիական խոնարհությամբ, Մատչիմ ի համբոյր Ձերդ սուրբ և օծյալ աջոյն։

Նիկողոս Հովհաննիսյան