Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
– Այս օրերին Հայաստանում անպատկերացնելի բան է տեղի ունենում` երկրի ղեկավարն արդեն սպառնում է անձամբ առաջնորդել Վեհարանի դեմ գրոհը։ Իրավիճակի Ձեր գնահատականը ո՞րն է:
– Առաջին հերթին ՀՀ քաղաքացին, հայ մարդը, ես ինքս՝ անձամբ, պետք է միասին ազատագրենք Հայաստանի Հանրապետությունը փնթի բռնապետությունից, համակարգային ճգնաժամ ապրող, աթոռապաշտ, ոչ լեգիտիմ իշխանությունից:
– Տեսակետ կա, որ Եկեղեցու թիրախավորումը իշխանությունը չի կարող մարսել, եթե Մայր Աթոռն անսասան մնա ու չզիջի։ Որպես հասարակություն եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ ի՞նչ պետք է ակնկալել Վեհափառից։
– Ես Ամենայն հայոց կաթողիկոսին ի զորու չեմ խորհուրդ կամ խրատ տալ, վստահ եմ, որ նա բոլոր հնարավոր մոտեցումները դիտարկում է, սակայն գուցե անհրաժեշտ լինի ինստիտուցիոնալ, այսինքն՝ հանրակարգային եւ անհատական ներհայեցողությամբ վերլուծել սուրբ եկեղեցու հետագիծը՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում՝ մեր բոլոր իշխանությունների օրոք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ իր ղեկավարությամբ, միշտ չէ, որ եղել է անկախ իշխանությունից, եւ միշտ չէ, որ օրհնել է արժանվույնս, այսինքն՝ օրհնել է անօրհնելին: Այսքանով հանդերձ, ներքին վերափոխումներն ու կատարելագործումները սուրբ եկեղեցու ներքին կանոնի խնդիր են, եւ պետությունը, իշխանությունը որեւէ իրավունք չունեն մեր ազգային ինքնությունը ներկայացնող համաշխարհային ինստիտուտի նկատմամբ որեւէ ոտնձգություն կատարել: Այնպես որ, սա միաժամանակ հնարավորություն է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Եկեղեցին ձեռք բերի այդ անկախությունը՝ պետական առնչակցությունից եւ կցորդ կամ ենթակա լինելու կարգավիճակից: Սա կարող է լինել միայն այն դեպքում, եթե լինի առերեսում անցյալի հետ եւ այդ անցյալի ժառանգության անկեղծ հաղթահարում։
– Եթե այս փորձությունը հայ հասարակությունը պատվով չհաղթահարի, որպես պետություն՝ ո՞ւր ենք հասնելու, ըստ Ձեզ:
– Արդարացի հասարակություն, իրավական պետություն, հավատով տոգորված քաղաքացիներ եւ հավատացյալներ ունենալու հրամայականով մենք պարզապես չենք կարող չհաղթահարել այսօրվա աննախադեպ մարտակոչը՝ մեր ինքնության, մեր պետականության, մեր ինքնիշխանության եւ մեր Եկեղեցու դեմ:
– Երկրում բռնաճնշումների այս փուլում կարծես նոր` 3-րդ ուժ է նշմարվում, կամ առնվազն այդ մասին հայտարարվել է։ Դուք էլ, ի դեպ, խոսել եք դրա անհրաժեշտության մասին։ Սամվել Կարապետյանը կարո՞ղ է միավորող գործոն լինել։
– Պարոն Կարապետյանը մեր սրբազանների, նախկին պատգամավորի, հերոսի հոր, գնդապետի եւ մյուս քաղաքացիների նման եւ նաեւ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հանգույն, մաքուր քաղաքական բանտարկյալ է, եւ, ցավոք սրտի, երեւանյան նման չափանիշն արդեն մոտենում է Բաքվի ստանդարտներին, եւ սա մեծ ողբերգություն է: Բոլոր դեպքերում, պարոն Կարապետյանի թեկուզ ուշացած մուտքը քաղաքացիական, քաղաքական դաշտ՝ որպես շինիչ գործոն, որպես դրական ներկայություն, միայն կարելի է ողջունել: Ողջունել՝ որպես հավաքական պատասխանատվության լուծման մի կարեւոր մասնիկի, բայց ոչ երբեք որպես մի մարդ, որի շուրջը կարելի է որպես փրկիչ համախմբվել: Մենք միասին պետք է այնպիսի համազգային ճակատ ստեղծենք՝ բոլորս, որտեղ միասին կանգնենք թե՛ պարոն Կարապետյանի ազատության, թե՛ սրբազանների, թե՛ շարքային քաղաքացիների ու բոլոր քաղաքական բանտարկյալների համար եւ, առավել եւս, կանգնենք միասին՝ հավաքական լուծմամբ մեր երկիրը, մեր պետությունը, կառավարության շենքն ազատագրելու հրամայականով, եւ այդտեղ ոչ մեկը չպետք է ասի, որ ես եմ առաջնորդելու, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մասնակիցը լինի, վկան լինի, կաթիլ ներդրողը լինի՝ մեր երկրի իրական ազատագրման, մեր իրական երկրի իրական ազատագրման:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում