Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 13-20-ը, հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, կինոգործիչներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ այն մարդիկ, որոնք մասնակցում են փառատոնին, հետագայում հաջողությունների են հասնում, արժանանում են տարբեր մրցանակների։ «Շնորհակալ եմ նրանց, ովքեր կանգնած են փառատոնի կողքին։ 22 տարի փառատոն կազմակերպելը շատ բարդ է, բայց ունենք աջակիցներ, բարեկամներ, որոնք մեզ հետ են»,-ասաց նա և հավելեց՝ փառատոնի ստեղծագործական կազմը, որը հիմնականում կազմված է երիտասարդներից, շատ համարձակ է և հրաշալի ու անսպասելի հյուրերի է հրավիրում։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն է։ Նա տեղեկացրեց, որ 74 մլն դրամ են հատկացրել փառատոնին, որպեսզի հնարավոր լինի լուծել այն բոլոր հարցերը, որոնք բարձրացվել են ավելի վաղ։ Փոխքաղաքապետը կարծում է՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ը ևս հետաքրքիր է լինելու, քանի որ ցուցադրվելու է հարյուրից ավելի ֆիլմ, իսկ ժյուրիի կազմը տպավորիչ է։
Հովհաննիսյանը հայտնեց, որ նախատեսում են մի քանի կրթական ծրագրեր իրականացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ Գաղափարը քննարկել են կինոռեժիսորների, օպերատորների, սցենարիստների, կինոյի բնագավառում ներգրավված այլ մասնագետների հետ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Ոսկե ծիրան»-ը առիթ է խոսելու այն բարեփոխումների մասին, որոնք պետությունն իրականացնում է կինոարտադրության ոլորտում։ «Վերջին ամիսներին ներդրումների մասնակի վերադարձի մասին կարգն ենք հաստատել։ Արդեն կան հայտեր, որոնք քննարկման փուլում են։ Ձևավորված է Կինոյի ազգային հիմնադրամը, որի աշխատանքի արդյունքներն արդեն տեսնում ենք։ Այս պահին կինոյի ոլորտի մասնագետների, տարբեր գիլդիաների ներկայացուցիչների հետ քննարկում ենք կինոյի մասին օրենքի մի քանի կետի փոփոխություններ, որոնք առավել կլավացնեն օրենքն ու թույլ կտան, որ կինոարտադրությունն առավել զարգանա Հայաստանում»,-շեշտեց Դանիելյանը։ Անդրադառնալով «Ոսկե ծիրան»-ին՝ փոխնախարարն ընդգծեց՝ փառատոնի մասին խոսում են Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր փառատոնների ընթացքում, ինչը ձեռքբերում է։ Այդ գործում մեծ դերակատարություն են ունենում կինոյի բնագավառի ականավոր դեմքերը, որոնք հյուրընկալվում են «Ոսկե ծիրան»-ին։ Ըստ Դանիելյանի՝ «Ոսկե ծիրան»-ը եզակի փառատոն է, և այն պետք է տարածաշրջանում լավագույնը լինի՝ նպաստելով կինոարվեստի առաջընթացին։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ շուտով հավատարմագրմամբ կարող են տարածաշրջանային և համաշխարհային փառատոնային քարտեզում արձանագրել փառատոնի հաջողությունները։ «Մենք դառնալու ենք Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի կողմից հավատարմագրվող փառատոն։ Նման փառատոնների թիվը 4 տասնյակից մի փոքր ավելի է։ Հաշվի առնելով այն, որ աշխարհում կան հազարավոր փառատոններ՝ դա մեզ համար կարևոր ցուցանիշ է, ուստի երկար ճանապարհ է անհրաժեշտ անցնել դրան հասնելու համար։ Կան փորձագիտական խմբեր, որոնք մոնիտորինգի և աուդիտի են ենթարկում փառատոնը։ Եկել էին նախորդ տարի, փառատոնն ուսումնասիրել են տարբեր չափորոշիչներով։ Հավատարմագրման որոշումը կկայացվի կամ 2025-ի վերջին կամ 2026-ին»,-շեշտեց Կարեն Ավետիսյանը։
Նա նաև շնորհավորեց ռեժիսոր Թամարա Պետրոսյանին, որի «Արտոյի երկրում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի բացմանը։ Ավետիսյանը դա հրաշալի իրադարձություն է համարում։ Նա հիշեցրեց, որ Ստեփանյանը մշտապես մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին, նաև «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել։ Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմն այս տարի կցուցադրվի «Ոսկե ծիրան»-ին։
«22-րդ փառատոնին զգալի է իրանական ներկայությունը։ «Ոսկե ծիրան»-ը վաղ շրջանից ունեցել է հայ-իրանական կինեմատոգրաֆիկ կապերի ակտիվություն, որի ակունքներում Աբաս Քիառոստամին էր։ Նա փառատոնի՝ համաշխարհային ճանաչում ունեցող առաջին հյուրերից է եղել տարիներ առաջ։ Այս տարի որպես հարգանքի տուրք Քիառոստամիին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որոնք նա է նկարել ու նվիրել «Ոսկե ծիրան»-ին։ Ցուցադրությանը ներկա կլինի մեր պատվավոր հյուրերից մեկը՝ իրանցի մեծ ռեժիսոր Ամիր Նադերին, որը հետհեղափոխական իրանական կինոյի ամենաշրջադարձային ֆիլմերի հեղինակներից է։ Չորս ռեստավրացված տարբերակներով կցուցադրվեն նրա ֆիլմերը»,-տեղեկացրեց Կարեն Ավետիսյանը։
Փառատոնի պատվավոր հյուրերից է նաև Կաննի կինոփառատոնի և «Սեզար»-ի մրցանակակիր Աբդեռահման Սիսակոն։ Նա փառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։ Փառատոնն առաջին անգամ կհյուրընկալի ռեժիսորի Աֆրիկայից։ Կանցկացվի Սիսակոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։
«Ոսկե ծիրան»-ին սպասվում է եռօրյա աննախադեպ օպերատորական աշխատարան։ Տարբեր սերունդների, օպերատորական ոճերի ու դպրոցների օպերատորներ մասնագիտական աշխատարան կանցկացնեն ոչ միայն օպերատորների, այլև կինեմատոգրաֆիստների համար։ Առաջին անգամ փառատոնը հյուրընկալելու է նաև քասթինգի լավագույն մասնագետներից մեկին, որը ևս աշխատարան կանցկացնի մասնագետների համար։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ անդրադարձավ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին՝ նշելով, որ սպասվում են բացառիկ ցուցադրություններ։ Նա նշեց, որ ֆիլմերից մի քանիսը Կաննի կինոփառատոնից հետո «Ոսկե ծիրան»-ի շրջանակում են ցուցադրվելու։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ջաֆար Փանահիի, Դարդեն եղբայրների, Քրիստիան Պեցոլդիի, Նադավ Լապիդի և այլ ականավոր կինոգործիչների ֆիլմեր։ Հովհաննիսյանն առանձնացրեց հայկական ներկայացվածությունը «Ոսկե ծիրան»-ին։ «Փառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներկայացնելու է սկսնակ ու տաղանդավոր հայ կինոգործիչների առաջին կամ երկրորդ աշխատանքները։ «Երևանյան պրեմիերաներ»-ի ծրագրում էլ ներառվել են մի շարք ֆիլմեր, որոնք ստեղծել են թե՛ հայազգի կինոգործիչները, որոնք չեն բնակվում Հայաստանում, թե՛ հայաստանաբնակ կինոռեժիսորները։ Քրիստինե Հարությունյանի «Երազելուց հետո» ֆիլմը, որը Բեռլինի կինոփառատոնի ծրագրում էր, կբացի տարածաշրջանային մրցութային ծրագիրը, իսկ փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմը, որը լայն հասարակությանը հայտնի չէ, կեզրափակի փառատոնը։ Այդպես կտոնենք Հարություն Խաչատրյանի 70-ամյակը»,-նշեց Հովհաննիսյանն ու հորդորեց հավելյալ տեղեկությունների համար հետևել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի սոցիալական էջերին։
Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկն էլ Շառլ Անավուրի քանդակի բացման հանդիսավոր արարողությունն է, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում։
Բաց մի թողեք
«Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմը կբացի Լոկառնոյի կինոփառատոնը․ Լուսանկար
Ինչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ․ Լուսանկարներ
Ռոսսինիի կոմիկական գլուխգործոց «Սևիլյան սափրիչ»-ը կներկայացվի Երևանում