ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գլուշկոն պետդումայի «Միասնական Ռուսաստան» իշխող խմբակցության հետ փակ հանդիպումից հետո ասել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները պատրաստվում են Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական բախման:
Այդ մասին հայտնի է դարձել ՌԻԱ-Նովոստիի գործակալությանը: Գլուշկոն մանրամասնել է, որ թեև Հյուսիս-ատլանտյան դաշինքի Հաագայի գագաթաժողովում առաջադրված ռազմականացման ծրագրերն առայժմ բախվում տնտեսական դժվարությունների, չի կարելի հույս պահել, որ դրանք չեն իրականանա կամ չեն իրականանա ամբողջովին:
Ըստ աղբյուրների՝ Եվրամիությունը մոտ 800 միլիարդ եվրոյի ռազմականացման ծրագիր է մշակել: ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը, վկայակոչելով վերլուծաբանական մի քանի կենտրոնների վկայություններ և կանխատեսումներ, փաստում է, որ Եվրամիության բոլոր երկրներում, բացի Հունգարիայից և Սլովակիայից, արդեն իսկ սկսված է քաղաքացիական արդյունաբերության խոշոր ընկերությունների վերակազմավորման գործընթաց, դրանք վերածվում են ռազմաարդյունաբերական համալիրների, ամենուր կառուցվում են նոր արտադրամասեր, գործարկվում են բարձր տեխնոլոգիական հոսքագծեր:
Ռուսաստանցի մեկնաբանի գնահատմամբ՝ Եվրամիությունն այդպես է արձագանքել իր անվտանգությունը սեփական հնարավորություններով ապահովելու ամերիկյան նոր վարչակազմի կոչին: Այն, ինչը տառացիորեն մեկ-երկու ամիս Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներն ընդունել էին ցնծությամբ, որ «ԱՄՆ-ն Եվրոպան թողնում է անպաշտպան», այսօր ակնհայտորեն խիստ անհանգստացնում է Մոսկվային:
Եվրոպական երկրները, երեւում է, «շոկից ուշքի են գալիս», Գերմանիայի կանցլեր Մերցը, մասնավորապես, միաշանակորեն հայտարարել է, որ ուկիրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական հնարավորություններն սպառված են, «ամեն ինչ կորոշվի մարտի դաշտում»:
Գերմանիան Եվրամիության երկրներից առաջինն է, որ Ուկրաինայի տարածքում ռազմաարդյունաբերական համալիր է կառուցում: Ըստ տեղեկությունների, խոսքը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության մասին է: Օգոստոսին Ուկրաինայում կբացվի թուրքական ԱԹՍ-ների արտադրությունը:
Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի սահմանի ողջ երկայնքով «նախապատերազմական իրավիճակ է». Եվրոպան, իրոք, նախապատրաստվում է ամենավատ սցենարների, որովհետև Ռուսաստանի նախագահի հայտարարությունը՝ որտեղ ռուս զինվորը ոտք է դնում, արդեն մերն է, ընկալվում է որպես իրական սպառնալիք:
Մոսկվան չի թաքցնում, որ նախապատվությունը տալիս է «ուժի իրավունքին»: Ռուսաստանի պետական լրատվամիջոցի մեկնաբանը ձևակերպում է, որ «պետք է հուսալ լավը, բայց պատրաստ լինել վատթարին, այնպես անել, որպեսզի Եվրոպայում, ինչպես դա եղել է պատմության ողջ ընթացքում «Ռուսաստան» բառը լսելիս ուժեղ գլխացավ ունենան»:
Այս ֆոնին հուլիսի 10-ին Աբու-Դաբիում նախատեսված է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որին ընդառաջ արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ կողմերի միջև պատերազմն ավարտված է: «Մենք կարողացել ենք Հայաստանի հետ ռազմական դիմակայությունը տեղափոխել դիվաանգիտական վեճի հարթություն, դա մեծ հաջողություն է»,- ասել է Հաջիևը:
Արդյոք ա՞յդ տրամադրվածությամբ է Աբու Դաբի մեկնում Ադրբեջանի նախագահը, վիճելի ի՞նչ հարցեր կան հայ-ադրբեջանական «դիվանագիտական մրցագորգի վրա»: Սրանք էական են, բայց ավելի կարևոր է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման, հարաբերությունների հաստատման և հետագա կայուն համակեցության պատրաստակամության առումով որքանո՞վ է պաշտոնական Բաքուն ինքնուրույն և որոշումներ կայացնելու մեջ ազատ՝ Հայաստանը:
Ռուսաստանը երկու դար է՝ ներկա է Հարավային Կովկասում: Պատմությունը գրչի մի հարվածով ջնջել հնարավոր չէ: Մանավանդ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այսօր «պատերազմի նախապատրաստվող» Ռուսաստանը և Եվրոպան գլոբալ նշանակության պայմանավորվածության չեն գալու:
Բաց մի թողեք
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Ալիևը հանձնեց Նախիջևանը, Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել
Ռուսաստանն Ուկրաինայում ետքայլ կանի՞, որպեսզի Գլոբալ հարավում ռազմավարական պարտություն չկրի