Հուլիսի 10-ի կեսօրին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ ահաբեկչության նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 7 հոգի: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին էլ նախօրեին էին կալանավորել:
Իսկ այն, ինչ գտել են ուժայինները՝ երեկ դաշնակցական երիտասարդների տների խուզարկությունների ժամանակ, Քննչական կոմիտեն հետեւյալ կերպ է նկարագրում. «Հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր եւ առարկաներ»։
ՔԿ-ն հայտնաբերված իրերի ու «զինատեսակների» լուսանկարներ է հրապարակել: Իսկ ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակը հաղորդեց, որ լուսանկարներում պատկերված իրերը նախատեսված են սթրայքբոլ խաղի համար. «Առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան, նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»: Ապա սիսեռով լցոնված նռնակի լուսանկար հրապարակեց:
Դաշնակցական երիտասարդներին պաշտպանող փաստաբանները վստահեցնում են, որ հայտնաբերված զենքերն օրինական են, առարկաները եւ «նռնակներն» ու «դետոնատորներն» էլ՝ խաղային: Նրանք հիմա երկիմաստ վիճակում են: Լրագրողների հետ զրույցներում փորձում են խոսել իրավական կատեգորիաներով՝ շատ լավ գիտակցելով, որ այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանում, վաղուց դուրս է իրավունքի եւ օրինականության շրջանակներից: «Իրավական անզորության վիճակում ենք մենք, ապրում ենք 37 թիվը՝ Վեհարան ներխուժելը, սրբազաններին կալանավորելը, մի օրում անձին կալանավորելը, տեսչական ստուգումներ սկսելն իր բիզնեսներում: Պարզ է, որ սա քաղաքական հետապնդումների ցայտուն դրսեւորում է, որում ներգրավված են բոլոր կառույցները՝ հարկայինը, դատախազությունը, աշխատանքի տեսչությունը։ Թիմով դարձել են գործիք, որ ներկայիս վարչախումբն անի իր սեւ գործը»,- մեր զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Վահագն Մատինյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
– Ասում եք՝ խուզարկություններով հայտնաբերված զենքն օրինական է, ի՞նչ զենք է դա:
– Զենքը, որը գտել են տղաների տնից, ամբողջն օրինական է: Որսորդմիության անդամ լինելով՝ մարդիկ օրինական զենք են ձեռք բերել՝ կա՛մ սպորտային միջոցառումների ժամանակ կրակելու, կա՛մ էլ որս կատարելու համար, որը մեր օրենսդրությամբ թույլատրելի է, եւ դա նույն ՔՊ ջանքերով հեշտացվեց, քանակը շատացվեց, որ մարդիկ կարողանան զենք ձեռք բերել, այսինքն՝ այս ամենն օրինական է: Ինչ վերաբերում է նռնակին, որի մեջ սիսեռներ են, այդ տղան՝ Վահագն Մատինյանը, հասկանալով էլեկտրականությունից, տեխնիկ լինելով, սեփական նախաձեռնությամբ, որպես սպորտային նմուշ, սարքել է այդ նռնակը: Երբ որ իրենք՝ ընկերներով գնում՝ ամռանը տարբեր վայրերում մարզումներ են իրականացնում կամ, որպես հոբբի՝ սպորտով են զբաղվում, օգտագործում են: Դա խաղալիք է, հասկանո՞ւմ եք, սիսեռով սարքված խաղալիք, ու բոլոր խանութներում, «Փեթակից» բռնած, վաճառում են: Եվ Քննչական կոմիտեն, այս ամենը գիտակցելով, որեւէ մեղադրանք չառաջադրեց այդ տղային` բաց թողեց: Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել, ու գային՝ ձիարշավարանի բոլոր աշխատողներին բռնեին: Ինչ վերաբերում է ձերբակալված 7 տղաներին, նրանց հետ կապը միայն այն է, որ Մատինյանը ՀՅԴ երիտասարդական միության անդամ է, իրենց համակիրն է, մտերմություն ունի իրենց հետ, կարող է` մեկի հետ հեռախոսազանգ է ունեցել: Հիմա եկել են՝ բոլոր ակտիվ երիտասարդներին հերթով փորձում են ձերբակալել: Պարզ է, որ շատերի հայրերը դաշնակցական են, մարտական ուղի են անցել, գիտակցում են, որ այս տարածաշրջանում անձը պետք է զենքի տիրապետի, որ, Աստված չանի, ամեն րոպե կարող է պատերազմ լինել, եւ որոշների տանը եղել է թույլատրելի օրինական զենք: Ու դա, ինչպես Սրբազան պայքարի մասնակիցների դեպքում, մատուցում են իբրեւ ահաբեկչական գործիքներ:
– Սթրայքբոլն ի՞նչ խաղ է: Այդ նռնակները սովորական մարդկանց համար վտանգավոր չե՞ն:
– Դա ներկ կրակելու խաղ է: Տարբեր կորպորացիաներ, բանկի աշխատողներ կազմակերպում են որպես կոլեկտիվ ժամանց, նույնիսկ նման գովազդներ կան: Բանկային աշխատողներն են կազմակերպում, լարվածությունը հանելու ձեւ, ադրենալին ստանալու, ընտանիքներով են խաղում, կանանցով, երեխաներով: Հոբբի է, ինչպես ռալլին, ինչպես հեծանիվը, որը, չնայած արդեն փչացրել են, սպորտի տեսակ:
– Ձեզ հայտնի ապացույցներով, կիսատ-պռատ ձայնագրություններով, այդ գտածոներով կարողանալո՞ւ են հիմնավորել ահաբեկչության նախապատրաստումը, որը շատ լուրջ հանցակազմ է, անգամ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ այդ հոդվածը չեն դրել:
– Չեն կարողանալու հիմնավորել, բայց իրենց խնդիրը հիմնավորել-չհիմնավորելը չէ, այլ՝ հեղինակություն վայելող անձանց՝ Բագրատ սրբազանին, Միքայել սրբազանին, Սամվել Կարապետյանին, դաշնակցական գործիչներին, ընդդիմադիրներին մեկուսացնել հանրությունից, ապա նաեւ հանրությանը շեղել այս օրակարգով այն ամենից, ինչը կատարվում է հիմա դրսում: Այս բոլոր խնդիրներն իրենք մի քանի կոմբինացիայով լուծեցին, եւ ես վստահ եմ, որ դեռ այս շոուն շարունակվելու է, Հանրային հեռուստաընկերությամբ գնալու են խոսեն ահաբեկչությունից: Նրանք գիտեն, որ այս գործերն ապագա չունեն, դրա համար նյութերը չեն հրապարակում, որովհետեւ գիտեն, որ հրապարակելու դեպքում կերեւա, որ ամենը բերած՝ իրար կպցրած է: Մենք տեսել ենք, թե ԲԴԽ-ի կողմից ինչ ճնշումներ են լինում դատավորների վրա, տեսել ենք, որ այս ընթացքում դատավորներ են հեռացվել համակարգից, կալանավորվել, ու գիտենք, որ իրենց ցանկալի դատավորներն իրենց ցանկալի որոշումները կտան, ու այս մարդիկ կշարունակեն մնալ կալանավայրում: Պատկերացրեք, 1 տարի սա շարունակվի, գնա դատարան, այնտեղ պայթի, բայց մարդիկ այս ամբողջ ընթացքում մնացին դատարանում: Նմանատիպ գործ էր ժամանակին «տասի գործը»: Նույն Գեղամ Մանուկյանի որդին այդ գործով անցնում էր: Մարդկանց կալանավորեցին, Մանթաշյանը, առողջական խնդիրներ ունենալով, 6 ամիս նստեց, Տարոնը` 4 ամիս, կարծեմ, ու դրա հետեւանքով հեռացվեց համալսարանից։ 3 տարի դատավարական պայքարից հետո մեզ հաջողվեց նրանց արդարացնել, բայց նրանց կյանքում ճակատագրական փոփոխություններ եղան: Սա նախադեպ եղավ, որ մյուսներին վախեցնեն։ Սա է խնդիրն ու մարտավարությունը:
– ՔԿ-ի հրապարակած լուսանկարներից տպավորություն է, որ մի ահռելի զինանոց են գտել:
– Այո, հենց դա է պետք: Տեսեք, մեր օրենսդրությունը նախկինում թույլ էր տալիս մեկ անձին՝ ունենալ 5 միավոր զենք, հիմա կարելի է 10 միավոր ունենալ, իմ պաշտպանյալ Մատինյանն ուներ 3 միավոր զենք` թղթով, սեյֆով: Վերցրել են ու տանելու են կալանքի, ասելու են՝ ահա, զենքեր ենք գտել: Գլխավոր դատախազն էլ մի տեղ հարցազրույց է տալու ու ասի՝ ո՞վ ասաց, որ օրինական զենքով հանցագործություն չեն անում: Բայց ողջամիտ չէ այս ամենը: Նույն տրամաբանությամբ՝ մարդկանց տանը կա ուրագ, դանակ, կացին, գտնեն ասեն՝ սառը զե՞նք է: Տեսեք, փորձագետն ասաց՝ եթե սիսեռի փոխարեն դնեն այլ բան, կարող է դառնալ զենք, այդ նույն տրամաբանությամբ՝ եթե աղցանի մեջ թույն լցվի, աղցանը կարող է դառնալ սպանության գործիք:
– Ձերբակալությունները, խուզարկությունները, վերջին կալանավորումները կատարվում են ակնհայտ դատավարական խախտումներով՝ փաստաբաններին նյութեր չեն տրամադրում, թույլ չեն տալիս ներկա գտնվել գործողություններին եւ այլն: Ի՞նչ եք անելու՝ Ձեր պաշտպանյալներին անհարգալից վերաբերմունքից, ապօրինություններից պաշտպանելու համար:
– Բողոքելով մի բանի հասնելու ակնկալիք չունենք, որովհետեւ այն ատյանը, որին պետք է բողոքենք, դա էլ է զավթված: Նույն՝ Կարապետյանի գործով մարդիկ վերաքննիչ բողոքը հետ վերցրին, բայց աճպարարություն տեղի ունեցավ, եւ գործը նորից հայտնվեց այն դատավորի մոտ, որին ցանկանում էր իշխանությունը: Հիմա մենք հասկանում ենք, որ կալանավորումն ապօրինի էր, նույն՝ Բագրատ սրբազանի դեպքում: Ես, լինելով Բագրատ սրբազանի պաշտպանը, հույս չունեմ, որ Վերաքննիչ դատարանում բան է փոխվելու, չնայած չկային կալանքի հիմքեր: Ինչ փաստարկ էլ մենք` փաստաբաններս ներկայացնենք, ձայն բարբառո հանապատի: Կլսեն դատավորները, հարցեր կտան՝ տպավորություն ստեղծելով, թե ուզում են հասկանալ՝ ինչ է եղել, ու կանեն այն, ինչ հիմա են անում:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար