11/07/2025

Ռուսաստանի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճիռը կարելի՞ է համարել Ալիևին արված ազդակ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նիդեռլանդների և Ուկրաինայի համատեղ հայցի հիման վրա Ռուսաստանի նկատմամբ երկու վիճռ է կայացրել:

Առաջինը Ռուսաստանին դատապարտում է Ուկրիանայի հետ զինված հակամարտության ընթացքում մարդու իրավունքների զանգվածային խախտման համար: Երկրորդ վճռով Ռուսաստանը պատասխանատու է ճանաչվել 2014 թվականին Դոնեցկի մարզի օդային տարածքում Boeing 777 քաղաքացիական ինքնաթիռի խոցման համար, որի հետևանքով հարյուր խաղաղ մարդիկ են զոհվել:

Ռուսաստանցի մեկնաբանների կարծիքով՝ ՄԻԵԴ-ի վճիռը քաղաքական է, նպատակ ունի օդանավի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին ուղղորդել, որպեսզի նրանք փոխհատուցում ստանալու հայցեր հարուցել Ռուսաստանի դեմ: Պաշտոնական Մոսկվան, ինչպես հայտնի է, այդ աղետի համար պատասխանատվությունը չի ընդունում, համարում է, որ «սադրանքը կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները»:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետաքննությունը, մինչդեռ, հաստատել է, որ քաղաքացիական օդանավը խոցվել է Ռուսաստանի ԶՈՒ-ին պատկանող ՀՕՊ համակարգից, հրթիռն արձակվել է ինքնահռչակ «Դոնեցկի Հանրապետության» տարածքից:

Հարցին, թե Ռուսաստանը կկատարի՞ ՄԻԵԴ որոշումը, փոխհատուցում կվճարի՞ աղետի զոհերի ընտանիքներին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հակիրճ պատասխանել է․ «Ո՛չ, մենք այդ վճիռն առ ոչինչ ենք գնահատում»:

Ուշագրավ է, որ ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած օդային աղետի վերաբերյալ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնում մի փուլում, երբ դեռևս ավարտված չէ անցյալ տարեվերջին Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակման պատճառների քննությունը:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությամբ հետաքննությունը պետք է ավարտի առաջիկա դեկտեմբերին:

Ռուս-ադրբեջանական լարվածության համատեքստում անցած օրերին ադրբեջանական կողմը վերաթարմացրել է օդանավի խորտակման թեման: Բաքվի բոլոր աղբյուրները միաձայն պնդում են, որ օդանավը ենթարկվել է ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների ազդեցությանը:

Նույնիսկ շրջանառվում է ՀՕՊ կայանքի օպերատորի բացատրությունը, որտեղ նա պնդում է, որ ստացել է հրթիռ արձակելու հրաման և այն կատարել:

Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստանը կատարվածի համար պետք է պաշտոնապես և հրապարակային ներողություն խնդրի և զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարի: Մոսկվան անցած յոթ ամիսներին այդ կապակցությամբ որևէ հայտարարություն չի արել, բացի այն, որ պետք է սպասել աղետի պատճառների քննության վերջնական արդյունքներին:

Ըստ երևույթին՝ Ռուսաստանը չի պատրաստվում ներողություն խնդրել և, մանավանդ, պատժել մեղավորներին: Ադրբեջանական վտարանդիության մի աղբյուր օրերս ֆեյսբուքյան գրառմամբ բացահայտել է, որ ադրբեջանական օդանավը խոցելու հրաման «տվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատի մի պաշտոնյա, որին Վլադիմիր Պուտինը պատժել չի կարող»:

Դժվար է ասել, թե այդ տեղեկության ո՞ր մասն է համապատասխանում իրականությանը, բայց ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի և Ռամզան Կադիրովի հարաբերությունները խզված են: Վերջերս Կադիրովի որդու պսակադրությանը Բաքվից ոչ ոք ներկա չի գտնվել, թեև ավելի վաղ Կադիրովը և Ալիևը միմյանց «եղբայր» են անվանել:

Ադրբեջանը Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակման հայցով կդիմի՞ ՄԻԵԴ, եթե աղետի պատճառների հետաքննությամբ պարզվի, որ «ինքնաթիռն արտաքին ազդեցության չի ենթարկվել»:

Ռուսաստանի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճիռը կարելի՞ է համարել Ալիևին արված ազդակ, որ ճշմարտությունը բացահայտելու միակ հնարավորությունը Եվրոպայի հետ համագործակցությունն է: Մոսկվան ադրբեջանական օդանավի կործանման պատասխանատվությունը հրապարակային չի ընդունի: