17/09/2025

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային զենքի մատակարարումները։

Այս մասին հուլիսի 11-ին, ուկրաինացիներին ուղղված ամենօրյա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են»,- ասել է նա։

Զելենսկին չի մանրամասնել, թե որ համակարգերն են մատակարարվում ԱՄՆ-ից։ «Մենք նաև պատրաստում ենք եվրոպական պաշտպանության նոր փաթեթներ»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին:

Լվովում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և մի քանի տներ, մանկապարտեզ, տասնյակ ավտոմեքենաներ:

Խափանվել է տրոլեյբուսային երեք երթուղու երթևեկությունը, վնասվել է երկու արդյունաբերական օբյեկտ։

Չեռնովցիում դրոնների և հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով երկու տեղացի է զոհվել, 14 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնել է մարզի ղեկավար Ռուսլան Զապարանյուկը: Քաղաքում վնասվել են բնակելի տներ, խանութներ, վարչական շենքեր և ավտոմեքենաներ։

Լուցկում ավերվել է մասնավոր բնակելի շենք, ևս մի քանի տներում կոտրվել են ապակիները, այրվել է մեկ ավտոմեքենա: Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Խարկովում էլ վնասվել է ձեռնարկություն, բազմաբնակարան շենք, բարձրագույն կրթության հաստատություն, ավտոտնակ, երեք ավտոմեքենա: Վիրավորվել է չորս մարդ: