30/07/2025

ՌԴ-ում ինչ է կատարվում Տրանսպորտի նախարարի ինքնասպանությունից հետո․ Լուսանկար

Կոռուպցիան այն ոչ պաշտոնական գործոնն է ռուսական իշխանական բուրգում, որն ապահովում է որոշակի կարգուկանոն եւ կենտրոնից եկած հանձնարարությունների կատարում։

Զուգահեռաբար, կոռուպցիայի դեմ պայքարը կարող է իրականացվել միայն կենտրոնից, եւ միայն այն դեպքում այն կլինի արդյունավետ, եթե իրականացվի որպես վարչակարգի զտման կամ վերակառուցման կամային գիտակցված գործողությունների ծրագիր։

Կոռուպցիայի դեմ տարերային պայքարը, որպես կանոն, բռնկվում է որպես վարչակարգային համակարգերի խոր ընդերքում տիրող էկոլոգիական վիճակի վատթարացման հետեւանք եւ կոնկրետ Ռուսաստանի պարագայում կարող է լինել նախանշան առ այն, որ իշխանական համակարգի ներսում որոշակի ապակայունացման տրամադրություններ են հայտնվել։ Իսկ որպես վարչակարգային համակարգի ընդերքներում տիրող էկոլոգիական վիճակի վատթարացում կարող է դիտարկվել ռուս-ուկրաինական ռազմական առճակատման հետեւանքով առաջացած ֆինանսական գերբեռնվածությունը։ Այս մասին գրում են ռուսական տելեգրամյան ալիքները՝ փորձելով վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում իշխանական բարձր էշելոններում՝ աչքի առաջ ունենալով այդ երկրի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի ինքնասպանությունը։ Կոռուպցիոն սխեմաները էլիտաների կամ վարչակարգային համակարգերի անբաժանելի մասն են, որոնք ինչ-որ տեղ նաեւ գործոն են հանդիսանում, որպեսզի ապահովվի վերջիններիս կենսագործունեությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարի անվան ներքո «ուժայինների» կամ, որ նույնն է՝ «գիշատիչների» կողմից իրականացվող գործողությունները, որոնք կարելի է անվանել նաեւ «որս», ինչ-որ առումով խախտում են արդեն ձեւավորված բալանսը եւ կարող են ազդել ընդհանուր համակարգի ֆունկցիոնալության վրա։ Նման գործողությունները, երբ շղթայի օղակներից մեկը ձերբակալվում է կամ հեռացվում ասպարեզից, կարող է բերել շղթայի խաթարման, շղթայի մյուս օղակներին կարող է զրկել պաշտպանվածությունից եւ ռեսուրսներից, ինչը կարող է արդեն տեղում բերել պարալիզացման, գործընթացների խափանման։

Այս ամենը կարող է հանգեցնել ընդհանուր միջավայրում վախի մթնոլորտի առաջացման, քանի որ իր հերթին որոշակի անկանխատեսելիության պատճառ է դառնում, իսկ դա պուտինյան Ռուսաստանում մեծ հաշվով ընկալելի չէ, քանի որ վերջինս կանխատեսելիության եւ բալանսավորման վրա է կառուցված։ Իսկ կանխատեսելիությունը նախեւառաջ նշանակում է խաղի հստակ կանոնների առկայություն, կանոններ, որոնք ձեւավորում են միջավայրը, մթնոլորտը եւ համակարգը, ապահովում վերջինիս անխափան կենսագործունեությունը։

Ինչ տրամադրություն է տիրում նախարարի ինքնասպանությունից հետո