Բաքվի գործադիր իշխանությունը մերժել է Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու մասին «Մուսավաթ» կուսակցության ներկայացրած իրազեկումը: Ադրբեջանում արդեն ավելի քանի հինգ տարի է՝ զանգվածային միջոցառումներ չեն անցկացվում: Բաքվի քաղաքային իշխանությունները մերժումը պատճառաբանել են «քաղաքական աննպատակահարմարությամբ»:
Այս ֆոնին Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծելով իր և Իլհամ Ալիևի քաղաքական տարաձայնությունները, նշելով, որ գործող վարչախումբն իր և կուսակիցների դեմ տասնամյակներ շարունակ հետապնդումներ է իրականացնում, ռուս-ադրբեջանական հարաբերություններում պաշտոնական Բաքվին աջակցություն է հայտնում և երկու կարևոր առաջարկություն հնչեցնում:
Քերիմլին Իլհամ Ալիևին հորդորում է «հնարավորինս արագ հաշտություն կնքնել Հայաստանի հետ և անցնել հարաբերությունների հաստատման» և զուգահեռաբար «չեղյալ հայտարարել ռազմավարական գործընկերության մասին Վլադիմիր Պուտինի հետ 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագիրը»:
Քերիմլին բավական փորձառու քաղաքական գործիչ է և, անշուշտ, գիտի, որ Պուտին-Ալիև հռչակագիրը վավերացման գործընթաց չի անցել և հիմնականում քաղաքական փաստաթուղթ է: Այն ադրբեջանական կողմից կարող է չեղարկվել միայն մի ձևով, եթե Իլհամ Ալիևը հայտարարի, որ հրաժարվում է իր ստորագրությունից:
Տպավորություն է, թե այդ հռչակագրին կից գոյություն ունեն չհրապարակված համաձայնություններ, որոնց կատարումն Ալիևի համար առնվազն խնդրահարույց են, և նա փորձում է «հանրային-քաղաքական բողոք» հարուցել:
Ադրբեջանում 1992 թվականի հունիսի 7-ի նախագահական ընտրություններում Ժողճակատի թեկնածու Աբուլֆազ Ալիև-Էլչիբեյը հաղթել է Հեյդար Ալիևի աջակցությամբ: Նախկին պետական քարտուղար Լալա –Շեւքեթ Հաջիևան վկայել է, որ անձամբ բանակցել է Էլչիբեյի հետ, և նա խոստացել է «որևէ հարմար պահի պաշտոնը զիջել միակ արժանի մարդուն՝ Հեյդար Ալիևին»:
Բացառված չէ, որ ստեղծված իրավիճակում Իլհամ Ալիևն ունի Ժողճակատի աջակցության կարիքը, և Քերիմլին Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ուղեգծից հրաժարվելու գաղափարն ակտուալացնելու պատասխանատվություն է ստանձնել:
Turan Union սոցիալական հարթակի տեղեկացվածությամբ՝ Իլհամ Ալիևը չի ընդունել Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց, ՌԴ ԱԻ նախարար Կուրենկովին, որ պետք է նրան Ռուսաստանի նախագահից հատուկ ուղերձ փոխանցեր:
Ըստ երևույթին, այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ադրբեջանական մամուլում անգամ երկու երկրների ԱԻ նախարարների հանդիպման մասին տեղեկություն չկա:
Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը չեղարկելու անհրաժեշտության մասին են խոսում նաև Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության գործիչները և նրանց տեղեկատվական ռեսուրսները:
Նրանք հայտնում են, որ Ռուսաստանի հետ լարվածության համատեքստում տնային կալանքի է ենթարկվել նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևը, որ ռուս-ադրբեջանական համագործակցության «ճարտարապետներից մեկն է»:
Բացառված չէ, թերևս, որ Ալիևը հերթական քարոզչախաղն է տանում, որպեսզի Պուտինի հետ հնարավոր հանդիպմանը ներկայանա որպես Ադրբեջանում «ագրեսիվ հակառուսականությունը զսպող միակ գործիչ»:
Բայց նա, կամա, թե ակամա, հակառուսականության «ջինը շշից բաց է թողել», իսկ կրկին արգելափակելու փորձը կարող է ներքին անկայունություն «պայթեցնել»:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին