16/10/2025

Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Թեհրանի վրա Իսրայելի հարվածի հետևանքով և ստացել է ոտքի թեթև վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

Ըստ Rbc.ru-ի, այս մասին հաղորդել է Fars-ը։

Գործակալությունը հայտնել է, որ հրթիռակոծվել են շենքի մուտքերն ու ելքերը, սակայն պաշտոնյաներին հաջողվել է շենքից դուրս գալ արտակարգ ելքի միջոցով։

Հաշվի առնելով այն տեղեկատվության ճշգրտությունը, որի վրա հիմնված է եղել Իսրայելի հարվածը, Թեհրանը հետաքննում է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը:

Ըստ Fars-ի՝ հարձակումը «մոդելավորվել է» լիբանանյան շիաների «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահի սպանության օրինակով, որը սպանվել էր իսրայելական ավիահարվածի ժամանակ Բեյրութի հարավային արվարձան Դահիյայում գտնվող խմբավորման ստորգետնյա շտաբ-բնակարանի վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իր դեմ, ինչը ձախողվել է։