15/10/2025

France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. Տեսանյութ

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված կեղծ լուրին, թե Ֆրանսիան իբր գաղտնի միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։  

Հեռուստաընկերության ռեպորտաժում թղթակից Կատարինա Մաղշոն դը Աբղոն շեշտում է, որ կեղծ լուրն արագորեն վիրուսային է դարձել սոցցանցերում։

«Հրապարակումն արվել է հունիսի 25-ին, և հենց նույն օրը սկսել է տարածվել։ Միայն «X» հարթակում այն դիտել են ավելի քան 2.1 միլիոն անգամ։ Հրապարակման մեջ ասվում էր, որ ֆրանսիական Orano ընկերությանը, որն աշխատում է միջուկային ոլորտում, անհրաժեշտ է եղել միջուկային թափոնների նոր պահեստ, և իբր այդ պահեստը գտնվել է Հայաստանում։ Ավելին՝ նշվում է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 1.6 միլիոն եվրոյի կասկածելի «նվիրատվություն» Ֆրանսիայից և դրա դիմաց հանձնել է տարածք ազգային պարկում։ Միջավայրը, բնակչության առողջությունը իբր զոհաբերվել են շահույթի դիմաց։ Բացի այդ՝ տարածվում էր իբր «լրատվական» տեսանյութ՝ Courriere France 24 անունով մի լրատվամիջոցից։ Տեսանյութը ֆրանսերեն է, բայց խիստ ակցենտով և ակնհայտորեն չի համապատասխանում պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտներին։ Այսպես կոչված «լուրն» ակտիվորեն տարածվում էր «X»-ի ռուսամետ էջերով»,- նշել է նա։

Հեռուստահաղորդավարի հարցին, թե ինչպես է այդ կեղծ լուրը հայտնվել, թղթակիցը մանրամասնել է, որ առաջին հրապարակումը եղել է հունիսի 25-ին ֆրանսալեզու մի կայքում՝ Courriere France 24 անվանումով։

«Այդ կայքին էին հղում անում բոլոր գրառումները, բայց այդ կայքը կեղծ է։ Դոմենի գրանցման տվյալներից երևում է, որ այն ստեղծվել է վերջերս՝ 2025 թվականի հունիսի 16-ին, այսինքն՝ ընդամենը 10 օր առաջ։ Կայքի IP հասցեն ցույց է տալիս, որ այն Ֆրանսիայում չի ստեղծվել, այլ Պերուում։ TF1-ի գործընկերները կայքը ուսումնասիրել են արհեստական բանականության գործիքներով և պարզել, որ բոլոր տեքստերը գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքում բազմաթիվ անգամ օգտագործվել են հայտնի լրատվամիջոցների անուններ, այդ թվում՝ France 24-ի։

Հիմնականում բոլոր կեղծ հոդվածները ստորագրված են Ռոմեն Ֆակետի անունով՝ իրական ֆրանսիացի լրագրող, որը, ինչպես ինքն է հաստատել LinkedIn-ում, դարձել է անձնական տվյալների գողության զոհ։ Նրա անունը կեղծ կայքի կողմից օգտագործվել է առանց իր իմացության»,- ասել է Մաղշոն դը Աբղոն։

Նա անդրադարձել է նաև հարցին, թե ով է կանգնած այդ ապատեղեկատվական արշավի հետևում։

«Ինչպես նմանատիպ այլ դեպքերում, այստեղ ևս կան բոլոր նշանները, որ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, որն օգտագործում է ռուսական քարոզչությանը բնորոշ մեթոդներ՝ կեղծ կայքերի ստեղծում, հայտնի կազմակերպությունների անունների օգտագործում՝ ստին հավաստիություն հաղորդելու նպատակով։

Օրինակ՝ «Green Armenia» ՀԿ-ի անվան տակ հանդես եկող կայքը, որտեղ հայտնվել էր այդ լուրը, կեղծ էր։ Իրական ՀԿ-ն գոյություն ունի, սակայն կեղծ կայքը ստեղծվել է հունիսի 18-ին՝ հենց «լուրերի» տարածման նախօրեին։ Իրական կայքի հասցեն է՝ green-armenia.org, իսկ կեղծինը՝ greenarmenia.org։ Փոքր տարբերություն, բայց էական։ Այն բանից հետո, երբ տեղեկությունը հայտնվեց այդ կեղծ կայքում, այն սկսեց լայն տարածում ստանալ «X»-ի ռուսամետ օգտատերերի կողմից։ Լուրն առաջ էին մղում դերակատարներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ։ Ի վերջո, ամենայն հավանականությամբ, այս արշավը համակարգվել է նաև Ադրբեջանի կողմից։ Ֆեյքը լայնորեն տարածվեց ադրբեջանական մեդիայում հեռուստատեսությամբ և լրատվական գործակալություններով։ Եզրակացություն՝ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է՝ ուղղված թե՛ Փարիզի, թե՛ Հայաստանի դեմ»,- եզրափակել է France 24-ի թղթակիցը։