Հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնի օրն է: Բրյուսելում ավարտելով Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահի ու Բելգիայի վարչապետի հետ հանդիպումները, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ և Ֆրանսիայի նախագահի հետ Ելիսեյան պալատում քննարկել, ինչպես ինքն է ֆեյսբուքի անձնական էջում ձևակերպել՝ «երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»:
Հայաստանի վարչապետը եվրոպական շրջայց է կատարում Արաբական միացյալ էմիրություններում Ադրբեջանի նախագահի հետ շուրջ հինգ ժամ տեւած բանակցություններից չորս օր հետո և, ամենայն հավանականությամբ, թե Եվրոպայի խորհրդի ու Եվրահանձնաժողովի, թե Ֆրանսիայի նախագահին ու Բելգիայի վարչապետին ներկայացրել է Ալիևի հետ քննարկումների ձեռք բերված կամ առնվազն նախանշված արդյունքները:
Հնարավոր է՝ դա կողմերի միջև պայմանավորվածությամբ է արվում. Եվրամիության և մանավանդ Ֆրանսիայի հետ Ալիևի հարաբերությունները բավական բարդ են:
Հայաստանի վարչապետի Բրյուսել և Փարիզ այցը կայացել է նույն օրը, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին: Հյուսիս –ատլանտյան դաշինքի գագաթաժողովը բոլորովին վերջերս է գումարվել: Եվ եթե ծագել է Դաշինքի գլխավոր քարտուղարի Վաշինգտոն մեկնելու անհրաժեշտություն, ուրեմն առկա են հրատապ կարգավորման ենթակա խնդիրներ:
Դատելով Թրամփ-Ռյուտե բանակցություններին ռուսաստանյան մամուլի արձագանքներից, Մոսկվայի համար այդ բանակցությունները, մեղմ ասած, «խիստ նյարդայնացնող են»: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե հիսուն օրվա ընթացքում Ուկրաինայում հրադադար չհաստատվի, ապա ինքը Ռուսաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ հարյուր տոկոսի մաքսատուրք կսահմանի, ինչպես նաև նույն չափով «կպատժվեն» Ռուսաստանից նավթ գնող երկրները:
ԱՄՆ նախագահը բացահայտել է, որ ՆԱՏՕ-ի հետ հասել են պայմանավորվածության, որ Միացյալ Նահանգները կվերսկսի Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը, իսկ «վճարումները կհոգա Եվրոպան»: Եթե այս որոշումը գնահատենք «սոսկ գործարք է» սկզբունքով, ապա նույնը չենք կարող ասել Թրամփի արդեն բացառապես քաղաքական որոշման մասին, նա վստահ է, որ Ուկրաինային արդիական սպառազինությունների մատակարարումը «կմոտեցնի խաղաղությունը»:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԱՄՆ-Ռուսաստան «ձնհալը դեռ չսկսած՝ դադարում է», Մոսկվան և Վաշինգտոնը վերադառնում են դիմակայության ռեժիմի: Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի ներկայացմամբ՝ Արևմուտքը կսթափվի միայն «միջուկային վերջնագիր ստանալու դեպքում»:
Ընդսմին, նա հավելել է, որ Ռուսաստանը «չէր ցանկանա, որ այդպես լիներ, բայց մենք այլ ընտրություն չունենք»:
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման և վստահություն հայտնել, որ կողմերը մոտ ապագայում կհասնեն խաղաղության: Ըստ երևույթին, նման վստահություն ունեն կամ Թրամփի հայտարարությունից հետո կունենան նաև Բրյուսելում և Փարիզում:
Խնդիր է, թե «հավաքական Արևմուտքին միայնակ դիմադրող» Ռուսաստանը, եթե իրավիճակի հասնի «միջուկային վերջնագիր ներկայացնելուն» կամ ընդհուպ մոտենա դրան, Հարավային Կովկասը նույնպես ներառնելո՞ւ է «անձեռնմխելի տարածքային քարտեզներում»:
Բաց մի թողեք
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»
Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիք