16/07/2025

Գլխիվայր շրջված տրամաբանություն

Տարեցները կհիշեն սովետական տարիների առաջին տասնամյակի բանաստեղծ Մայակովսկու «Լենին» պոեմի տողը` Լենին ասելով հասկանում ենք կուսակցություն, կուսակցություն ասելով՝ հասկանում ենք Լենին: Անկեղծ ասած, անգամ մոռացել էի, թե որ ստեղծագործությունից էր այն, քանի որ այս արտահայտությունն «ապրում» էր իր առանձին կյանքով:

Ինչևէ, 100 տարի անց հայտնվել ենք նույնանման իրավիճակում. պետական ինչ կառույցի անվանում էլ տանք՝ պետք է հասկանանք Նիկոլին: Եթե 100 տարի առաջ սովետական պոետը հպարտությամբ էր գրում այդ արտահայտությունը, քանի որ դա գաղափարական կարգախոս էր, ապա այսօր այն կարող է հնչել զուտ զավեշտալից:

Հաշվի առնելով նաև, որ մենք ապրում ենք ոչ խորհրդային երկրում և այն էլ 21-րդ դարում:

Նույնիսկ ավելին՝ ապրում ենք «ժողովրդավարության բաստիոնում» կամ ամերիկյան տարբերակով ասած՝ «ժողովրդավարության փայլուն աստղ» պետությունում, որտեղ պետական ինչ կառույց էլ լինի՝ կառավարությունից ու վարչապետի ենթակայության կառույցներից բացի, չպետք է ասոցացվի պետության ղեկավարի անվան հետ՝ ով էլ զբաղեցնի այդ պաշտոնը:

Բայց քանի որ մենք իրականում ապրում ենք ոչ թե «ժողբաստիոնում», այլ ծուռ հայելիների թագավորությում, ապա ամենազավեշտական երևույթն անգամ պետք է ընդունենք որպես դրան խիստ հարազատ միջավայր: Կամ էլ մերժենք թե՛ այդ թագավորությունը և թե՛ դրա հեղինակին կամ հիմնադրին՝ եթե թագավորության առումով հեղինակ ասելն այնքան էլ ճշգրիտ չէ:

Ինչևէ, անցում կատարենք ռուսաստանաբնակ գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին դեռևս պատկանող ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Հրապարակի» ընթերցողներն արդեն տեղյակ են «ՀԵՑ» ՓԲԸ-ն օրենսդրորեն պետականացնելու գործընթացի մասին: Չէ, կներեք, ոչ թե պետականացնելու, այլ գործարարի ձեռքից խլելու անօրինական գործընթացի:

Հուլիսի սկզբին դրան միացավ սահմանադրորեն անկախ՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Իր անդամների մեծամասնությամբ՝ 5-ից 3-ը, հանձնաժողովը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով կատարվելիք փոփոխությունների դիմումը։ Փոփոխության իմաստն այն էր, որ նախկինում հաստատված՝ 47.6 միլիարդ դրամի փոխարեն ՓԲԸ-ն ցանկանում էր կատարել 53.98 միլիարդ դրամի ներդրումներ։ Այսինքն, դրանք ավելացնել 6.38 մլրդ դրամով կամ 16 մլն դոլարով:

Նորմալ պետության ադեկվատ իշխանության պարագայում դեռևս ս. թ. մարտին ներկայացված դիմումը պետք է վաղուց հաստատված լիներ: Հատկապես որ մնացած բոլոր դեպքերում ոչ միայն հաստատվում էր, այլև կառավարության որոշմամբ՝ եթե լինում էր դրա անհրաժեշտությունը, հարկային արտոնություններ էին տրվում իրականացնող ընկերությանը: Այս դեպքում բացարձակ անհասկանալի էր, թե ինչու էր հանձնաժողովը դարակում 3 ամիս պահել ՀԷՑ-ի դիմումը: Այն, որ դա օրենսդրորեն է նախատեսված, «ժողբաստիոնի» պարագայում կարելի էր արհամարհել, քանի որ շատ ավելի լուրջ խնդիրների դեպքում է օրենքը բանի տեղ չդրվել:

Հիշենք, օրինակ, Սահմանադրական դատարանի վերաբերյալ 2020 թվականի անօրինությունը, երբ քովիդի համավարակի պատճառով չանցկացվեց նախապես որոշված հանրաքվեն (թիվ 1 խախտում) և հարցը լուծվեց Ազգային ժողովի քվեարկությամբ (թիվ 2 խախտում): Այնպես որ հանձնաժողովը կարող էր ավելի վաղ տալ իր համաձայնությունը՝ հաշվի առնելով, որ երեք ամիս անց տարին կիսվելու էր:

Ու ՀԷՑ-ի տնօրինությունն էլ ընկնելու էր ավրալային կամ արտակարգ իրավիճակի մեջ, որպեսզի հասցներ կատարել ներդրումները: Ի դեպ, ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանի ասելով, մինչև Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները հանձնաժողովում եղել են քննարկումներ, որոնց ընթացքում «ակնարկ անգամ չի եղել», որ դիմումը մերժվելու է:

Ինչևէ, զավեշտական էր ոչ միայն մերժումի փաստն ինքնին, այլև դրա հիմնավորումը: 16 մլն դոլարով ներդրումների ավելացման դեպքում, ըստ հանձնաժողովի որոշման, ավելանալու են, նախ, պլանային անջատումները: Այսպես, ըստ այդ որոշման, «ներկայացված հաշվարկներով, առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման»: Բայց դրանք, բնականաբար, կրելու էին ժամանակավոր բնույթ, որից հետո անջատումներն ավելի էին պակասելու, քան մինչև այդ գումարի ներդրումը: Եվ երկրորդ, խնդիրներ էին առաջանալու էներգեհամակարգի անվտանգության (՞՞՞), հուսալիության (՞՞՞) ու ընկերության ֆինանսական կայունության (՞՞՞) համար։ Վերջին երեք զավեշտներից ամենազավեշտալին երրորդն է. 3,2 միլիարդ դոլարի հարստություն ունեցող սեփականատիրոջ դեպքում ընկերության ֆինանսական կայունությունը կտուժեր ընդամենը լրացուցիչ 16 միլիոն դոլարի ավելացման պարագայում:

Ի դեպ, ՀԷՑ-ի առումով այս հարցին անդրադարձած լրատվամիջոցները վերջում բարձրացրել են հռետորական մի հարց, թե ո՞րն է հանձնաժողովի շահագրգռվածությունը։ Քանի որ սկզբնական շրջանում ես էլ չունեի պատասխան՝ այս հոդվածը գրելն անընդհատ հետաձգում էի: Եվ քանի որ այն գրվել է՝ ներկայացնեմ պատասխանի իմ վարկածը: ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի ձեռքից խլելուց հետո այն, բնականաբար, դրվելու է սեփականաշնորհման, քանի որ տնտեսության առումով «ազատական» Նիկոլը կդավաճանի իր չունեցած սկզբունքներին, եթե այն մնա պետական սեփականություն: Ուրեմն, ՓԲԸ-ն պետք է օտարվի:

Բայց քանի որ այն գործարարի ձեռքից խլելն այնքան արագ է կատարվում, որ նորմալ ու լուրջ պոտենցիալ սեփականատեր չեն կարողանում գտնել: Ու այդ պատճառով էլ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը երևի որոշել է ընկերությունը նաղդել «սեփական» օլիգարխներից որևէ մեկին: Հենց նաղդել, քանի որ ՀԷՑ շահագործելը խանութ կամ կազինո պահել չէ: Ու որպեսզի խնդիր չառաջա լրացուցիչ 16 միլիոնի առումով, ինչը լուրջ գումար է հայաստանյան մասշտաբով, որոշել է մերժել դիմումը: Իսկ եթե չհաջողվի արագ այն օտարելը, ապա այդ գումարը ստիպված չի լինելու ներդնել կառավարությունը: Մի խոսքով, երկու դեպքում էլ հանձնաժողովը գործում էր ոչ թե շարքային սպառողների շահերից ելնելով, ինչպես ներկայացվել է, այլ վերևից՝ «մեծարգոյի» կողմից իջեցված անօրինական և չկշռադատված ու չհաշվարկված հրահանգի հիման վրա:

ՀԳ. Ֆրանսիացիների ձեռքում գտնվող՝ Երևանի ջրամատակարարման «Վեոլա ջուր» ընկերությունն ամռվա ամիսներին աշխատում է ոչ թե 24 ժամ գրաֆիկով, ինչպես նախատեսված է համապատասխան պայմանագրով, այլ դրա անկանոն ընդհատումներով: Ոնց հասկանում եմ, դրա պատճառը երևի այն է, որ ընկերությունը յուրաքանչյուր ամառ լուրջ ներդրումներ է անում: Ու հենց դրա հետևանքով առաջանում են ջրանջատումներ: Որովհետև, ըստ հանձնաժողովի տրամաբանության, եթե ներդրումներ չաներ, ապա ջրանջատումներ էլ չէին լինի: