Երբ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը շրջանառության դրեց «Սյունիքի ճանապարհը արտապատվիրակել» ձևակերպումը, առաջին գործը եղավ նայել «Արդի հայերենի բացատրական բառարանը», որ գրեթե կեսդարյա վաղեմության հրատարակություն է և, բնականաբար, նման նորամուծություն չունի:
Հետո ծանոթացա փոխարտգործնախարարի կենսագրությանը և իմացա, որ Բրյուսովի անվան համալսարանի անգլերեն լեզվի և քաղաքագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, իսկ երբ հարցրի աղջկաս, ով նույնպես անգլերեն լեզվի մասնագետ է, ասաց, որ Մնացական Սաֆարյանը, հավանաբար, «outsoursing» բառն է յուրովի թարգմանել:
Քանի որ ինքս անգլերենին չեմ տիրապետում, իսկ այդ բառն էլ միջազգային է, ստիպված էի դիմել ռուսերենի օգնությանը: Եվ այսպես՝ «աութսորս» բառը նշանակում է «ընկերության գործառույթների կամ բիզնես գործընթացի փոխանցում կողմնակի կազմակերպության, որ մասնագիտացած է տվյալ բնագավառում»:
Այս տրամաբանությամբ՝ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը պետք է ասեր, որ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և լիարժեք վերահսկողության սկզբունքները համաձայնեցնելու դեպքում Սյունիքի ճանապարհով ուղևորա-բեռնափոխադրումների բացառապես տեխնիկական կառավարումը կարող է պատվիրակվել մասնագիտացված ընկերության:
Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարընթերցման, երկակի մեկնաբանության տեղ չթողնող ձևակերպումներով ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները, մյուս բոլոր ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության ներքո, իսկ շահագործման և կառավարման առումով կարող են լինել ճկուն կարգավորումներ:
Վարչապետն ասաց ամենակարևորը. «Միջանցք բառից չպետք է տեսարաններ ստեղծել»,- և հատկանշեց, որ կառուցվող Իրան-Վրաստան ավտոմայրուղին պաշտոնապես կոչվում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք»: Ի դեպ, նույն անվանումն ունի նաև Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ծրագրվող հաղորդուղին»:
Այսպես, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց Սյունիքի հարավի հաղորդուղու կամ «Մեղրիի անցումի» հարցում առկա է շատ էական մի նրբություն, ինչի մասին երեք տասնյակ լրագրողներից ոչ մեկը Հայաստանի վարչապետին հարց, ցավոք, չուղղեց:
Բանն այն է, որ մինչև բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը պնդում էր, որ «Ադրբեջանից-Ադրբեջան ուղեւորների և բեռների տեղաշարժը չի կարող ստուգման ենթարկվել»:
Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության գագաթաժողովում Հայաստանի վարչապետի հետ Իլհամ Ալիևի «ոտքի վրա» հանդիպումից հետո արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Հաջիևն ասել է, որ «ուրախ կլիներ Ադրբեջանի տարածքում ավելի շատ տրանսպորտային միջանցքներ տեսնել» և ավելացրել, որ Բաքուն դեմ չէ, որ Հայաստանում «Զանգեզուրի միջանցք» չասեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ հինգ ժամ տևած բանակցություններից մոտ մեկ շաբաթ, Բրյուսել և Փարիզ աշխատանքային այցից երկու օր հետո:
Մեծ տեղեկացվածություն և բացառիկ ինտուիցիա պետք չէ, հասկանալու համար, որ նա Եվրոպայի խորհրդի, Եվրահնաձնաժողովի և Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է Ալիևի հետ բանակցությունների, այսպես ասենք՝ «արդյունքների աշխատանքային սևագիրը»:
«Միջանցք բառից տեսարաններ չստեղծելու» մասին նրա հորդորը կարելի է ընդունել որպես եվրոպացի գործընկերների կողմից իրեն արված «առաջարկության» փոխանցում Հայաստանի հանրությանը: Մնում է գլխավոր հարցը. «Իլհամ Ալիևն ընդունե՞լ է, որ Բաքու-Նախիջևան հաղորդակցությունը ոչ թե Ադրբեջանից՝ Ադրբեջան, այլ Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանի մի մասից մյուսն անցում է»:
Ավելի պարզ ասած. Մեղրիի «անցումի» արևելյան և արևմտյան մեկնակետերում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և Զինանշանի ներքո սահմանային և մաքսային անցակետեր հաստատվելո՞ւ են, ռեժիմը կարագավորվելու է ՀՀ օրենսդրությա՞մբ:
Բաց մի թողեք
Թրամփը նորություններ ունի Հարավային Կովկասի համար, ինչ սպասել
Երկրի ներսում դիմադրության օջախները չեզոքացնելու՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը պարզ է
Օկուպացված Արցախն այրվում է Ադրբեջան – Ալիևի ոտքերի տակ