27/07/2025

Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, բայց Բաքվից որևէ արձագանք չի հրապարակվել

Սիրիայի հարավի Սուեդիա հիմնականում դրուզաբնակ քաղաքից տագնապալի լուրերի հոսքը շարունակվում է: SuryaTV պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ կառավարությունը Սուեդիա նահանգում և համանուն քաղաքում «անժամկետ արտակարգ դրություն է հայտարարել»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «անվտանգության ուժերը ձեռնամուխ են եղել զինված խմբավորումների վնասազերծման գործողության իրականացմանը»:

Արաբական աղբյուրները հայտնում են, որ Սուեդիա քաղաքի «դրուզաբնակ թաղամասերը շրջափակված են»: Սիրիան փաստացի բանակ և անվտանգության ուժեր չունի, Սուեդիայի դրուզների «ապստամբությունը» ճնշելու համար ալ-Շարաայի կառավարությունը գործի է դրել այն խմբավորումներին, որոնց ռազմական օգնությամբ տապալել է Բաշար Ասադին:

Այդ ուժերը փաստացի գտնվում են թուրքական զինված ուժերի «պաշտոնաթող սպաների» հրամանատարության տակ և հակամարտության մեջ, ինչպես երևում է մամուլի հաղորդագրություններից, աջակցում են սուննիադավան բեդվիններին:

Իսրայելական մամուլը հայտնում է, որ հուլիսի 15-ին վարչապետ Նաթանյահուն Սուեդիայում իրավիճակի սրացման հարցով «արտահերթ հանդիպում է ունեցել» պաշտպանության նախարար Կացի հետ, որից հետո հայտարարել է, որ բանակն ստացել է սիրիական ուժերին «թիրախային հարվածներ հասցնելու հրաման»:

Ynet-ի ռազմական հարցերով մեկնաբանը վստահեցնում է, որ Իսրայելը սիրիական ուժերին հարվածներ հասցնում է երեկվանից՝ հուլիսի 14-ից: Ընդսմին, թիրախավորվում է ոչ միայն զրահատեխնիական և հրետանին, այլև Սուեդիա մուտքի գլխավոր ճանապարհը:

Ականատեսները հայտնել են, որ Սուեդիա քաղաքում իսրայելական հրետանին «վիրաբուժական ճշգրտությամբ թիրախավորում է սիրիական անվտանգության ուժերի բոլոր հենակետերը»:

Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ «քաղաքացիական պատերազմ հրահրելու որոշ ուժերի յոթամսյա ջանքերը դատապարտված են ձախողման, թեև կայուն տպավորություն կա, որ նրանք սպասարկում են արտաքին հայտնի ուժերի օրակարգը»:

Ակնարկն, ամենայն հավանականությամբ, հասցեագրված է Իսրայելին: Նաթանյահուն վերահաստատել է, որ հանձնառու է դրուզների անվտանգության և իրավունքների անվերապահ պաշտպանությանը: Դա նշանակում է, որ Իսրայելը մտադիր չէ հեռանալ Սիրիայի հարավային շրջաններից:

Սիրիայի հարավում դրուզա-բեդվինական ընդհարումներն սկսվել են անցումային շրջանի նախագահ ալ-Շարաայ Բաքու այցի հաջորդ օրը: Այդ ընթացքում կողմերը սիրալիրություններ և միմյանց շահերին հավատարմության երդումներ են տվել:

Արտառոց է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, բայց Բաքվից որևէ արձագանք չի հրապարակվել:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելը դեմ է Մերձավոր Արևելքի «թուրքական աշխարհագրությանն» Ադրբեջանի ներգրավվելու հեռանկարին: Ավելի քան երեսուն տարի Իսրայելը բոլոր առումներով Ադրբեջանի հուսալի դաշնակիցն է և, բնականաբար, այդ երկրի ապագան տեսնում է «Աբրահամի ուխտի» տիրույթում, որպես ԱՄՆ հովանու ներքո իսրայելա-արաբական «պատմական հաշտության» մասնակիցներից մեկի:

Ալիևն, այսպիսով, հայտնվել է Թուրքիայի կողմից առաջ մղվող՝ թուրք-քուրդ-արաբական միասնության և իսրայելա-արաբական հաշտության միջև ընտրության առջեւ: Սիրիայի հարավում ռազմական գործողություններին միջամտելով՝ Իսրայելը պարզորոշ հասկացնում է, որ այդ գոտում թուրքական ներկայություն չի կարող լինել, չպետք է լինի: Փաստացի դա նաև ալ-Շարաա-Ալիևի «եղբայրության մահախոսականն» է:

Ալիևը չի կարող շրջանցել Իսրայելի «արգելքը»: Բացառված չէ, իհարկե, որ ԱՄՆ-ը փորձի հաշտեցնել Էրդողանին և Նաթանյահուին, բայց՝ ինչպե՞ս, ի՞նչ ընդհանուր շահի հիմքով: Բայց անգամ եթե դա Թրամփին հաջողվի, միևնույն է՝ Ալիևը կորցնում է«որոշիչ խաղացող» դառնալու ևս մեկ շանս: Այդ դեպքում նա դեպի Մոսկվա շրջադարձ կանի՞:

Ամենայն հավանականությամբ՝ ոչ. մայիսի 28-ին Էրդողանն Ադրբեջանը կոչել է «Թուրքիայի երկրամաս»: Իսկ «երկրամասն» ինքնիշխան կառավարիչ չի ունենում: