27/07/2025

Թուրքմենբաշին Ալիևի «ոտքն է գնացել» Պուտինի «խնդրանքով», որ հաշտվեն

Թուրքմենստանի «Խալկ մասլահաթիի/ Ազգային համախոհության» նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ժամանել է Բաքու, որտեղ արարողակարգային սիրալիրություններ փոխանակելուց հետո տեղի է ունեցել նրա դեմ առ դեմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ավելի քան երկու տասնամյակ հանդիսացել է Թուրքմենստանի նախագահը, ֆորմալ իշխանությունը որդուն փոխանցելուց հետո շարունակում է մնալ երկրի փաստացի առաջնորդը և առնվազն ԱՊՀ տարածքում նրան այդպես էլ ընդունում են:

Թուրքմենբաշին Ադրբեջան է այցելում օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովից հետո, որին Թուրքմենստանը մասնակցել է առաջին փոխվարչապետի մակարդակով՝ ի տարբերություն Ուզբեկստանի և Ղրղզստանի: Թուրքմենստանը նաև Թուրքական պետությունների կազմակերպության ձևաչափում է հեռավորություն պահում՝ շարունակելով մնալ դիտորդ անդամ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Թուրքմենստանի հարաբերություններին, ապա դրանք անկախությունից ի վեր բարդ են: Ավելի քան երկու տասնամյակ կողմերը սուր հակասություններ են ունեցել Կասպից ծովի սահմանային հատվածում գազի հանքավայրի պատկանելիության շուրջ:

Ի վերջո, Բաքուն և Աշգաբադը համաձայնել են համատեղ շահագործման հարցում, հանքավայրն անվանել «Դոստլուկ/ Բարեկամություն», բայց գործնականում որևէ առաջընթացի դեռևս չեն հասել:

Անցյալ տարի Թուրքմենստանը դադարեցրել է սվոփ եղանակով Ադրբեջանին տարեկան երկու միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումը: Ֆորմալ պատճառ է հանդիսացել Ադրբեջանի կողմից հազար խորանարդ մետրի դիմաց առաջարկված ցածր գինը:

Փորձագետները, սակայն, հակված էին ենթադրելու, որ Թուրքմենստանը սեփական գազը Եվրոպա արտահանելու ուղիներ է որոնում: Անգամ տեղեկություն է տարածվել, որ այդ նախագիծն իրականացնելու թուրքմենա-իրանա-թուրքական համաձայնություն կա:

Թուրքմենբաշիի Բաքու այցը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանի շրջանցմամբ սեփական էներգակիրները եվրոպական սպառողներին հասցնելու թուրքմենական նախագծի իրականացումը կամ ձախողված է, կամ տեւական ժամանակով առկախված՝ կապված Իրանի շուրջ իրավիճակի անորոշության հետ:

Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն են հայտնել, որ Բաքուն Աշգաբադին առաջարկում է «Դոստլուկ» հանքավայրից արդյունահանված գազը մատակարարել «Սանգաչալ» թերմինալին և միանալ «Հարավային գազային միջանցքին», որ Բաքու-Էրզրում գազատարի եվրոպական անվանումն է:

Ըստ երևույթին, ստեղծված իրավիճակն ստիպել է, որ Թուրքմենբաշին այդ չափազանց դելիկատ հարցը քննարկի անձամբ Իլհամ Ալիևի հետ: Բանն այն է, որ «Դոստլուկ» հանքավայրից մինչև «Սանգաչալ» թերմինալ պետք է կառուցվի ստորջրկա գազախողովակաշար:

Իսկ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրով նման էկոլոգիապես վտանգավոր ծրագրին պետք է հավանություն տան մերձկասպյան բոլոր հինգ երկրները:

Առկա է նաև լրացուցիչ խոչընդոտ. 2022 թվականի փետրվարի 22-ի ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրով Իլհամ Ալիևը պարտավորված է էներգետիկ ծրագրերը համաձայնեցնել Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքմենբաշին Բաքու է այցելել միայն գազի արտահանման հարցով բանակցությունների՞ համար: Նման ամբիցիոզ գործչի պարագայում դա նվազ հավանական է թվում:

Բացառված չէ, որ նա Ալիևի «ոտքն է գնացել» Վլադիմիր Պուտինի «խնդրանքով»՝ որպես ռուս-ադրբեջանական հարաբերությունների «ռեսթարթի» միջնորդ: Ի՞նչ կտա այդ առաքելությունը, երևի հնարավոր կլինի գոնե կռահել առաջիկա զարգացումներից: