27/07/2025

Սաղմոսն ու սուտը

6-7 տարվա ընթացքում մեզ շատ բաների հետ հաշտեցրին, որոնց հետ անհաշտ էինք առաջ: Խոսքը ոչ թե պարտության ու կորուստների, մեր ինքնիշխանության ու արժանապատվության խայտառակ անկման հետ հաշտեցնելն է, այլ իշխանավորների լկտի ու տգետ խոսքի, սոփեստության, անամոթության, փաստերի խեղաթյուրման, մանիպուլյացիաների, «հաբրգածության»:

Հրապարակ թերթը գրել է․ Այս բոլորի տարրերը երեկ կարող էին ՀՀ քաղաքացիներն արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում: Ցանկացած մեկ միավոր խոսքի մեջ դժվար է այդքան էթիկայի եւ օրենքների ոտնահարումներ արձանագրել, այդքան կեղծիք ու փաստերը գլխիվայր շրջելու մանիպուլյացիաներ, ինչքան երեկ արձանագրեցինք մենք:

Մարդն իրեն դրել է օրենքից դուրս, իրեն հռչակել է բարքերի ոստիկան, հավերժ հեղափոխականի պատմուճանն է հագել, տրորել է իրավապահ համակարգը, իսկ դատարանները դարձրել է խամաճիկ եւ միաժամանակ վստահ է, որ ինքը համարյա Աստծուն կամ Աստծու որդուն հավասար մեկն է` կարող է նզովել ու ճակատագրեր որոշել, Եկեղեցին «բարեփոխել» եւ «ազատել» պղծությունից:

Եվ որպեսզի ավելի համոզիչ թվա, սաղմոս է կարդում, հավատացնում է, որ ինքը 30 տարի ամեն օր աղոթում է եւ Պահք է պահում: Լավ կլիներ, որ արար աշխարհին կրթել ու բարեփոխել փորձող այս անձն ընդամենը Սահմանադրություն կարդար եւ ճանաչեր իր լիազորությունների շրջանակը:

Ընդամենը Աստծու10 պատվիրաններն ընթերցեր եւ դրանցով առաջնորդվեր: Ասենք, օրինակ,  գիտակցեր, որ ՀՀ վարչապետի լիազորությունների մեջ չեն մտնում Եկեղեցու բարենորոգումը եւ հոգեւորականների` իրենց ուխտին հավատարիմ մնալու նկատմամբ հսկողությունը:

Եթե հավատավոր քրիստոնյա է, պետք է իմանար, որ չի կարելի պատեհ-անպատեհ՝ Աստծու անունը գործածել: Եվ չի կարելի կուռքեր պաշտել, մանավանդ` եթե այդ կուռքը վարչապետական աթոռն է: