27/07/2025

Փաշինյանն իր ասուլիսում խոսել է Ալիևի բառերով

Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսին մեծ ուշադրությամբ հետևել են նաև Ադրբեջանում: Haqqin.az-ը գրում է, որ Փաշինյանը Աբու Դաբիում Ալիևի հետ կայացած հանդիպումը դրական է գնահատել և շեշտել, որ դա առաջին անգամն էր, երբ երկու կողմերը հանդիպման ու բանակցությունների մասին նախապես են պայմանավորվել:

Կայքը նշում է, որ չնայած Փաշինյանը դրական է գնահատում բանակցությունները, սակայն դեռևս դրանց մասին տեղեկություններ չի հրապարակի:

Առանձնակի շեշտադրումով մեջբերել են Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախի ներկայացուցչությունը Երևանում Հայաստան պետության սեփականությունն է և Փաշինյանը «թույլ չի տա, որպեսզի Հայաստանի ներսում երկրորդ պետություն լինի»:

Չէին անտեսել նաև, այսպես կոչված, «Սյունիքի միջանցքում» հայ սահմանապահների կանգնելու հարցին Փաշինյանի պատասխանը, որին նա ոչ միանշանակ պատասխան է տվել և հավելել, որ այդ մասին պետք է մտածել:

Haqqin.az-ում ներկայացված բովանդակությունից հասկացվում է, որ ըստ Փաշինյանի` ամենայն հավանականությամբ այդ միջանցքում հայ սահմանապահներ չեն կանգնի:

Կայքը ցնծությամբ մեջբերել է Փաշինյանի ափսոսանքն այն մասին, որ պետք էր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչեր ոչ թե 2022 թվականին, այլ ավելի վաղ:

Փաշինյանի հակահայկական մտքերն այնքան համահունչ են Ադրբեջանի հակահայկական ու հակառուսական հռետորաբանությանը, որ ադրբեջանական կայքում Փաշինյանի ասուլիսի մասին հրապարակումները կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ դրանք ասվել է Միլի Մեջլիսի որեւէ պատվիրակի կամ Ալիևի օգնականի կողմից:

Հատուկ շեշտադրությամբ մեջբերվել են Փաշինյանի հակառուսական հայտարարությունները:

Ներկայացված է նրա խոսքը, որ ինքը դեռ 2022-ին առաջարկել էր արդբեջանցիներին օգտվել ՀՀ-ի սուվերեն տարածքի տրանսպորտային բոլոր հանգույցներից:

Ադրբեջանական Media.az կայքը Փաշինյանի հայտարարություններից առանձնացրել էր նրա «զջումը», որ ավելի շուտ պետք է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեր եւ որ ինքն ընտրում է երկարատև խաղաղությունն Ադրբեջանի հետ և հավատում է Զանգեզուրի միջանցքի՝ իր տեսլականով՝ ապագային:

Day.az-ն էլ գրում է, որ Փաշինյանը, պատասխանելով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերահսկման մասին հարցին, փաստացի հաստատել է, որ այն տրվելու է երրորդ կողմի՝ այսինքն, վերահսկողությունն իրականացնելու է ոչ հայկական կողմը, սակայն Փաշինյանն այդպես էլ չի մանրամասնել, թե այդ ընկերությունն ինչ հնարավորություններ է ունենալու և ով է այդ ընկերության գործունեությունը վերահսկելու:

Կայքը նաև անդրադարձել է «Հրապարակ»-ի գրած լուրին, որ Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի մերձավորների խնդրանքը` գրավոր դիմելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը համաձայնել էր նրան ազատելու մասին բանակցություններ վարել:

Կայքը հոդվածը վերնագրել է՝ «Пашинян послал Варданяна», և հավելել. «Փաշինյանի մերժումը աջակցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքին ցույց է տալիս մի բան՝ Ռուբիկի գործը դա Ադրբեջանի ներքին գործն է, ու պետք չի քիթը խոթել այնտեղ, որտեղ պետք չէ: Ոնց որ թե Փաշինյանը սկսում է հասկանալ, որ եթե Հայաստանն իսկապես «խաղաղություն» է ուզում, ապա նա պետք է սովորի հարգել իր հարևաններին: Տեսնենք, թե այդ ընկալումը մյուս ուղղություններով էլ կհերիքի՞»:

Եւ վերջապես. Minval.az-ը նկատում է, որ Փաշինյանն իր ասուլիսում խոսել է Ալիևի բառերով:

Կայքը հիշեցնում է, որ Փաշինյանը երկար տարիներ մերժում էր միջանցքի գաղափարը սեփական երկրում և իր քաղաքացիներին վստահեցնում էր, որ ոչ մի միջանցքի մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ հիմա կրկնում է ԱԼիևի ասածը` «չի հասկանում, թե ինչու չեն ընդունում միջանցք արտահայտությունը, չէ որ կա Հյուսիս-Հարավ միջանցքը, որի դեմ կարծես թե ոչ ոք դեմ չի արտահայտվում»: