27/07/2025

Ի՞նչ ծրագրեր ունի Բրյուսելը Բաքվի ուղղությամբ և ․․․ Ուկրաինայում

Եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ից Ուկրաինայի համար սպառազինություններ չեն գնի: Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, նախագներ Մակրոնի և Թրամփի հարաբերությունների սառնությունը գաղտնիք չէ:

Պաշտոնական Փարիզի դիրքորոշումը, հավանաբար, դրանով է պայմանավորված: Բայց Ուկրաինային ռազմական աջակցության հարցում եվրոպական երկրների, մեղմ ասած, անվճռականությունը կարող է ճակատագրական լինել:

Ռուսաստանցի փորձագետները չեն թաքցնում, որ ԱՄՆ նախագահի կողմից սահմանված հիսունօրյա «դեդլայնը» հնարավորություն է, որպեսզի այդ ընթացքում «Ուկրաինան լիովին ջախջախվի»:

Ըստ երևույթին, այդ լավատեսական տրամադրությունները որոշակի հիմքեր ունի: Ուկրաինայում «հակաֆաշիստական ընդհատակից» ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը տեղեկացրել է, որ վերջին օրերին Օդեսայի նավահանգստում «կասկածելի բեռներով նավեր են կառանվում», բացառված չէ, որ «Կիևի ռեժիմն ստանում է ծանր սպառազինություններ»:

«Եթե այդ տեղեկությունները ճշտվեն, ապա ընդհատակը կոորդինատները կտրամադրի Ռուսաստանի համապատասխան կառույցներին, որպեսզի թիրախային հարվածներով դրանք ոչնչացվեն: Զելենսկու վարչախմբի վերազինում մենք թույլ չենք տա»,- ասել է «հակաֆաշիստական ընդհատակի» աղբյուրը:

Հաշվի առնելով փաստը, որ նախօրեին Օդեսայի ուղղությամբ «ռուսական բանակի առաջխաղացման» մասին ակնարկել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը, կարելի է վստահաբար ասել, որ ՌԻԱ Նովոստիի այս նյութը մշակված է հատուկ ծառայությունների կողմից:

Պետք է, հավանաբար, սպասել, որ մոտակա օրերին Ռուսաստանը ճշգրիտ զինատեսակներից բարբարոսական հարվածների կհասցնի Օդեսայի ոչ միայն նավահանգստին, այլև այլ ենթակառուցվածքների:

Մոտ երկու շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին վստահեցրել է, որ «Օդեսայում ռուսական դեսանտ չի լինելու»: Սա նշանակում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկացված են Օդեսայի դեմ Ռուսաստանի հարձակողական ծրագրավորումներից:

Այս համատեքստում Ուկրաինային պաշտպանական նշանակության արդիական զինատեսակներ մատակարարելու հարցում եվրոպական երկրների կեցվածքից կարելի է ենթադրել, որ Հին աշխարհում ոչ ոք Ռուսաստանի հետ արմատական խզման, առավել ևս՝ առճակատման գնալու մտադրություն չունի:

Եվ առհասարակ հավաքական Արևմուտքը հաշտ է այն հեռանկարի հետ, որ Ուկրաինան 1991 թվականի սահմաններին երբեք չի վերադառնալու: Ինչի՞ է սպասում եվրաբյուրոկրատիան՝ դժվար է կանխատեսել:

Բայց ստեղծված իրավիճակը փորձություն է նաև Հայաստանի համար: Որքանո՞վ են վստահելի Եվրահանձնաժողովի խոստումները, իրավիճակի կառավարելիության հարցում իրական ի՞նչ ռեսուրսներ ունի Եվրամիությունը, որքանո՞վ է այդ կառույցը միասնական, ի՞նչ ծրագրեր ունի Բրյուսելը Բաքվի ուղղությամբ և այլն:

Այս հարցերից յուրաքանչյուրն «ընդհատակ» ունի, ենթակա է ամենալրջագույն պրոֆեսիոնալ վերլուծության: Քաղաքակրթությունը՝ քաղաքակրթություն, բայց միայն դրանով, ինչպես ռուսներն են ասում՝ «հացին կարագ չես քսի»: