Արաբական միացյալ էմիրությունների նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զաիդ ալ-Նահայանն այցելել է Թուրքիա: Այդ մասին հայտնում է «Անադոլուն»:
Ընդունելության հանդիսավոր արարողությունից հետո նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնացել է դեմ առ դեմ բանակցությունների:
Ըստ արարողակարգի, առանձնազրույցից հետո Էրդողանը և ալ-Նահայանը կգլխավորեն Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի առաջին նիստը, ապա Թուրքիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:
«Անադոլուին» հայտնի է դարձել Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստին թուրքական կողմից մասնակիցների ինքնությունը: Աչքի է ընկնում, որ արտաքին գործերի նախարար Ֆիդանը բացակայում է, նա Կիպրոսի հարցով ոչ պաշտոնական քննարկումների է մեկնում Նյու-Յորք:
Թուրքիա-ԱՄԷ ռազմավարական հարաբերությունների քննարկմանը կմասնակցեն էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների, ներքին գործերի, պաշտպանության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարները, ինչպես նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը:
Էմիրաթների նախագահը Թուրքիա է այցելում Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հինգ ժամ տևած բանակցություններից հազիվ մեկ շաբաթ անց: Այդ բանակցություններից առաջ շեյխ ալ-Նահայանը առանձին հանդիպումներ է ունեցել նախ Ադրբեջանի նախագահի, ապա՝ Հայաստանի վարչապետի հետ:
Ուշագրավ է, որ ԱՄԷ-ում հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա տարբերությամբ՝ հունիսի 19-ին և 20-ին հանդիպել են Թուրքիայի նախագահ Էրդողանին: Իսկ մինչ այդ ԱՄԷ է այցելել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Թուրքիան և ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը և Պարսից ծոցի միապետությունները, Վաշինգտոնը և Անկարան, անշուշտ, ունեն երկկողմ հարաբերությունների իրենց առաջնահերթությունները և օրակարգը, որ առաջ են մղում սեփական ազգային-պետական շահերի գերակայության սկզբունքով:
Այդ բարդ խճանկարում Հայաստան-Ադրբեջան կարգավորումը, գուցե, երկրորդական է կամ այդպես է, համենայն դեպս, ընկալվում, բայց չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ ԱՄԷ-ն Ադրբեջանում լուրջ ներդրումներ է իրականացրել, իսկ վերջերս հետաքրքրություն է դրսևորում նաև Հայաստանի նկատմամբ:
Վերջին մեկ ամսվա հայ-թուրք-ադրբեջանական «դիվանագիտական օրացույցը» վկայում է, որ շեյխ ալ-Նահայանը ներգրավված է Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցություններին: Հնարավոր է, որ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պարսից ծոցի երկրներ շրջայցով, իսկ ընդհանուր առմամբ՝ իսրայելա-արաբական «պատմական հաշտության» հասնելու նրա նախաձեռնությամբ:
Ուրվագծվում է, որ ամերիկյան այդ նպատակադրվածությունը միջնորդավորվում է Թուրքիայի և արաբական երկրների ոչ այնքան «անամպ» հարաբերություններով, և շեյխ ալ-Նահայանի Անկարա այցը նպատալուղղված է տարաձայնությունների հնարավորինս «նրբամշակմանը»:
Տպավորություն է, որ Թուրքիայի և ԱՄԷ նախագահները երկկողմ ռազմավարական համագործակցության համատեքստում պետք է որ անդրադառնան նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը:
Այլապես ինչո՞ւ հենց Աբու Դաբին է ընտրվել Փաշինյան-Ալիև առարկայական բանակցությունների հարթակ: Ընդ որում, այդ ընթացքում շոշափվել է նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հետ կապված հարցը:
Մի իրավիճակում, երբ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման վայրի ընտրությունը չափազանց խնդրահարույց է, շահագրգիռ կողմերը կարո՞ղ են համաձայնել, որ գործընթացը շարունակվի և ինչ-որ հանգրվանի հասնի նույն Աբու Դաբիում: Սա, ինչ խոսք, միանգամայն լավատեսական սցենար է:
Հայ-ադրբեջանական բանակցություններին փորձություններ դեռևս սպասում են: Բայց Թուրքիայի և Արաբական միացյալ էմիրությունների նախագահների հանդիպումը հուշում է, որ շեյխ ալ-Նահայանը կարող է «շղթա փակել»՝ ունենալով Միացյալ Նահանգների աջակցությունը:
Արժե, թերևս, նկատել, որ Ռուսաստանը նույնպես ԱՄԷ-ի և Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ առհասարակ առնվազն կառուցողական հարաբերություններ ունի:
Բաց մի թողեք
Երկրի ներսում դիմադրության օջախները չեզոքացնելու՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը պարզ է
Օկուպացված Արցախն այրվում է Ադրբեջան – Ալիևի ոտքերի տակ
Նոր լարում․ Հույն ապօրինի միգրանտներին հունական ափ են հասցրել Ադրբեջանի քաղաքացիները