27/07/2025

Դամասկոսի նախագահական նստավայրի ռմբակոծումը Նաթանյահուի կողմից Ալիևին «կարմիր քարտ է»

Դամասկոսում Սիրիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ծառայողական համալիրին Իսրայելի ՑԱՀԱԼ-ի հասցրած օդային հարվածների հետևանքով մի քանի մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ:

Այդ մասին հուլիսի 16-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով սիրիական անվտանգության համակարգում իր սեփական աղբյուրներին: Տեղական ժամանակով 15:00-ին Դամասկոսից ստացվել է ևս երեք հարվածների մասին նոր տեղեկություն:

Ըստ որոշ աղբյուրների, այս անգամ իսրայելական ուժերը հարվածել են Սիրիայի նախագահի նստավայրին, այսպես կոչված՝ «Ազգային պալատին»: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Գրեթե զուգահեռաբար՝ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը սոցիալական X հարթակում տեսանյութ տեղադրել, որ պատկերում է Սիրիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին հարվածն այն պահին, երբ SuryaTV պետական հեռուստաընկերության հաղորդավարուհին լուրերի հերթական թողարկումն էր վարում:

«Դամասկոսին զգուշացումներն ավարտվել են, եկել է ցավոտ հարվածների ժամանակը»,- տեսանյութին կից գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը: Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետի գրասենյակը տարածել է Նաթանյահուի ուղերձը, որով նա երկրի դրուզ քաղաքացիներին խնդրել է չհատել Սիրիայի հետ սահմանը, վտանգի չենթարկել իրենց կյանքը, չխոչընդոտել ՑԱՀԱԼ-ին՝ «լուծելու իր առջև դրված խնդիրները»:

Ո՞րն է այդ խնդիրը՝ Նաթանյահուն չի մանրամասնել, բայց նրա հայտարարությունը հերքում է թուրքական և Բաքվի մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր Միացյալ Նահանգների նախագահը նրանից «պահանջել է դադարեցնել Սիրիայի դեմ հարձակումները»:

Միայն փաստը, որ իսրայելական օդուժը հարվածել է Դամասկոսի նախագահական նստավայրին, թույլ է տալիս ենթադրել, որ Իսրայելը նպատակադրվել է ֆիզիկապես ոչնչացնել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաային, որի իշխանությունը պաշտոնական Թել-Ավիվն այդպես էլ չի ճանաչել:

Դամասկոսին հասցված հարվածների և առհասարակ Սիրիայում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Խստորեն դատապարտելով Սիրիային հասցված հարվածները, պաշտոնական Անկարան, այդուհանդերձ, ցուցաբերել է արտակարգ զսպվածություն՝ բավարարվելով դրանք «անհապաղ դադարեցնելու» և Սիրիայի կառավարությանը ծագած խնդիրներն «ինքնուրույն կարգավորելու հնարավորություն տալու անհրաժեշտության» կոչով:

Թուրքական կողմի այս արտառոց զգուշավորությունը, հավանաբար, պայմանավորված է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական առճակատումից խուսափելու անհրաժեշտությամբ, իսկ Բաքուն առհասարակ ոչ մի վերաբերմունք դեռեւս չի արտահայտել, թեև ընդամենը չորս օր առաջ ալ-Շարաան Իլհամ Ալիևի կողմից բավական ջերմ ընդունելության է արժանացել:

Այդ հանդիպմանն, ըստ երևույթին, Ալիևը Նաթանյահուի համար սկզնունքային նշանակության «շրջադարձ է կատարել» և ընդունել իսլամական համերաշխության կողմնորոշում: Դամասկոսի նախագահական նստավայրի ռմբակոծումն, ամենայն հավանականությամբ, Նաթանյահուի կողմից Ալիևին «կարմիր քարտ է»: