27/07/2025

Հայաստանը կարո՞ղ է հասնել աշխարհաքաղաքական ազդեցությունների ներդաշնակման

Սյունիքը այս պահին մեր ակտիվն է, որ համար գնում է աշխարհաքաղաքական պայքար,- գրում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և իրավիճակը զուգահեռում 1993 թվականի հետ, երբ Ադրբեջանը «ֆրագմենտացված էր և, փաստացի, տապալված պետություն էր, քանի որ Ադրբեջանի ակտիվների համար ընթանում էր պայքար գերտերությունների միջև»:

Լեւոն Զուրաբյանն ընդունում է, որ Ադրբեջանը «կարողացավ իր բարդագույն դիվանագիտության շնորհիվ դուրս գալ այդ իրավիճակից» և ամփոփում, որ «նույնը պետք է կարողանա անել Հայաստանը»:

Առերեւույթ այս դիտարկումը դասական-բանաձևումային է, գրեթե առարկություն չհանդուրժող, բայց խորքային երկու առումով ՝ խնդրահարույց: Առաջինն այն է, որ 1993-94 թվականներին Ադրբեջանի ակտիվների համար մրցապայքարին Հայաստանը սուբյեկտային մասնակից չէր, հայկական դիվանագիտության բոլոր ռեսուրսները ծառայեցվում էին Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար ռազմական գործողությունների միջազգայնորեն լեգիտիմացմանը, մի խնդիր, որ ամենայն հաջողությամբ լուծվել է:

Ռեսուրսների պակասության, թե այլ պատճառով,- դա պատմա-քաղաքագիտական առանձին վերլուծության նյութ է,- Հայաստանն Ադրբեջանի ակտիվների նկատմամբ որևէ հայտ չի ներկայացրել եւ օբյեկտիվորեն դուրս է մնացել 1994 թվականի սեպտեմբերին, հրադադարի հաստատումից չորս ամիս հետո, ստորագրված «դարի պայմանագրից»:

Ադրբեջանը, մինչդեռ, և 1994 թվականին, և, մանավանդ, քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանի ակտիվների համար մրցապայքարի սուբյեկտային կողմ է: 2020 թվականի նոյեմբերի 9-ին նախորդած շրջափուլում, իհարկե, այդ սուբյեկտությունը ոչ ֆորմալ կամ այնքան էլ սուբստանտիվ չէր, բայց չպետք է մոռանալ, որ արդեն 2011 թվականի Կազանի «աշխատանքային փաստաթղթում» Ադրբեջան-Նախիջևան ցամաքային անխոչընդոտ կապի ապահովման մասին դրույթ կար:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, բնականաբար, շատ ավելի կոշտ և միանգամայն առարկայական սուբյեկտի դիրքերից է հանդես գալիս: Եվ, եթե ճշմարտության դեմ չմեղանչենք, ապա կտեսնեն, որ Հայաստանի ակտիվների համար այսօր մրցակցող գերտերությունները և ռեգիոնալ տերությունները նույնն են, որոնց հետ բարդագույն դիվաագիտությամբ Ադրբեջանին հաջողվել է 1994 թվականի սեպտեմբերին կասեցնել պետականության անկումը:

Սա երկրորդ խնդրահարույց պահն է, որ թույլ չի տալիս այսօրվա Հայաստանը համեմատել ղարաբաղյան առաջին պատերազմով պետականության փլուզման եզրին կանգնած Ադրբեջանի հետ:

Մանավանդ որ թե 1994-ին, թե այսօր Հայաստանը չունի և, ամենայն հավանականությամբ, չի էլ ունենա մի դաշնակից, որ կկարողանա մեզ այնպիսի թիկունք ապահովել, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանին: Սա օբյեկտիվ իրողություն է, որովհետև, ինչպես մայիսի 28-ին Էրդողանը հրապարակայնացրեց՝ «Ադրբեջանը Թուրքիայի երկրամաս է»:

Ստացվում է, որ աշխարհաքաղաքական իմաստով Ադրբեջանի դաշնակիցները չեն փոխվել, իսկ Հայաստանի առկա կամ պոտենցիալ դաշնակիցները՝ թուլացել են կամ թույլ էին ի սկզբանե: Հակառակ դեպքում Հեյդար Ալիևը նրանց «քթի տակ» 1994 թվականի սեպտեմբերին «դարի պայմաանգիր» չէր ստորագրի, մի «բիզնես-ծրագիր», որտեղ Իրանը մասնակցություն չունի առհասարակ, Ռուսաստանը ներկա է հինգ տոկոսի բաժնետեր Վագիթ Ալեքպերովի միջոցով:

Լևոն Զուրաբյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է գերտերությունների մրցապայքարի հարթակ և սահմանում, որ Հայաստանը «պետք է զբաղվի աշխարհաքաղաքական ազդեցությունների ներդաշնակմամբ»: Լավ է ասված, գեղեցիկ է հնչում, բայց՝ ինչպե՞ս և ինչո՞վ, եթե պատերազմ շահած Հայաստանին դա չի հաջողվել :