27/07/2025

Ռուսաստանը կարող է այլ թիրախային քայլերի եւս դիմել՝ փակել ՀՀ-ի համար կարեւորագույն ուղղություններ, թանկացնել գազի գինը եւ այլն

Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, որ հաջորդ տարվա փետրվարին, ըստ ամենայնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Այդ մասին խոսեց նաեւ վերջին ասուլիսում՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ-ին անդամակցության ապասառեցում տեղի չի ունենա։

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ անցած փետրվարին էր նա հայտարարել, որ Հայաստանը սառեցնում է անդամակցությունն այդ կառույցին։ Իսկ դրանից առաջ` ամիսներ շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատում էին ՀԱՊԿ-ին` իր պարտականությունների թերացման մեջ, հայտարարում էին, որ մենք չենք կարող անդամակցել մի կառույցի, որը մեզ պատշաճ օգնություն չի ցուցաբերել, երբ վտանգված էին մեր սահմանները։

2023 թ. սեպտեմբերից էլ Հայաստանը, ըստ Փաշինյանի, դադարեցրել է ՀԱՊԿ գործընթացներին մասնակցությունը։ Իսկ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, եթե անդամ պետություններից որեւէ մեկը երկու տարի չի վճարում անդամության գումարը եւ բյուջեով նախատեսված ծախսերին չի մասնակցում, ապա քննարկում են այդ պետության՝ նշված կառույցում մնալու նպատակահարմարության հարցը։ Փաշինյանը հասկացրել է՝ հնարավոր է հենց ՀԱՊԿ-ը մեզ դուրս թողնի կառույցից, իսկ եթե ոչ` ապա մենք՝ ինքներս, կմտածենք դուրս գալու մասին։

Ի՞նչ տնտեսական հետեւանքներ կթողնի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Արդյո՞ք դա չի ենթադրում, որ Հայաստանը, դուրս գալով ՀԱՊԿ-ից, պետք է դուրս գա նաեւ ԵԱՏՄ-ից: Տնտեսական առումով ի՞նչ վտանգներով է հղի այդ պրոցեսը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ: Միքայելյանը, անդրադառնալով իշխանությունների` ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրաստակամությանը եւ դրա հնարավոր հետեւանքներին, նկատեց. «ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներն առարկայական դարձան դեռեւս 2022 թվականին:

Արդեն երեք տարի է՝ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի ինստիտուցիոնալ կյանքին: Այս գործընթացը կարող է շատ երկար ժամանակ անփոփոխ մնալ, եւ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ չլինի դե ֆակտո, սակայն դե յուրե լինի անդամ: Այս պահի դրությամբ ռուսներին այս իրավիճակը բավարարում է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալուն եւ դրա հնարավոր տնտեսական վտանգներին, ապա եթե Հայաստանը հայտարարեց, որ սկսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, ապա հաջորդիվ՝ ԵԱՏՄ-ի, Եվրասիական բանկի երկրներից միակն է լինելու Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ չէ:

Որպես կանոն, երկրներն ունեն նույն անվտանգության եւ տնտեսական միավորները, եթե դաշնակցային ցանցի մասին է խոսքը: Օրինակ` ԵՄ-ՆԱՏՕ: Ռուսական կողմը բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն փոխկապակցված են, սակայն դա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով պետք է անմիջապես նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալ:

Եթե Հայաստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը դրվեց, մենք պետք է ֆիքսենք, որ վերջին 10-12 տարվա ընթացքում կուտակել ենք 20-25 տոկոս տնտեսական աճ եւ այդ բոլոր ֆինանսական միջոցները կարող ենք կորցնել: Խոսքը 400 միլիարդ դոլարից ավելի գումարի մասին է: Եթե Ռուսաստանը տնտեսական պատերազմ սկսի Հայաստանի դեմ»:

Ի՞նչ քայլեր կարող է իրականացնել ռուսական կողմը: Օրինակ, գազի հետ կապված ի՞նչ պատժամիջոցներ կարող է կիրառել ՀՀ-ի դեմ, տնտեսագետն ասաց. «Ռուս-վրացական փորձը եկեք դիտարկենք, այն, իմ կարծիքով, Մոսկվայում էլ է դիտարկվել: Տուրիստական հոսքերի սահմանափակում` Հայաստանի տուրիստական ոլորտը զգալիորեն ռուս զբոսաշրջիկներից է կախված:

Երկրորդ հնարավոր քայլը ԵԱՏՄ-ի որոշ արտոնությունների չեղարկումն է լինելու, ինչը ենթադրում է նաեւ հայերի աշխատատեղեր Ռուսաստանի Դաշնությունում եւ հետո` դեպի Ռուսաստան առանց մաքսատուրքերի ապրանքների արտահանումն է»: Նրա խոսքով՝ այդ պարագայում հայկական կողմի համար նոր շուկա գտնելը շատ դժվար է լինելու, քանի որ բոլոր շուկաներն արդեն իսկ բաժանված են տարբեր երկրների միջեւ:

Հարցին` Հայաստանը կգնա՞ կտրուկ քայլերի, որպեսզի Ռուսաստանը լրիվ հեռացվի տարածաշրջանից, մեր զրուցակիցը շեշտեց. «Ես համոզված չեմ, որ ՀՀ իշխանությունները կգնան կտրուկ քայլերի, սակայն դրա հավանականությունը կա, հատկապես, եթե դրսից պահանջներ հնչեն: Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր այցերից հետո, հանդիպումներից հետո էապես փոխում է իր քաղաքականությունը, այսպիսով չի բացառվում, որ նա դրսի հրահանգով կարող է նաեւ արկածախնդրությունների դիմել: Ես համոզված չեմ, որ եթե Հայաստանն անգամ գրագետ ձեւով փորձի ՀԱՊԿ-ից դուրս գալ, Ռուսաստանը բարձրացնելու է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Հաճախ լսում ենք, որ ՀԱՊԿ-ն անարդյունավետ կառույց է, սակայն այն գործում է այնքանով, որքանով Հայաստանը մասնակցություն է ունենում: Եվ հետո, եթե անգամ, մեծ հաշվով, ՀԱՊԿ անդամակցությունը վնասներ չի բերում մեզ համար, անդամակցության դադարեցումը կարող է լրջագույն վնասների առջեւ կանգնեցնել մեզ: Ռուսաստանում այլ պետությունների քաղաքացիների համար օրենքներն ահագին խստացրել են: Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, այս առումով մեծ ռիսկեր են առաջանալու, ինչը մեծ տնտեսական վտանգներով է հղի: Այսպիսով Հայաստանն առաջ գնալու փոխարեն, կգնա հետ: Ռուսաստանը կարող է այլ թիրախային քայլերի եւս դիմել՝ փակել ՀՀ-ի համար կարեւորագույն ուղղություններ, թանկացնել գազի գինը եւ այլն»: