31/07/2025

Ադրբեջանին ե՞տ պահել Մերձավոր Արևելքում թուրք-քուրդ-արաբական կոնսոլիդացիայից, որ առաջ է մղում Էրդողանը

Պաղեստինյան «Հեզբալա»-ի հետ աֆիլացված լրատվամիջոցի համարում ունեցող «Ալ–Մայադին» հեռուստատեսությունը սենսացիոն տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաան հուլիսի լույս 18-ի գիշերն ընտանիքի հետ լքել է նախագահական կեցավայրը և հեռացել անհայտ ուղղությամբ:

Այս տեղեկությունը լայնորեն տարածել են իսրայելական բոլոր առաջատար լրատվամիջոցները:

Հուլիսի 17-ին «Անադոլուն» հայտնել է Թուրքիայի և Սիրիայի նախագահների միջև հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում Էրդողանն ալ-Շարաային վստահեցրել է, որ Անկարան Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջության երաշխավորն է:

Ավելի վաղ արաբական հանրապետության Sana պետական գործակալությունն Իսրայելին ուղղակի մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու և Սիրիան այդ միջոցով մասնատելու ծրագիր իրականացնելու մեջ:

Իսրայելական ynet-ի տեղեկացվածությամբ՝ Նաթանյահուն Սիրիայի հարավային Սուեդիա նահանգում լայնածավալ ռազմագործողություն իրականացնելու «հրամանը վերջին պահին առկախել է, երբ նրան զանգել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն»:

Նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն Իսրայելին մեղադրել է «Մերձավոր Արևելքում անկայունություն ստեղծելու» մեջ:

Այս ֆոնին թուրքական իշխանամետ «Հյուրիեթը» գրել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքի «քրդական ինքնավարության» առաջնորդ Մազլում Աբդին «հրաժարվում է կատարել երեք ամիս առաջ Սիրիայի նախագահ ալ-Շարաայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, և տեղի քրդական կազմավորումները չեն զինաթափվում»:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերականի մեկնաբանի տեղեկացվածությամբ՝ Սպիտակ տունը Նաթանյահուին խոստացել է «ամենամոտ ապագայում Երուսաղեմ գործուղել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆին»:

Լրատվամիջոցին կառավարությանը մոտ աղբյուրներից հայտնի է դարձել, որ վարչապետ Նաթանյահուն խնդիր է դրել «Սիրիան ազատել ալ-Շարաայի ջիհադական իշխանությունից»: Իսրայելում նույնիսկ ալ-Շարաային ֆիզիկապես ոչնչացնելու կոչ է հնչել, ընդ որում՝ ազգային անվտանգության նախարարի մակարդակով:

Նաթանյահուն, հղում անելով անցած օրերին Սուեդիայում դրուզների նկատմամբ գործադրված վայրագություններին, որ իրականացրել են ալ-Շարաայի ենթակայության ջիհադական զինված խմբավորումները, եվրոպական երկրներին կոչ է արել վերականգնել Սիրիայի դեմ պատժամիջոցները:

Իսրայելը փաստացի Սիրիայում իշխանափոխության նպատակ է առաջադրել, որին հասնելու տարբերակ է դիտարկվում Ահմադ ալ-Շարաայի ֆիզիկական ոչնչացումը: Վերջինս իշխանության է եկել Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, միջազգայնորեն ընկալվում է որպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կրեատուրա:

Փաստացի Սիրիայի ապագայի հարցում Թուրքիան և Իսրայելը չհայտարարված պատերազմի մեջ են, և նախաձեռնությունը, կարծես, անցնում է Բենիամին Նաթանյահուին:

Այդպիսով կասկածի տակ է դրվում Մերձավոր Արևելքում «պատմական հաշտության» այն ծրագիրը, որ փորձում է իրականացնել Միացյալ Նահանգները: Որքանո՞վ մերձավորարևելյան «գորգի տակ» կարող է ազդել հայ-թուրքական կարգավորմանը: Սիրիայի հարավում իրավիճակը կտրուկ լարվել է ալ-Շարաայի Բաքու այցից մեկ օր անց:

Իսրայելը փորձում է Ադրբեջանին ե՞տ պահել Մերձավոր Արևելքում թուրք-քուրդ-արաբական կոնսոլիդացիայից, որ առաջ է մղում Էրդողանը: Նպատակը Հայաստան-Ադրբեջան համաձայնության կասեցո՞ւմն է:

Ի՞նչ կոմունիկացիայի մեջ է Հայաստանն Իսրայելի հետ, առհասարակ Թել Ավիվի և Երևանի միջև ոչ հրապարակային գոնե խորհրդատվություններ իրականացվո՞ւմ են: