«Հրապարակի» զրուցակիցը Սահմանադրական իրավունք միություն` ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանն է:
– Դուք երկար տարիներ գլխավորում էիք Հայաստանի ամենաակտիվ կուսակցություններից մեկը` ՍԻՄ-ը, սակայն ինչ-ինչ հանգամանքներում կուսակցությունը վերցրին Ձեզնից, նախագահ փոխվեց, Դուք հեռացաք, եւ որոշ ժամանակ անց կուսակցությունը կորցրեց իր հասարակական դիրքը, կարեւորությունը, դարձավ շարքային մարդ-կուսակցություն ու դուրս եկավ քաղաքական ասպարեզից: Այժմ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքական թիմ ձեւավորել, կուսակցություն ստեղծել, իսկ իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում են, որ Կարապետյանը չի կարող Հայաստանում կուսակցություն ստեղծել: Նա անգամ իր վերջին ասուլիսի ժամանակ հեգնեց. «Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցնի, որ ինքը կարող է իրեն պահի նենց, ոնց որ փորձում է պահել Հայաստանում: Եթե հանկարծ իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում նման միտք ծագի, ինքը չի թողնի, որ ուրիշները մի բան անեն, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի ամենաբարձր հարկից»: Հետո հայտարարեց, որ սա խոպան չէ, որ դրսից գան եւ քաղաքականություն մտնեն: Ըստ Ձեզ` Կարապետյանը կարո՞ղ է Հայաստանի քաղաքական ուժ կայացնել եւ հաջողությունների հասնել:
– Ժամանակները փոխվում են, պայմանները, մարդիկ նույնպես փոխվում են, եւ պետք է հաշվի առնենք այդ ամենը: Եթե իմ օրինակից խոսեմ, ապա պետք է ասեմ, որ այն բացասական է: Իմ փորձը բացասական փորձ է: Եթե մարդիկ ցանկանան իմ փորձից օգտվել, ապա այդտեղ բացասականն ավելի շատ է: Եթե խիստ անձնական տպավորությունս ասեմ, ապա բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կուսակցություն հիմնադրել եւ քաղաքականությամբ զբաղվել, ես պետք է ասեմ` հեռու մնացեք քաղաքականությունից, հատկապես` կուսակցություն ստեղծելու մտքից հրաժարվեք։ Ինչո՞ւ, որովհետեւ ի վնաս կուսակցության քաղաքականության արգումենտներն ավելի շատ են…. բայց իմ հիմնական խորհուրդն այն է, որ պետք է ստեղծել կուսակցություններ, ուժեղացնել դրանք: Հայաստանում, կարծես, մարդկանց ճակատին գրված է, թե քաղաքականություն մտնելու վերջն ինչ է լինելու:
Բայց եթե կա ցանկություն՝ զարգանալու, աճելու, ապա պետք է ստեղծել կուսակցություն, այն կայունացնել եւ պրոցեսները տանել կայունության ուղղությամբ: Աշխարհում հիմնական կառավարման մեխանիզմը ժողովրդավարական մեխանիզմն է: Այսինքն` ընտրություններ, ներկայացուցչական մարմիններ, կառավարող մարմիններ եւ այլն: Նա, ով կուսակցությունների դեմ է խոսում, պետք է այլ իրատեսական առաջարկություններով հանդես գա, խոսի այն տարբերակների մասին, որոնք գործնականում հնարավոր են: Խոսքը բոլոր կառավարման ձեւերին է վերաբերում: Չերչիլն ասում է․ «Ժողովրդավարությունն ամենալավ կառավարման մեխանիզմը չէ, սակայն եղածներից ամենալավն է, որ ստեղծել է մարդկությունը»: Չերչիլի ժամանակներից անցել է բավականին շատ ժամանակ, տեխնոլոգիան եւ գիտությունը զարգացել են, սակայն քաղաքականության մեջ ամեն ինչ նույնն է մնացել: Կարելի է պնդել անգամ, որ հետընթաց է ապրել ժողովրդավարական կառավարման ձեւը: Հիմնական պատճառը ոչ թե բազմազանությունն է, այլ խնդիրն այն է, որ մարդիկ ժողովրդավարությունը ոչ թե կառավարման մեխանիզմ են ընդունում, այլ ընկալում են որպես նպատակ, որին պետք է հասնել ամեն գնով:
– Ձեր կարծիքով՝ Սամվել Կարապետյանը կարո՞ղ է հաջողություն ունենալ: Երբեմն Վրաստանի հետ են այժմյան իրադարձությունները համեմատում: Ասում են` Բիձինա Իվանիշվիլին էլ Վրաստանի քաղաքացի չէ եւ, որպես այդպիսին, ո՛չ Վրաստանի նախագահն է, ո՛չ վարչապետը, սակայն նրա կուսակցությունը` «Վրացական երազանքը», եւ նրա կադրերը երկիրը կառավարում են, Հայաստանում էլ գուցե նման պատկեր լինի….
– Կան կարծիքներ, որ Սամվել Կարապետյանը եկել է Հայաստան՝ իր ռեսուրսներով իշխանափոխության հասնելու, որ իրեն պատվիրված է դա, եւ այլն: Այդ ամենը պետք է մի կողմ թողնել: Հաղթելու է նա, ով առավել շատ կազմակերպված ռեսուրսներ է կիրառելու: Սամվել Կարապետյանին եթե անգամ լավ ճանաչեի, չէի համեմատի մեկ ուրիշի, օրինակ՝ նույն Իվանիշվիլու հետ, քանի որ ես չեմ ճանաչում նաեւ Իվանիշվիլուն:
Ես կարող եմ Սամվել Կարապետյանին համեմատել, ասենք, ինձ հետ: Ինձ մոտ ի՞նչն էր պակաս, որ ինձ թողած՝ ուրիշներին իրար հետ համեմատեմ: Ես մի մարդ եմ, որը վերջին 20 տարին ոչ միայն քաղաքականությամբ չի զբաղվել, այլեւ անգամ չի հետաքրքրվել դրանով, ոչ մի միջոցառման չեմ մասնակցել, հասարակական գործունեությամբ եւս չեմ զբաղվել:
Զուտ իմ ինժեներական գիտելիքները գործադրելով եմ քաղաքական գործունեությամբ զբաղվել: Ոչ իմ մեղքով, սակայն փաստն այն է, որ իմ կապը քաղաքականության հետ ընդհատվեց…. Ինչ եմ ուզում ասել. եթե ես խոշոր հաշվով քաղաքականությանը պատրաստ չլինելով` կարողացել եմ 20 տարի քաղաքական գործունեություն ծավալել, ապա Սամվել Կարապետյանն ինչո՞վ է ինձնից պակաս կամ ինձնից ավել, որ գոնե իմ չափ չկարողանա աշխատել: Այս պարագայում պետք չէ ո՛չ ենթադրություններ, ո՛չ էլ կանխատեսումներ անել, պետք է սպասել կոնկրետ գործողությունների:
Քաղաքականությամբ զբաղվողները պետք է նախ սպասեն, թե ինչ տեսակի գործունեություն է պատրաստվում ծավալել Սամվել Կարապետյանը, նոր միայն դրանից հետո որոշեն` օգնո՞ւմ են նրան, թե՞ խանգարում: Սամվել Կարապետյանի այսօրվա դիրքից վախեցածները եւ նախանձով լցվածները ցույց են տալիս, թե այդ մարդիկ որքան անկարող ու անգործունյա են: Սամվել Կարապետյանի հետ մեծ հույսեր կապողներն էլ, ներողություն, բայց ինքնախաբեությամբ են զբաղված, մարդը նոր հայտ է ներկայացրել…
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ