31/07/2025

Իշխանության եք ուզում բերել իշխանությա՞ն համար, թե՞ հայրենիքի համար կյանքը տալու պատրաստ անձի

Քաղաքականության մեջ, ասում են, մաքուր մարդիկ չեն լինում: Առհասարակ` մաքուր մարդու փնտրտուքը Գոդոյին սպասելուն է նման, որը երբեք չի գալու, որին երբեք չես հանդիպելու:

Հրապարակ թերթը գրել է․ Մեր հասարակության` մաքուր քաղաքական դեմք, չվարկաբեկված գործիչ, իշխանության հավակնող անբասիր թեկնածու փնտրելու, նման թեկնածուի սպասելու պահանջը շատ նման է այն աղջիկների սպասումին, որոնք սպիտակ ձիու վրա նստած ասպետին են սպասում ողջ կյանքում եւ այդպես էլ չեն ամուսնանում:

Խելամիտ ժողովուրդներն իրենց կյանքը չեն մաշում հրեշտակների, անբասիր ու չվարկաբեկված գործիչների սպասումի վրա, մանավանդ՝ կյանքը ցույց է տալիս, որ նման սպասումը երբեմն ավարտվում է 2018 թվականի իշխանափոխությամբ եւ Նիկոլ Փաշինյանի նման «ասպետի» ժամանումով:

Խելացի ժողովուրդներն իրենց համար ձեւակերպում են պահանջների հստակ ցանկ եւ որոշում, թե որն է դրանցից առաջնային, իսկ որի հարցում կարելի է կոմպրոմիսի գալ:

Այնպես, ինչպես բնակարան գնելիս երբեք չես գտնում իդեալական տարբերակ եւ ինչ-որ հարցերում զիջում ես, օրինակ` մեկը լավ տեսարանից է հրաժարվում, մյուսը` մեծ խոհանոցից, երրորդը` բաց պատշգամբից:

Հիմա դուք պետք է որոշեք` ո՞րն է կարեւոր. որ թեկնածուն նախկինների հետ որեւէ առնչություն չունենա՞, թե՞ անցյալում բարձր պաշտոն զբաղեցրած լինի եւ կառավարման փորձ ունենա, կայացած բիզնեսմե՞ն լինի, որը պետական բյուջեից փող չի աշխատի, թե՞ խելացի անձ` լավ կրթություն ստացած, բայց 3 սենյականոցում 5 հոգով ապրող:

Պետք է կողմնորոշվեք` իշխանության եք ուզում բերել իշխանությա՞ն համար, թե՞ հայրենիքի համար կյանքը տալու պատրաստ անձի:

Եվ, առհասարակ, ցանկացած մեկին պիտակներ կպցնելուց առաջ գուցե արժի շանս տալ, լսել, ուսումնասիրել մարդուն, հետո նոր որոշումներ կայացնել: