16/10/2025

Մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Սամվել Կարապետյանի կարգավիճակում. Հրայր Հակոբյան

Իշխանական ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մասնակից՝ Շամպայն գինիների գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանը զարմացած է՝ ինչպե՞ս կարելի էր Սամվել Կարապետյանի հետ այդպես վարվել, ի՞նչ հանցանք էր կատարել, որ կալանավորեցին։

Նա նկատում է՝ գործարար համայնքը մտահոգված է ստեղծված իրավիճակով։

– Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է գնալ Վեհարան՝ Վեհափառին հեռացնելու, ինչպես Սերժ Սարգսյանին հեռացրեց 2018-ին։ Ի՞նչ դիրքորոշում ունեք։

– Ես նման բաները կոմենտարիա չեմ անում մենակ մի բանի համար, որովհետեւ չեմ ուզում խորանալ: Եթե խորացար, պիտի հա խորանաս։ Ես՝ որպես գործարար, որպես մարդ, որ աշխատել է բոլոր ղեկավարների հետ, կարող էի մտնել քաղաքականություն, բայց չեմ մտել միայն մի բանի համար, որովհետեւ ընկերներն իրար դուշման են դարձել։ Ես մի բան գիտեմ՝ մենք քրիստոնյա ենք եւ պիտի պաշտենք մեր հավատքը։ Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի․ ես՝ բիզնեսով, վարչապետը` վարչապետությամբ, եկեղեցականը` եկեղեցիով։

– ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, հավանաբար, տեղյակ եք։ Գործարար համայնքն ի՞նչ մտահոգություն ունի՝ այն ազգայնացնելու գործընթացի հետ կապված։ 

– Մենք շատ ենք մտահոգված։ Գործարարի ստեղծածն իր սեփականությունն է։ Ինքը պիտի այնպիսի բան արած լիներ, որ այսպիսի գործընթաց սկսեին։ Ես ծանոթ եմ Սամվել Կարապետյանին, իր անցած ճանապարհը գիտեմ, կարծում եմ, որ թյուրիմացություն է եղել, լավ կլիներ, որ սա շտկվեր։

– Իսկ կալանավորման վերաբերյալ ի՞նչ կասեք։

– Անմտություն է, ո՞նց կարելի է մարդուն կալանավորել, եթե չկա հանցագործություն։

– Մտահոգություն չունե՞ք, որպես բիզնեսմեն։

– Իհարկե, ունեմ, մի օր էլ ինձ կկալանավորեն։ Իմ ու Սամվելի տարբերությունն այն  է, որ ես իմ անցած ճանապարհի կեսը Հայաստանում եմ ստեղծել, դարձել եմ բիզնեսմեն, իսկ Սամվելի բիզնեսի մի տոկոսն է Հայաստանում։ Այսօր մեծ է հավանականությունը, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Սամվելի կարգավիճակում։

– Իսկ պայքարելու ցանկություն չկա՞։

– Պայքարում ենք՝ ամեն մարդ՝ իր ձեւով։ Բավականին հետաքրքիր կարգախոս են վերցրել՝ «մեր ձեւով», ամեն մարդ իր ձեւով է պայքարելու։

– Սամվել Կարապետյանը քաղաքական թիմ ձեւավորելու մասին հայտարարություն է արել։

– Շատ լավ է արել, ողջունում եմ։

– Կարծում եք՝ հաջողության կհասնի՞։

– Ինչո՞ւ ոչ, եթե մարդը ռուսական դաժան շուկայում կարողացել է դառնալ առաջին 10 բիզնեսմեններից մեկը, ի՞նչ խնդիր ունի, որ այստեղ հաջողության չհասնի։ Ես իրեն շատ մոտիկից չեմ ճանաչում, իր պոտենցիալը չեմ կարող գնահատել, բայց այնպես չէ, որ նոր է եկել Հայաստան, ուզում է հայերին օգնել։ Ես տեսել եմ նրա անցած ճանապարհը, իսկապես՝ չի եղել, որ մենք նեղն ընկնենք, նա կանգնած չլինի մեր կողքին։ Ես ողջունում եմ իրեն, որ ուզում է պայքարել։

– Փաշինյանն ասել է, որ ինքն է գլխավորելու Եկեղեցու դեմ արշավն ու «արշավախումբը», Դուք ո՞ր թեւում եք լինելու՝ եկեղեցականների՞, թե՞ ՔՊ-ականների։

– Ես հավատացյալ եմ, այն ընդհարումները, որ եղել են, բիզնեսմեններին պետք չէ դրա մեջ ներքաշել, դուք ուզում եք ինձ հիմա բրթեք, տանեք գցեք ցեխի մեջ։ Ինձ պետք չէ ցեխի մեջ գցել։ Ես արդեն ասել եմ՝ աշխատել եմ բոլոր ղեկավարների հետ։ Այսօրվա ղեկավարը փորձում է ժողովրդի մեջ սեր եւ հարգանք ստեղծել, առանց նայելու՝ ճի՞շտ է անում, թե՞ սխալ, իսկ մյուսներն էլ ուզում են օգնեն։ Ես կանեմ իմ ձեւով, կգնամ եկեղեցի, կգնամ շարժման հետ, բոլորը կանեմ իմ ձեւով։