Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «թշնամական» է բնորոշել ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար Քրիստոֆեր Դոնահյուի հայտարարությունը Կալինինգրադի մասին, ըստ որի՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքն արդեն ծրագրավորել է Կալինինգրադի մարզում Ռուսաստանի ռազմական ներուժի օպերատիվ ճնշումը:
Ահա ևս մեկ ագրեսիվ թշնամական հայտարարություն, որ մենք հաճախ ենք լսում եվրոպական երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներից, ասել է Պուտինի մամուլի քարտուղարը և ավելացրել, որ այդ ամենը Ռուսաստանին հարկադրում է իր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել:
Այս տեղեկությունը փոխանցելով՝ ՌԻԱ-Նովոստին նաև հայտնում է, որ նախօրեին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նորանշանակ հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսիս Գրինկևիչը հայտարարել է, որ «Ռուսաստանի հետ Դաշինքի պատերազմը կարող է սկսվել 2027 թվականին»: Նա, ինչպես և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն այդ հավանականությունը կապում է Թայվանի դեմ Չինաստանի հարձակման մտադրությամբ:
Ռյուտեն ավելի վաղ պարզորոշ ասել է, որ Թայվանի դեմ հարձակումից առաջ Սի Ծինփինը կզանգի Վլադիմիր Պուտինին և կխնդրի, որ Ռուսաստանը շեղի ՆԱՏՕ-ի ուշադրությունը: Ամիսներ առաջ Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար Ռոգոզինը հրապարակային կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է Կալինինգրադի հետ ուղղակի և «չմիջնորդավորված միջանցք բացի»:
Ըստ Ռոգոզինի, ՆԱՏՕ-ն «երբեք չի կորցրել Կալինգրադից Ռուսաստանին դուրս մղելու ռազմավարական ծրագրի հետաքրքրությունը», ուստի Մոսկվան «հարկադրված է կանխարգելիչ քայլերի դիմել»: Փաստը, որ ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարը խոսել է Կալինգրադում Ռուսաստանի ռազմական ներուժի օպերատիվ ճնշման ծրագրի մասին, վկայում է, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքում տեղյակ են հրապարակման ոչ ենթակա տեղեկությունների:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից Եվրոպայում բոլորն են անհանգստացած, բայց Մերձբալթիկայի երեք պետությունները պարզապես խուճապի մեջ են: Կհարձակվի՞ Չինաստանը Թայվանի դեմ, թե՞ Միացյալ Նահանգների հետ կհանգի ինչ-որ պայմանավորվածությունների, Մերձբալթիկայի նկատմամբ Ռուսաստանի հավակնությունները դրանից չեն փոխվի գոնե Պուտինի իշխանության օրոք:
Հարցն այն է, թե Կալինինգրադում Ռուսաստանի ներուժի օպերատիվ ճնշման ծրագիրն իրականության մեջ գոյություն ունի՞, թե ՆԱՏՕ-ն պարզապես քարոզչական հնարք է գործադրում: Ամենաուշագրավն այստեղ Պուտինի մամուլի քարտուղարի արձագանքի այն նրբերանգ է, որով նա Ռուսաստանի դեմ թշնամական քարոզչությունը հասցեագրում է միայն եվրոպական երկրներին: Մոսկվան Վաշինգտոնի հետ գլոբա-աշխարհաքաղաքական գործարքի հույս դեռ ունի՞:
Բաց մի թողեք
Ով ով է և ինչպես
Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կընթանան Իսրայելում և Իրանում
ԱՄՆ նախագահը փորձում է նեղը գցել ռուսաստանցի պաշտոնակցին