Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ ցուցաբերել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ զրուցակիցները քննարկել են գլոբալ, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, Թուրքիայի նախագահն ասել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային և քաղաքական ամբողջականությունը պահպանվի:
Turkiye պարբերականի բնութագրմամբ՝ Թուրքիայի նախագահը Պուտինի հետ կրիտիկական հեռախոսազրույց է ունեցել, օրակարգի գլխավոր կետը Սիրիան է: Ըստ այդմ՝ Էրդողանը հայտարարել է, որ խիստ անհրաժեշտություն է, որպեսզի Իսրայելը չխախտի Սիրիայի ինքնիշխանությունը: Նա Սիրիայի հարավում վերսկսված բախումները որակել է ամբողջ տարածաշրջանի համար սպառնալիք:
Իսրայելական աղբյուրները տեղեկացնում են, որ Սուեդիայում հաստատված հրադադարը «մեկ օր իսկ չի պահպանվել», բախումները, որ ավելի քան երեք հարյուր հիսուն մարդու կյանք են խլել, վերսկսվել են: Դրուզական համայնքն, ընդ որում, մարտնչում է երկու՝ սուննի բեդվինների և ջիհադական թուրքմենների դեմ ճակատով:
Թեև պաշտոնական հաստատում չկա, բայց տեղական դիտորդները վկայում են, որ իսրայելական օդուժը և հրետանին շարունակում է թիրախային հարվածներ հասցնել թուրքմենական խմբավորումներին, որ պաշտոնապես հանդես են գալիս որպես «Սիրիայի ազգային անվտանգության ուժեր»:
Իրականում նրանք Թուրքիայի աջակցությամբ տարիներ շարունակ Սիրիայի հյուսիսային շրջաններում վարժեցված զինված խմբավորումներ են, որ ծայրահեղ իսլամականություն են դավանում և դրուզներին համարում են «ոչնչացման ենթակա անհավատներ»:
Բաքվի իշխանական լրատվամիջոցի մերձավարևելյան հարցերով մեկնաբանն արձանագրել է, որ «Սիրիան խրվել է ճգնաժամի մեջ, ալ-Շարաան կորցրել է վերահսկողությունը»:
Եթե համադրենք առկա ոչ լիարժեք տեղեկատվությունը և այն, որ Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կարևոր է, որ Իսրայելը «չպետք է խախտի Սիրիայի ինքնիշխանությունը», ապա կարելի է վստահության զգալի չափաբաժնով եզրակացնել, որ այդ հարցում նա Ռուսաստանի առաջնորդից օգնություն է խնդրել:
Վլադիմիր Պուտինը Սիրիայի նոր իշխանությունների հետ սեփական լուրջ խնդիրներն ունի՝ կապված Տարտուսի և Հմեյմիմի ռազմահենակայանների ապագայի հետ:
Այս տրամաբանությամբ՝ ալ-Շարաայի ռեժիմի անկումը, երևի, ձեռնտու է նաև Պուտինին, բայց չկա որևէ երաշխիք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի դեպքում ջիհադականները չեն գրոհի նաև Ռուսաստանի ռազմահենակայանները:
Թուրքիայի նախագահը կարող է երաշխավորել, որ թուրքմեն ջիհադականները նման քայլի չեն դիմի, եթե Պուտինն իր հերթին ալ-Շարաային քաղաքական աջակցություն ցուցաբերի և զուգահեռաբար օգտագործի Իսրայելի հետ կապերը:
Սիրիայում ալ-Շարաային ռեժիմի տապալումը Թուրքիայի համար չափազանց ծանր հարված կլինի, ինչից խուսափելու համար Էրդողանը կարող է դիմել ուղղակի ռազմական միջամտության: Բայց այդ դեպքում անխուսափելի կդառնան իսրայելա-թուրքական բախումը, որ կչեզոքացնի Մերձավոր Արևելքում ամերիկյան դիվանագիտության բոլոր ջանքերը:
Խիստ կասկածելի է թվում, թե ինչու՞ւ Սիրիայի հարավում իրավիճակը «պայթեց» ալ-Շարաայի Բաքու այցից ընդամենը հաշված ժամեր անց: Մի կողմից, կարծես, ակնհայտ դարձավ, որ Սիրիայի հետ բանակցություններում Նաթանյահուն Ալիևի միջնորդությունը չի ընդունում:
Պետք է, երևի, հաշվի առնել նաև այն, որ ալ-Շարաան Բաքու է այցելել ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին: Սիրիայում Ադրբեջանի ներգրավվածությունը Թուրքիայի նախաձեռնությունն է: Հնարավոր է՝ այդ «նոու-հաուն» հարուցել է նաև Մոսկվայի խիստ դժգոհությունը:
Այս թնջուկը լուրջ վերլուծության կարիք ունի, որովհետև եթե Պուտինը Սիրիայում «փրկի» Էրդողանին, ապա վերջինս ստիպված պիտի լինի երկու ուղղությամբ «փոխհատուցել»՝ պահպանել Ուկրաինայի հարցում չեզոքությունը և Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի հարցում հարգել Ռուսաստանի ավանդական շահերը:
Չի բացառված, որ Էրդողանը միջնորդի Պուտին-Ալիևի կարգավորմանը: Հարկ է նկատի ունենալ, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը հաջորդել է Թուրքմենստանի փաստացի առաջնորդ Գուբանգուլի Բերդիմուհամեդովի Ադրբեջան երկօրյա այցին:
Բաց մի թողեք
Հայաստանի նկատմամբ Ալիևի վերաբերմունքը պարզ է, իսկ ի՞նչ է նա առաջարկում Վրաստանին
«Շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ձգտման համար». Թրամփը կիսվել է Ալիևի ելույթի՝ իրեն ուղղված հատվածով
Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» վերածվի համաձայնության խորհրդանիշի. Էրդողան